×


«Սրտիս կպած մարդկանց էի հավաքել շուրջս»․ Ժաննա Վելիցյան

Ժաննա Վելիցյանն օրեր առաջ դարձել է 27 տարեկան։ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին մտաբերել է հիշարժան տարեդարձը, առանձնացրել մինչ այս ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները։

«Հետհայացք գցելով ու ամփոփելով անցած տարիներս՝ հասկանում եմ, թե ինչ սիրուն ու բովանդակալից կյանք եմ ապրել: Բացթողումներ եւ ձեռքբերումներ, իհարկե, ունեցել եմ եւ հիմա էլ ունեմ: Բացթողումները կարելի է շտկել եւ անցնել առաջ: Գխավոր ձեռքբերումս, կարծում եմ, այն ամենն է, ինչ ունեմ հիմա՝ ընտանիքս, մասնագիտությունս, ընկերներս»,- պատմել է Ժաննան:

Վատագույն տարեդարձ չի ունեցել.«Յուրաքանչյուր տարի նշել եմ յուրովի: Բայց կառանձնացնեմ 2020-ի մայիսի 20-ը. այդ օրը ծնվեց ամենամտերիմ ընկերուհուս դուստրը՝ Արփին: Այ, դա իսկական երջանկություն էր»,-նշել է նա։

Ժաննա Վելիցյանը


27-ամյակը մտերիմների միջավայրում է անցկացրել.«Առանձնապես սիրտ չկար որեւէ կերպ նշելու, բայց հասկացա, որ մարդ ենք ի վերջո ու այս ամբողջ թոհուբոհից հետո կարելի է գնալ մի քանի ժամ լիցքաթափվելու: Մեծ հավաքույթներ չեմ սիրում: Ամենամտերիմ ու սրտիս կպած մարդկանց էի հավաքել շուրջս»:

Երազանքների մասին նախընտրում է լռել․«Չեմ սիրում դրանք բարձրաձայնել, բայց վերջին շրջանում միակ բանը, որի մասին երազում եմ, խաղաղությունն է»:

Գարնանը տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան, որում նկարահանվել է նաեւ Ժաննա Վելիցյանը։ Խոսելով ստացած արձագանքներից՝ դերասանուհին ասել է․«Կգտնվեմ անկեղծ ու կասեմ, որ ի զարմանս ինձ՝ կերպարիս մասին, ցավոք, ոչ մի խոսք չեմ լսել: Բոլոր կարծիքները եղել են ֆիլմի մասին, մեծամասամբ՝ բացասական»:

Ժաննա Վելիցյանը


Աշխատանքային ակտիվ կյանք է վարում.«Թատրոնում, հուրախություն ինձ, ունենալով բավական մեծ զբաղվածություն՝ մոռացել եմ հեռուստանախագծերի մասին: Այս շրջանում ամենից շատ ուզում եմ բեմում լինել, թատրոնին նվիրվել  եւ լրացնել տարիների բացը: Հեռուստաէկրաններից խուսափում եմ, բայց չեմ բացառում նաեւ, որ օրերից մի օր նորից կհայտնվեմ այնտեղ»,- եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ժաննա Վելիցյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW