×


Հասմիկ Կարապետյանի մենահամերգն ու ամուսնուն վերաբերող գաղտնազերծումը՝ Ավետ Բարսեղյանից

«Մեր էստրադայի ամենատարօրինակ ու ամենագունեղ մարդը կրկին բեմում է»` այսպես Հասմիկ Կարապետյանին ներկայացրեց Ավետ Բարսեղյանը։ Երկարատեւ դադարից հետո մայիսի 29-ին երգչուհին կրկին բեմում էր եւ «Կարոտ» խորագիրը կրող երեկոյով էլ ազդարարեց վերադարձը:

Մինչ Հասմիկը բեմ կբարձրանար, BRAVO.am-ը զրուցեց նրա հետ: Այնպես էր հուզվել, կարծես առաջին անգամ էր ելույթ ունենալու։ Երգչուհին խոստովանեց, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս նույն զգացողությունն է ունենում, իսկ հիմա առավել եւս, քանի որ տեւական ժամանակ բեմում չէր եղել։

Հասմիկ Կարապետյանը


«Օրենքով չպետք է այսքան հուզվեի, միգուցե այս երկարատեւ դադարն է  պատճառը։ Այսօր նոստալգիական տրամադրություն ունեմ։ Շատ ուրախ եմ ու երջանիկ, որ ինձ ուժ տվեցին, քաջալերեցին, որ այսօրվա երեկոն կայանար։ Կարծում եմ՝ նման փոքրիկ մենահամերգները պարբերական բնույթ կկրեն, նաեւ կարող են սկիզբ դառնալ մեծ մենահամերգի։ Իմ բեմական գործունեության ընթացքում երբեւէ մեծ մենահամերգով հանդես չեմ եկել Երեւանում», - ասաց երգչուհին։

Իսկ համերգային ծրագրում ընդգրկված էին Հասմիկի հինունոր երգերը, երգեր, որոնք դարձել են երգչուհու այցեքարտը։ Բացի սեփական երգացանկից, կատարեց այլ գործեր՝  Ֆադեեւից մինչեւ Կոմիտաս։

«Չզարմանաք, նաեւ հայրենասիրական երգ եմ ընդգրկել: Առաջին անգամ այն կատարեցի Գյումրիում, հասկացա, որ այնտեղի խստապահանջ հանդիսատեսն ընդունեց, եւ որոշեցի այսուհետ ներառել իմ երգացանկում։ Այսօրվա համերգին հիմնականում կհնչեն այնպիսի երգեր, որոնք ծանոթ են հանդիսատեսին, ու իրենք ինձ հետ կարող են երգել, վայելել, այլ ոչ՝ լարվել ու հասկանալ, թե ինչ երգ է»։

Ավետ Բարսեղյանը եւ Հասմիկ Կարապետյանը


Իսկ խմբի նվագակցությունը հուշում էր, որ արդեն ժամանակն է բեմ բարձրանալու։ Եվ Հասմիկը համերգը  սկսեց «Այս բեմում» երգով։ Հաջորդ երգը՝ «Հոգիս», պարզվեց՝ շրջադարձային է եղել երգչուհու կյանքում, ինչն էլ գաղտնազերծեց Ավետ Բարսեղյանը։

«Այսօր իսկապես Հասմիկի կյանքում շատ կարեւոր օր է։ Իհարկե, ինքն իր կյանքի   ամենակարեւոր քայլն արեց՝ Շանթի հետ ընտանիք կազմելով. կորչի յուրաքանչյուր բեմ, եթե չկա ընտանիք։ Ուրախ եմ, որ իսկական, ճիշտ, տաղանդավոր դինոզավրները վերադարձել են ու սկսել են իրենց գործունեությունը։ Ես էլ, որպես հին դինոզավր, երջանիկ ու շնորհակալ եմ, որ երբեւէ իմ ճանապարհը խաչվել է  Հասմիկի հետ ու նրա համար գրել եմ երգեր։ Իսկ «Հոգիս» երգը դարձավ վճռորոշ  Հասմիկի կյանքում, քանի որ Շանթը հենց այս երգը լսեց, սիրահարվեց Հասմիկին, ու արդյունքում ստեղծվեց գեղեցիկ ընտանիք»,- ասաց Ավետ Բարսեղյանը։

Արսեն Գրիգորյանը՝ կնոջ հետ


Համերգն ընթանում էր հանդիսատեսի հետ խոսք ու զրույցով։ Հասմիկն, ինչպես միշտ, անկեղծ պատմում էր իր այս դադարի ժամանակ ունեցած ապրումների մասին։ Խոստովանեց՝ երեխաներից հետո միակ բացասական բանը, որ եղել է, պարբերաբար մոռանում է երգի բառերը։

«Ես նորից իմ տարերքում եմ ու չեմ կարող ապրել առանց բեմի, հանդիսատեսի։ Այսօր հանդիսատեսի շարքերում են իմ հարեւանները, որոնք ինձ ամեն օր տեսնում են երկու տարերքներիս՝ Տաթեւիս ու Գրիգորիս հետ, բայց այսօր ինձ տեսնելու են այլ տարերքում։ Երեխաներս այսօր դահլիճում չեն, ու ես մի քանի ժամ «հանգստանալու» եմ իմ այդ երկու տարերքներից։ Եվ իսկապես, Ավետը շատ ճիշտ նկատեց, որ տարօրինակ երգչուհի եմ եւ այդպիսին մնալու եմ»։

Համերգի ժամանակ հնչեցին զուգերգեր Արսեն Գրիգորյանի եւ ԴերՀովայի հետ: Վերջինիս հետ նոր երգի տեսահոլովակի պրեմիերան օրեր առաջ էր:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW