80 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա որդին՝ Դավիթ Գալստյանը:
BRAVO.am-ը ցավակցում է անվանի արտիստի ընտանիքին եւ հարազատներին:
Վիլեն Գալստյանը ծնվել է Երեւանում: Բալետի արտիստը բեմում էր 65 տարի: 1959թ.-ին ավարտել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանը, նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետեւ՝ 1961 թ.-ից՝ Երեւանի թատրոնում:
Վիլեն Գալստյանը
Նա առաջինն էր հայկական բալետի պատմության մեջ, որ ուսումնարանն ավարտեց արքայազն Զիգֆրիդի դերապարով՝ Չայկովսկու «Կարապի լիճ» բալետում։ Իր հարցազրույցներից մեկում Գալստյանն ասել է, որ բալետի արտիստը, եթե նա նույնիսկ լավ ֆիզիկական վիճակում է, պետք է բեմից հեռանա 40 տարեկանում։ Ժպիտով էլ հավելել է, թե աշխարհում, բացի Հայաստանից, չկա մի երկիր, որտեղ բալետի արտիստը թոշակի գնա ընդհանուր հիմունքներով՝ 63 տարեկանում:
Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաեւ Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) եւ այլն: Ժամանակին եղել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երեւանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979 թ.-ից, 5 տարի եղել է Երեւանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաեւ 1972-75 թթ. եւ 1977-79 թթ.: 2014 թ.-ից դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրեւ գլխավոր բալետմայստեր:
Վիլեն Գալստյանը՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում (1969 թ.),
Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ում, Ալբերտը՝ Ադանի «Ժիզել»-ում, Արմենը՝ Խաչատրյանի «Գայանե»-ում, Կոմիտասը՝ «Անտունի»-ում, Դավիթը՝ «Սասունցի Դավիթ»-ում, Ռոմեոն՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում, հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Սակայն «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսել՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը:
BRAVO.am
Լուսանկարների աղբյուրը՝ avproduction.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: