«Ամառանոց էի գնացել ու հիմա ձեզ հյուրասիրելու եմ իմ այգու բարիքներից, որոնք ես եմ մշակել». թվում է, թե զարմանալի որեւէ բան չկա, բայց այգի մշակողը բալետի պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյան է։ Իմ զարմացած հայացքին նա պատասխանում է․«Սա դեռ ամենը չէ: Համավարակը նպաստեց, որ ինձ բացահայտեմ բոլորովին այլ կողմերով։ Այս տարի պահածոյացրել եմ թթու վարունգ, կարմիր պղպեղ, սմբուկի խավիար։ Ու քեզ պես զարմացել էին բոլորը, անգամ ես»։
Պրիմա պարուհին 2016 թվականին հրաժեշտ տվեց բեմին։ Ասում է՝ պետք է բեմից հեռանաս ճիշտ ժամանակին, որ մարդիկ քեզ կարոտով հիշեն։ Ժակլինն այսօր զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ Այժմ աշխատում է Բեյրութի Համազգային արվեստի դպրոցում՝ որպես պարախմբերի գեղարվեստական ղեկավար։ Հայաստան է վերադարձել համավարակի պատճառով։
- Զրույցը սկսենք Ձեր նոր «մասնագիտությունից»։
- Համավարակը պատճառ դարձավ, որ ես «վերադարձա» ընտանիք։ Տարիներ շարունակ առավոտյան արթնանում ես, վազում Պարարվեստի ուսումնարան, հետո՝ Օպերա, մասնավոր դասեր ու գիշերը ժամը 23:00-ից շուտ տուն չես մտնում։ Քեզ ժամանակ չի մնում կարդալու, ընտանիքի հետ շփվելու կամ այլ գործով զբաղվելու համար։ Հիմա անգամ փորձում եմ գրել։ Գրում եմ մանկությանս մասին։ Ես տատիկ- պապիկիս շուտ եմ կորցրել, բայց հիշողություններս շատ վառ են մնացել։ Իմ մանկությունը կարկանդակի համուհոտ ուներ։ Նորից սկսել եմ գործել։ Այն մութ ու խավար տարիներին ես 14 տարեկան էի ու սվիտերներ էի գործում եւ վաճառում։ Ու դրա մասին ոչ ոք չգիտեր։ Ես ինձ երբեք չեմ դրել աստղի տեղ. հասարակ մարդ եմ։ Այսօր ինձ ասում են՝ դու ինչպես կարող ես գնալ ամառանոց ու միրգ հավաքել։ Այո, ես սիրում եմ դա։ Ու ինձ ոչ մեկը չի կարող ասել, որ չպիտի անեմ։
Ժակլին Սարխոշյանը եւ Արմինե Գեւորգյանը
- Բեմը չե՞ք կարոտում, ցանկություն չկա՞ նորից բեմ բարձրանալու։
-Որքան էլ տարօրինակ թվա՝ ոչ։ Երբ Բեյրութից վերադառնում էի, գնում էի ուղիղ թատրոն, որովհետեւ Օպերան ոչ թե իմ երկրորդ, այլ առաջին տունն էր։ Հիմա եթե պրեմիերա չլինի, չեմ գնում։ Ես ինձ նախապատրաստել էի, քանի որ ստեղծվել էր մի իրավիճակ, որ ես վեց ամիս պարում էի, վեց ամիս Բեյրութում դասավանդում։ Գուցե այդ վեց ամսվա դադարն էր, որ այդքան ծանր չհեռացա բեմից։ Իհարկե, հիմա էլ կկարողանայի պարել, բայց որոշեցի՝ ճիշտ կլինի լավ վիճակում ու ճիշտ ժամանակին դուրս գալ։ Եթե մարդն ինքնաբավ է, ճիշտ ժամանակին պետք է հեռանա։ Շատ կարեւոր է, որ բարձրացածդ աստիճանը կարողանաս պահել։ Ու ես իմ այդ բարձունքի վրա հեռացա։
- Գիտեմ, որ բազմաթիվ դժվարություններով եք հասել այս ամենին։ Եղել են դեպքեր, երբ բալետի կոշիկի մեջ ասեղ եք գտել բեմ դուրս գալուց առաջ։ Արդյո՞ք դա Ձեզ չի հիասթափեցրել եւ արդյո՞ք Ձեզ զրկել եք ինչ-որ բաներից՝ բալետի արտիստ դառնալու համար։
- Երբեք չեմ հանձնվել ու ոչնչից ինձ չեմ զրկել։ Ունեցել եմ ողնաշարի, ոտքի եւ այլ վնասվածքներ։ Բժիշկներն անգամ ինձ արգելել են պարել՝ ասելով, որ հաշմանդամ եմ։ Բայց ես դահլիճից ժամերով դուրս չեմ եկել, աշխատել եմ ինձ վրա։ Կամքի ուժն ու սերը դեպի աշխատանքս հաղթահարել են ամեն բան։ Իսկ նախանձողների մասին էլ չեմ խոսում. դա ինձ ավելի է ուժեղացրել։ Երբ դուրս ես գալիս բեմ ու կարողանում ես հանդիսատեսին հուզել, նրան փոխանցել քո ապրումները, ապա կուլիսներում տեղի ունեցած ամեն վատ բան արդեն աչքիդ չի երեւում։ Ինչ վերաբերում է ինչ-որ բաներից զրկվելուն՝ ինձ միշտ ասում էին, որ բալետի պարուհին չպետք է երեխա ունենա, բայց ես ունեցա։ Ու իմ առաջին մենապարին 1,5 տարեկան աղջիկս դահլիճում նստած էր։
- Ժակլին, խոսենք Բեյրութում Ձեր գործունեությունից։ Ձեր ամուսնու՝ «Բարեկամություն» անսամբլի մենապարող Կարեն Մակինյանի հետ դասավանդում եք Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում։
- Այո, դասավանդում ենք: 30-ամյա այդ դպրոցում հիմնել ենք նաեւ բալետի դասարան։ Նույնիսկ բեմադրեցի «Շչելկունչիկը», ինչն իսկապես մեծ իրադարձություն էր։ Անշուշտ հայկական պարերը մեծ տեղ են զբաղեցնում, բայց հիմքը դասականն է եւ միայն հայկականով չենք սահմանափակվում։ Կարենի հետ մենք պարային երկար ճանապարհ ենք անցել։ Պարարվեստի ուսումնարանում սովորել ենք նույն դասարանում։ Ասեմ ավելին՝ մեր ավարտական երեկոյի պարը Դիվանյանը բեմադրել էր հենց մեզ համար, ու այն մինչեւ հիմա պարում են։ Հետո, իհարկե, կյանքը մեզ տարավ տարբեր ուղղություններով, բայց տարիներ անց բերեց ու միացրեց։ Դե՛, Կարենն այն ժամանակ ուղղակի համարձակ չէր, չնայած՝ դարձյալ ես եմ առաջարկություն արել։ Իսկ ընդհանրապես կանայք են ընտրում տղամարդկանց, բայց տղամարդիկ կարծում են, թե իրենք են ընտրում կանանց։
Ժակլին Սարխոշյանը
- Ժակլին, արվեստում շատ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները շարունակեն իրենց ուղին։ Բայց Ձեր աղջիկը չընտրեց Ձեր ուղին։ Դուք չե՞ք ցանկացել։
- Աղջիկս հինգ տարեկան էր, եւ ես նրան տարա սովորելու լատինաամերիկյան պարեր։ Մոտ 1,5 ամիս գնաց ու մի օր էլ ասաց՝ «Կա՛մ բալետ,կա՛մ քո լատինոն ինքդ պարիր»։ Ասացի՝ բալետ՝ չէ։ Ես չուզեցի, որ նա դառնա բալետի արտիստ, քանի որ շուտ կոտրվող է, շուտ հանձնվող է. իմ բնավորությունը չունի։ Զգացի, որ իրեն այս ասպարեզում կուտեն։ Տարիներ անց ասաց.«Շնորհակալություն, մեկ է, ես ինչ էլ անեի, կասեին՝ քո աղջիկն եմ»։
- Երբ առիթ եմ ունենում Ձեզ հետ զրուցելու, դերապարերից «Սպարտակը» միշտ առանձնացնում եք ու Ձեր ձայնի ելեւէջները միանգամից փոխվում են, Ձեր աչքերը սկսում են ավելի վառ փայլել։
-Դե, «Սպարտակն» իմ կարիերայի վերելքն էր։ Իհարկե, իմ ուսուցիչներն ասում էին, որ ես Ջուլիետա եմ, բայց ես այդպես չեմ համարում։ Գրեթե երեք ամիս համագործակցել ենք Յուրի Գրիգորովիչի հետ։ Դրանք անմոռանալի ամիսներ էին: Ռուսական բալետային աշխարհում էինք գտնվում, մթնոլորտը հիանալի էր: Ռուսական դպրոցը յուրահատուկ ձեռագիր ունի, նաեւ Գրիգորովիչն ինձ նմանեցնում էր իր կնոջը՝ հիանալի պարուհի Նատալյա Բեսսմերտնովային, որը Ֆրիգիայի դերն առաջին կերպավորողներից է եղել: Նա ինձ հաճախ էր ասում. «Ты-как Наташа»: Ինձ համար ամենահիշարժան պահը նաեւ այն էր, որ Գրիգորովիչը Մեծ թատրոնի թանգարանից հատուկ ինձ համար բերեց Բեսսմերտնովայի հագուստը եւ ասաց, որ դրանով եմ պարելու: Նա նման բան դեռ չէր արել: Ինձ համար մեծ պատասխանատվություն եւ պատիվ էր այդ հագուստով պարելը: Շատ հետաքրքիր էր, երբ իմ պարընկերոջը՝ Ռուբեն Մուրադյանին, բացատրում էր՝ ինչպես պահում իրականացնի: Նստում էր առջեւում եւ ասում.«Ռուբե՛ն, նայիր՝ ինչ ոտքեր են. դրանք պետք է շոյել վերից վար»: Այնուհետեւ պտտում էր ինձ ու հենում ուսին: Այդ ժամանակ ասում էի.«Ի՞նչ է, մինչեւ վերջ եք անելու պահումը»: Նա պատասխանում էր, որ ինքը հաստատ չի մեռնի՝ նման պահում կատարելով, եւ 83-ամյա բեմադրիչն ինձ վեր էր բարձրացնում: Ես «Սպարտակ» պարել եմ Ռուբենի, Սեւակի ու Տիգրանի հետ: Վերջինս եկել էր Գերմանիայից ու 4 օրում սովորեց: Բայց բոլորի հետ զգացողությունները տարբեր են լինում։ Զուգընկերոջից մեծ բան է կախված։ Կա հարմար զուգընկեր, զգացմունքային զուգընկեր։ Բայց ստացված է այն դերապարը, երբ զուգընկերդ համահունչ է քո ապրումներին։ Ես չեմ կարող դատարկ պատի հետ պարել, որն ուղղակի լավ տեխնիկա ունի։ Մեր հոգիները պետք է ներդաշնակ լինեն, լուռ խոսեն ու առանց խոսքի իրար հասկանան։ «Սպարտակ» կա, որ տաք է, ջերմ է, տղամարդ է։ Հետեւաբար, յուրաքանչյուրի հետ այլ է։
Ժակլին Սարխոշյանը
- Հիմա հետեւո՞ւմ եք Հայաստանի բալետային կյանքին։
- Այսօր ամեն ոլորտ անուշադրության է մատնված, մշակույթն՝ առավել եւս։ Մեր բալետի արտիստներին արտերկրում շատ լավ են ընդունում, բայց այստեղ անուշադրության են մատնված։ Եթե դերասանը մտածում է հացի փող հայթայթելու մասին, այլ ոչ թե արվեստի, ապա արվեստն անպայման տուժում է։ Նախկինում վերապատրաստման դասընթացների էին մեկնում մեր բոլոր արտիստները, հատկապես՝ Ռուսաստան, քանի որ ռուսական դպրոցը շատ պրոֆեսիոնալ է։ Դու պետք է արտիստին աշխատեցնես, որ չասեն՝ գեր է, պլաստիկա չունի։ Բայց այսօր շատ արտիստներ գնում են ռեստորանում են պարում, քանի որ այլ ելք չունեն։ Իհարկե, ես միշտ դեմ եմ եղել ու չեմ պարել։ Չեմ կարող պարել այն ժամանակ, երբ որեւէ մեծահարուստ կարող է նստի, ոտքը ոտքին գցի, հաց ուտի, ու դու իր համար պարես։ Եթե ուզում է քեզ տեսնել, թող գա թատրոն։ Բայց կրկնում եմ՝ ես ուրիշներին իրավունք չունեմ քննադատելու։
- Ժակլին, տեղյակ եմ, որ պարային նոր ներկայացում եք բեմադրել՝ «Պատերազմը մանուկների աչքերով»։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս թեման։ Հիմա կարծես թե բոլորը ցանկանում են այս թեմայով ներկայացումներ բեմադրել, երգեր գրել:
- Այս ներկայացման գաղափարը, բնականաբար, պատահական չի ծնվել։ 44-օրյա պատերազմի ժամանակ աղջիկս ընկերների հետ առաջին անհրաժեշտության իրերն էր հավաքում եւ ուղարկում Արցախ։ Կամ Արցախից եկած ընտանիքներին էին օգնություն ցուցաբերում։ Ու ամենաշատն ինձ վրա ազդում էին երեխաները։ Այս ներկայացումը պարզապես հարգանքի տուրք է պատերազմով անցածներին ու նահատակվածներին։ Սա պարտություն չէր, սա կորուստ էր երեխայի, ծնողի, ընկերոջ։ Ու մենք չպետք է այս ամենը մոռանանք, բայց եւ ուժ պետք է գտնեք, դուրս գանք։ Իսկ պարը մի այլ թերապիա է, որ կարող է այս իրավիճակից դուրս հանել։ Ներկայացման գաղափարով կիսվեցի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բարույեր Ջամբազյանի հետ, որը մեծ ոգեւորությամբ ընդունեց այն։ Անցանք աշխատանքի։ Նախ հայտարարեցինք քասթինգ, ինչի արդյունքում ընտրեցինք այս հիմնադրամի հոգածության տակ գտնվող ընտանիքներից տասը երեխայի, բնականաբար, նրանց նախ պետք էր ծանոթացնել պարի այբուբենին։ Հետո գումարվեցին նաեւ քոլեջի նախկին սաներս։ Ընտրվեցին 17-ը՝ 10-23 տարեկաններ։ Այս նախագծում ներառված է նաեւ կերպարվեստը, երգարվեստը, թատերարվեստը։ Իսկ փորձերը տեւել են շուրջ վեց ամիս։ Ներկայացման սցենարի հեղինակն Արմինե Բոյաջյան է։
- Ժակլին, այսօր Ձեր գործունեությունը մեծ հաշվով կապված է երեխաների ու պատանիների մշակութային դաստիարակության, կրթության հետ։ Իսկ երբեւէ չե՞ս ցանկացել շատ երեխաներ ունենալ։
- Ես ունեմ շատ երեխաներ։ Բեյրութում 480 աշակերտ ունեմ։ Չէ՞ որ դու իրենց մեջ քո մասնիկն ես ներդնում, նույնիսկ նրանց հետ ավելի շատ ժամանակ ես անցկացնում, քան քո հարազատ երեխայի։
Ժակլին Սարխոշյանը
- Վերջում մի քանի բլից հարց: Ափսոսում ես ինչի՞ համար:
- Ես երբեք չեմ ափսոսացել արած բաների համար, թեկուզ սխալ արած լինեմ։ Մի քիչ տարբեր պատասխանեմ՝ափսոսում եմ, որ նախագահ կամ վարչապետ չեմ (ծիծաղում է,–խմբ․) ու չեմ կարող ռուսաստանյան մեծ արվեստագետներին հրավիրել Հայաստան, որ իրենց փորձը փոխանցեն մեզ։
Վախենում եմ առնետներից: Իսկ եթե լուրջ՝ վախենում եմ մտերիմին կորցնելուց։
Ուժեղ եմ իմ երեխայով, ամուսնով:
Իմ թույլ կողմը երեխաս է:
- Ինչո՞ւ պիտի ուտեն քո պատրաստած ուտեստները:
-Խենթ հոգիս եմ դրել մեջը:
Հավատում եմ Աստծուն ու սիրուն։ Առանց սիրո աշխարհ գոյություն չունի։ Իսկ սերն այսօր պակասել է, մարդիկ չարացել են։
Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: