Ի՞նչ կապ կարող է լինել ֆրանսիական բարձրաշխարհիկ աբսուրդի, ամերիկյան վայրի Արեւմուտքի կովբոյների եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանների միջեւ:
Ռեժիսոր Ժիրայր Բաբազյանը բեմադրել է Ռընե դը Օբալդիայի «Քամին սասաֆրայի ճյուղերում» պիեսը։ Այն հանդիսատեսին տեղափոխում է 19-րդ դարի ամերիկյան կովբոյական ֆիլմերի փոքր-ինչ զավեշտալի միջավայր՝ համեմված նուրբ ֆրանսիական հումորով:
Ժիրայր Բաբազյանը
Պիեսի հիմքում Ռոքֆելերների՝ դժվար պայմաններում ապրող ընտանիքի պատմությունն է։ Ընտանիքը Կենտուկիի իր կիսախարխուլ տնակում փորձում է պաշտպանվել հնդկացիների անդադար հարձակումներից։ Ամերիկյան ծառատեսակ սասաֆրայի ճյուղերի՝ քամուց առաջացած ձայնը պիեսում յուրօրինակ նախանշան է. երբ քամին փչում է, նշանակում է՝ վտանգը մոտ է։
Բեմադրիչ Ժիրայր Բաբազյանի խոսքով՝ «Մալյան» թատրոնի հետ գործակցությունը պատահական չէր. թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանի եւ իր թատերական ճաշակն ու հումորի զգացումը նման են:
«Չնայած պիեսն իրականում ավելի մեծ բեմահարթակ է պահանջում, «Մալյան» թատրոնում այն յուրահատուկ հնչեղություն ստացավ: Տարիներ առաջ այս գործը բեմադրել էի Լոս Անջելեսում: Շատ եմ սիրում ֆրանսիական աբսուրդի հումորը, որն իր արմատներով շատ մոտ է Իոնեսկոյի դրամատուրգիային: Խոստովանում եմ՝ սկզբում մի փոքր վախ կար, որ հանդիսատեսը գուցե չընկալի այս յուրահատուկ ժանրը, բայց ուրախ եմ, որ հումորն անցավ ու աշխատեց»,- նշել է Բաբազյանը:
Պիեսում առկա սուր ծաղրն ու շեշտադրումները տեղայնացվել են հայ հանդիսատեսի համար: Օրինակ՝ եթե բնագրում հնչում է՝ «Այստեղ տերտերներ չկան, որովհետեւ բոլորը մորթվեցին», ապա ներկայացման մեջ այն փոխարինվել է ավելի թեթեւ ու կատակային ձեւակերպմամբ. «Այստեղ տերտերներ չկան, որովհետեւ բոլորն արդեն նստած են Աստծուն շատ մոտ»:
Ներկայացման առանցքային կերպարներից մեկին՝ ընտանիքի 70-ամյա հորը մարմնավորող դերասան Մխիթար Ավետիսյանի համար սա հետաքրքիր փորձառություն էր:
«Ինձ համար ամենակարեւորն այն էր, թե որքանով է հաջողվել 50 տարեկանում կերտել 70 տարեկան տղամարդու կերպարը: Սակայն, մեծ հաշվով, ամենակարեւորն անսամբլային աշխատանքն է: Ինձ համար միշտ առանձնահատուկ են այն ներկայացումները, երբ ստեղծագործական ողջ կազմով կարողանում ենք համատեղ լավ գործ անել: Սա աբսուրդի ժանրի պիես է, ինչով էլ պայմանավորված է բեմում Աստծո հետ անդադար երկխոսությունը: Բայց հատկապես տպավորիչ է վերջաբանը, երբ հնչում է հետեւյալ միտքը. «Այո, վերջերս սկսել եմ հավատալ Աստծո գոյությանը»»,- ասել է դերասանը:
Կովբոյական ֆիլմերից մեզ քաջ ծանոթ շերիֆի կերպարը բեմում ներկայացնում է դերասան Սամվել Թոփալյանը: Նա ընդգծում է, որ հերոսների միջոցով վեր են հանվում չափազանց արդիական խնդիրներ. «Վեստերն ֆիլմերից մեզ քաջ ծանոթ շերիֆների հավաքական տեսակն է՝ արտաքուստ լուրջ, գործնական, տպավորություն ստեղծող, թե ամեն ինչ գիտի, բայց ներքուստ այդքան էլ լուրջ երեւույթ չէ: Թեեւ կերպարը փոքր-ինչ կտրված է իրականությունից, բայց ներկայացման մեջ արծարծվող հարցերն այսօր չափազանց իրական են եւ ուղղակիորեն կապված են մերօրյա իրականության հետ: Պարզապես այդ ամենը մատուցվում է տողատակերով եւ հումորի պրիզմայով: Կարծում եմ՝ դահլիճն անմիջապես ընկալեց ու արձագանքեց, քանի որ ներկայացվող իրավիճակները շատ ծանոթ են հենց մեր օրերից»:
Ներկայացումն աչքի է ընկնում նաեւ կանանց վառ կերպարներով։ Դերասանուհի Անուշ Քալաշյանն այսպես է նկարագրում իր հերոսուհուն. «Իմ կերպարը փոքր-ինչ խորամանկ է, բայց միեւնույն ժամանակ՝ հետաքրքիր ու ուսումնալից: Նա իր խոսքի տեր աղջիկ է, ով պայքարում է իր իրավունքների համար»:
Դերասանուհի Քրիստինե Հովակիմյանի հերոսուհին լիովին հակադրվում է մյուսներին. «Կերպարս տեսակով հանդարտ է, ենթարկվող եւ ներկայացման աղջիկների մեջ ամենահնազանդն է: Նա կյանքում եղել է մի փոքր բարդ բնավորություն ունեցող մարդու կողքին, եղել է նրա աջակիցը: Ինձ համար չափազանց հետաքրքիր էր այս աշխատանքը, քանի որ առաջին անգամ էի համագործակցում բեմադրիչի հետ: Պիեսն իր վեստերն ոճով շատ տարբեր է մեր իրականությունից, եւ մենք փորձել ենք հանդիսատեսին ներկայանալ նորովի ու հետաքրքիր մոտեցումներով»:
Ներկայացման մեջ խենթ ու անկանխատեսելի կերպար էլ կա, որին մարմնավորում է Անահիտ Պետրոսյանը։ Այս հերոսուհին բարդ իրավիճակներից անվրեպ դուրս գալու յուրահատուկ տաղանդ ունի. «Իմ կերպարը գիժ է, որն աշխատում էր «Սեքսի» բարում: Նա կարողանում է ցանկացած իրավիճակից ելք գտնել: Միեւնույն ժամանակ՝ շատ ազնիվ կերպար է, եւ ինչպես պիեսում է ասվում՝ «բարի սրտով պոռնիկ»»։
Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
160






