«Կան երգեր, որոնք հոգու խորքից են գալիս։ Վստահ եմ, որ «Շուշի»-ն շատերի սրտին կդիպչի, քանի որ սա այն բացառիկ երգերից է, որի վրա ջանք ու եռանդ չի խնայվել»:
Օրերս երգչուհի Աննա Խաչատրյանը հանրության դատին հանձնեց «Շուշի» երգը։ Երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը, գործիքավորումն իրականացրել է Ալեքսանդր Մատիենկոն: Տեսահոլովակը նկարահանել է ուկրաինացի հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։ Երգչուհին Bravo.am-ին պատմել է երգի ստեղծման պատմությունը։
«Շուշի»-ն գրվել է հենց Շուշիի անկման օրը․․․
Շուշանի հետ ընկերներ ենք։ Մի օր հանդիպեցինք, ասաց, որ նման երգ է գրել, բայց դեռ չի կողմնորոշվում, թե ով պետք է կատարի։ Միանգամից ասացի՝ ես։ Զարմացավ, ասաց՝ դու երգն անգամ չես լսել, ո՞նց ես նման բան ասում։ Բայց ես հստակ որոշել էի։ Երգն ուղարկեց, լսեցի, առավել քան համոզվեցի, որ հենց ես պետք է այն կատարեմ։ Հետո որոշեցինք, որ անպայման պետք է տեսահոլովակ ունենա։ Ու զուգադիպեց այնպես, որ այդ պահին Հայաստանում էր գտնվում ուկրաինացի հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։ Նա Շուշան Սարգսյանի հետ այս պահին աշխատում է համաշխարհային մի նախագծի վրա։ Նրան երգը շատ դուր էր եկել, ու հետաքրքիր էին նաև իր ապրումներն ու հույզերը, որոնք կապված էին մեր կորցրած հայրենիքի հետ։ Նկարահանումներն իրականացվել են Զանգակատուն գյուղում։
Երգ բոլոր հայերի հոգուց
Տեսահոլովակի անոնսը եղավ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը։ Լսարանը բաժանվեց երկու մասի։ Մի մասն ասում էր, որ, իհարկե, նման երգեր պետք է լինեն․ պետք է խոսենք, քննարկենք ու չպետք է թողնենք, որ այդ վերքը սառի և մարի։ Մյուս մասն էլ ասում էր, որ չպետք է այդ մասին խոսենք, քանի որ ցավ է պատճառում։ Երկրորդն ինձ համար անընդունելի է։ Ուզում եմ մի բան հասկանալ. եթե մարդու մարմնի մի մասը ցավում է, այդ մասը կտրում հանում է, որ աչքից հեռու լինի՞։ Ինչ- որ միջոցներ է, չէ՞, ման գալիս, որ այդ ցավը բուժի։ Հիմա միջոցներից մեկն էլ, բուժելու միակ տարբերակը Շուշին վերադարձնելն է։ Ու հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո այն մերն է լինելու։ Ուղղակի ես չեմ կարող հասկանալ այն թմրած վիճակը, որն այսօր տիրում է մեր երկրում։ Ժողովրդին պետք է ինչ որ ձևով արթնացնել, ուշքի բերել։ Զգայարանները բթացել ու անհասկանալի են դարձել։ Արցախի խնդիրն իմ անձնական խնդիրն է ու, ընդհանրապես, քիչ թե շատ իրեն հարգող ցանկացած հայի խնդիր է։
Աննա Խաչատրյանը
- Մամուլը գրեց, որ իշխանական ազդեցության տակ գտնվող հեռուստաալիքներում արգելվել է «Շուշի» տեսահոլովակի տարածումը․․․
- Անկեղծ ասած, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, քանի որ մանրամասն պատասխան եմ տվել։ Իմ մասնագիտական գործունեության ողջ ընթացքում երբևէ չեմ ներկայացրել որևէ ստեղծագործություն, որը ենթատեքստ կունենա, քանի որ ազնիվ եմ ինքս իմ ու հանդիսատեսի հետ։ Հայրենիքի հանդեպ անծայրածիր սերը չունի քաղաքական կողմնորոշում։ Ես մարդ եմ, որ հստակ տարանջատում է քաղաքականությունն ու արվեստը միմյանցից։ Իմ խորին համոզմամբ, արվեստի մարդը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ես իմ քիթը չեմ մտցնում այնտեղ, որտեղ իմ խելքը չի հասնում։ Իհարկե, Շուշիի հարցը քաղաքականության հետ կապ չունի։ Իսկ իրականում, երբ անոնսը եղավ Շուշիի ազատագրման օրը՝ ադրբեջանցիների կողմից լայնամասշտաբ հարձակում եղավ YouTube-ում։ Բայց դա ինձ ամենևին չի անհանգստացնում։ Մենք Շուշիի ազատագրման օրը չպետք է մոռանանք ու ամեն ինչ պետք է անենք, որ նորից այդ տոնը հետ բերենք։ Հետևաբար, մենք այս մասին անպայման պետք է երգենք ու անընդհատ խոսենք։ Մեր ստեղծագործական թիմի հետ միասին որոշել ենք ֆլեշմոբ անել․«Եթե դու էլ ես ինձ պես Շուշին քո սրտում պահում, ուրեմն՝ կիսվիր տեսահոլովակով քո էջում և գրիր #ԵսեմՇուշին հեշթեգը»։
Աննա Խաչատրյանը եւ Արմինե Գեւորգյանը
Տևական ժամանակ լուռ էի, Շուշին ուղղակի պոռթկում էր․․․
Այս ընթացքում պարզապես չէի կարողանում որևէ նոր բան ձեռնարկել։ Վերջին մեկ տարվա ընթացքում ես ավելի շատ Արցախում էի լինում, քան Հայաստանում։ Համաճարակի ժամանակ, երբ Արցախ ներս ու դուրս կարելի էր անել, ես Ղարաբաղի սարերում թափառում էի․․․ Ինձ համար դա շատ ծանր կորոուստ էր։ Իսկ «Շուշին» պարզապես պոռթկում էր, էմոցիաներս կուտակվել էին, ես ներքին ասելիք ունեի ու «Շուշի»–ով ասացի։ Ու ոչ միայն ես, այլեւ այն մարդիկ, ովքեր աշխատել են «Շուշի» տեսահոլովակի վրա։ Գևորգ Շադոյանը, որն ապահովեց իմ տեսքը։ Իհարկե, հագուստը չի ստեղծվել այս տեսահոլովակի համար, բայց այն կարծես այս տեսահոլավակի համար ստեղծված լինի։ Ես չեմ սիրում ապագայի հետ կապված պլաններ մշակել։ Երբ սկսում եմ ինչ-որ բան ծրագրել, մի բան խանգարում է, հետևաբար՝ պետք է անել այն, ինչ այդ պահը թելադրում է։
Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/
Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: