Երեւանյան բակային անցուրդարձին եւ մեր էությանը բնորոշ հարեւանության, ընկերության, մարդկային տարբեր փոխհարաբերություների մասին պատմող «Մեր բակը. 25 տարի անց» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա աշնանը: 1997 թվականի Ամանորին որպես ծրագրի հատված ցուցադրված «Մեր բակն» այնքան սիրվեց հասարակության կողմից, որ սկսեց ապրել իր առանձին ֆիլմային կյանքը: Եվ ահա, տարիներ անց Հանրային հեռուստաընկերությունն ու «Շարմ Հոլդինգը» պատրաստվում են ներկայացնել նոր ֆիլմ, որը «մեր բակի» կյանքի անկասելի ընթացքը, նախորդ ֆիլմերից ծանոթ ու սիրված հերոսներին, արդեն հասակ առած փոքր սերնդին, ինչպես նաեւ բակում հայտնված նորեկներին եւ այլոց ներկայացնող նոր էջ է: «Մեր բակի» առաջին եւ երկրորդ մասի ռեժիսորը Միքայել Դովլաթյանն է, երրորդինը՝ Հրանտ Մովսիսյանը, իսկ 25 տարի անց այս պատասխանատու գործը վստահված է Արշալույս Հարությունյանին: «Շարմ Հոլդինգ»-ի PR բաժնի ղեկավար Մարինա Վարդանյանը Bravo.am-ին պատմել է, որ ռեժիսորի ընտրության հարցում առաջնորդվել են Արշալույսի անցած ճանապարհով։
«Նա արդեն ճանաչված է կինոյի երկրպագուների շրջանում: Հանդիսատեսի ուշադրությանն են արժանացել նրա մի շարք կինոաշխատանքներ՝ «Անհայտ բաժանորդ», «Սկոտչ եւ վիսկի», «Հանդիպման վայր» եւ այլ ֆիլմեր: Այդ շարքում կարող ենք նշել նաեւ մեզ հետ համատեղ իրականացված նախագծի՝ «Մեր երազանքի ճանապարհը» կինոալմանախի «Մեղրամիս» նովելը, որի ռեժիսորն էր նա: Մեծ է ցանկությունը ստեղծել նախորդ ֆիլմերին ոչնչով չզիջող աշխատանք, ինչը, կարծում ենք, հաջողությամբ կիրականացնի Արշալույս Հարությունյանը՝ ստեղծագործական թիմի հետ»,-նշում է Մարինան:
Սցենարիստներն են Սարգիս Մնոյանը եւ Աշոտ Աբրահամյանը: Սցենարային աշխատանքը նրանք սկսել են բավական վաղուց՝ Ռուբեն Ջաղինյանի հետ, որն այս անգամ նույնպես ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է: Բեմադրող օպերատորը Արթուր Ղարայանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը: Նկարահանումներն իրականացվում են նույն՝ բոլորի համար արդեն հարազատ դարձած բակում, որտեղ գտնվում է նաեւ հայտնի տաղավարը՝ բոլոր ֆիլմերի առանցքային կետը: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել, բայց Աշոտ Ղազարյանը, Լալա Մնացականյանն ու Հրանտ Թոխատյանը նույն հարազատությամբ օրը սկսում են տաղավորում, քննարկում, խոսում, հիշում ու համադրում նոր ժամանակները: Արդեն սիրված հերոսների հետ միասին բակը համալրվել է նոր բնակիչներով՝ նոր կերպարներում հանդես են գալիս Արուս Տիգրանյանն՝ Ազատ Գասպարյանի թոռնուհին, Տարոն Իսպիրյանը (Պոնչը), Մկոյի որդին՝ Ալեքսանդրը, Զիրոյանը, Անի Պետրոսյանը, Լիլի Մորտոն, անվանի դերասան Արտաշես Ալեքսանյանը եւ այլք: Տարիներն անողոք են գտնվել նաեւ «Մեր բակի» բնակիչների հանդեպ. ցավոք, Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Արամ Ասատրյանը, Մարկ Սաղաթելյանն այլեւս մեզ հետ չեն:
Բոլորիս ականջին նաեւ հնչում է բակի երգերը, որոնց թվում են նաեւ տեղայնացված եւ իրավիճակային դարձված միջազգային հիթերը: Շատ գաղտնիքներ չբացելով՝ պրոդյուսերները խոստանում են, որ այս ֆիլմը նույնպես երաժշտական կլինի, կհնչի շատ եւ լավ երաժշտություն, կլինեն տպավորիչ պարեր։
«Պրոդյուսերների ցանկությունն է հնարավորինս շատ անակնկալներ հրամցնել հանդիսատեսին, այդ իսկ պատճառով նախապես մանրամասներ չենք բացահայտի՝ առաջնորդվելով «գաղտնիության քողով ծածկված ամեն ինչ ավելի է բորբոքում հետաքրքրությունը» գաղափարով: Ասենք միայն, որ նոր ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը Չինաստանից Հայաստան եկած ուսանող է, որի դերում հանդես եկող չինացին հիանալի տիրապետում է հայերենին: Ֆիլմում նկարահանման համար արտասահմանից հատուկ հրավիրվել են այլազգի այլ դերակատարներ եւս: Նրանց մասնակցությունը կապված է արկածային հետաքրքիր դրվագների հետ, որոնք ինչ-որ խորհրդավորություն են հաղորդել երեւանյան բակում կատարվող դեպքերին: Ճիշտ է, ժամանակը փոփոխություններ է բերել «Մեր բակ», սակայն այստեղ պահպանվել է նաեւ մեզ հոգեհարազատ, ջերմ մթնոլորտը՝ բարեկամական հարաբերությունները, ընկերական հավաքույթները, դժվարին իրավիճակներում օգնության հասնող հարեւանները, եւ այդպիսի բակեր շատ կան մեր քաղաքում»,-նշում է Մարինա Վարդանյանը՝ հավելելով, որ Ֆիլմում ամենը ներկայացվում է բարի հումորով ու անկեղծ սիրով՝ ցույց տալով մարդկանց, որ Երեւանը յուրաքանչյուրինս է, այն մեր տունն է եւ պետք է շատ սիրենք ու պահպանենք մեր քաղաքը։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Շարմ Հոլդինգ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: