×


«Բաժանվողը ես եմ եղել». Էմմա Շաբոյանը` 7 ամիս բաժանված լինելու պատճառների եւ ամուսնուն միանալու մասին

BRAVO.am-ն ամիսներ առաջ պատմել է, որ դերասանուհի Էմմա Շաբոյանը սոցցանցային իր էջերից հեռացրել է ամուսնու` Վահե Մկրտչյանի հետ բոլոր լուսանկարներն ու հրապարակումները, եւ զույգը բաժանվել է: Այն ժամանակ Էմման միայն հաստատել էր առանձին ապրելու մասին լուրը, իսկ այժմ նրա հետ խոսել ենք 7 ամիս բաժանված լինելու պատճառների մասին, եւ ոչ միայն:

«Երկուսս էլ բարիշելու նպատակ չունեինք, չէինք էլ մտածում, որ նորից միասին կլինենք: Բայց ստացվեց այսպես, Աստված երեւի կամեցավ, որ մենք նորից միասին լինենք: Հաշտվեցինք այնպես, ինչպես որոշել էինք ամուսնանալ. ուղղակի որոշեցինք ամեն ինչին վերջ դնել եւ ամեն բան զրոյից սկսել: Արդեն մի քանի ամիս է՝ միասին ենք, եւ վստահաբար կարող եմ ասել, որ ամեն ինչ զրոյից ենք սկսել. ոչինչ առաջվանը չէ: Այն կոնֆլիկտները, որ նախկինում եղել են, հիմա անցյալում են, ոչ մի խնդիր էլ չենք ունենում, որովհետեւ հասկացանք՝ որն է մեր բաժանման պատճառը»,-BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է դերասանուհին:

Վահե Մկրտչյանը եւ Էմմա Շաբոյանը


Ըստ նրա՝ բոլոր զույգերն էլ ունենում են խնդիրներ.«Վստահ կարող եմ ասել, որ մենք ոչ առաջինն էինք, ոչ՝ վերջինը, ուղղակի ոմանք նախընտրում են լռել եւ շարունակել իրենց հարաբերությունները, սերը սպանելով՝ իրար հետ ապրել, ոմանք էլ նախընտրում են ուղղակի իրարից հեռանալ: Այդ ամենի միջով անցնելուց հետո մի բան հասկացա՝ վիճելուց հետո պետք է հասկանալ, որ ամեն ինչ վերջնական չէ, հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի, անցնի ինչ-որ ժամանակ, ինչ-որ բան հասկանան: Կարծում եմ՝ յուրաքանչյուրին պետք է այդ դադարը. վերաիմաստավորում ես քո կյանքը եւ հասկանում՝ որքան կարեւոր է այդ մարդը քո կյանքում: Միակ ելքը ընտանիքը պահելու իրար լսելն ու հարգելն է»:

Էմմա Շաբոյանը եւ Վահե Մկրտչյանը


Ասում է՝ իրենց բաժանման պատճառը եղել են կուտակված խնդիրները, որոնք չեն բարձրաձայնել.«Ամուսնացել էինք, բայց չէինք հասկացել, որ արդեն ընտանիք ենք: Երիտասարդ ենք եւ մեզ թվում էր, թե դեռ ընկերություն ենք անում: Մեր բաժանման պատճառը շատ ծիծաղելի է. ուղղակի հիմար սկզբունքներ եւ մտածողություն: Կարծում եմ՝ այդ բաժանումը երկուսիս էլ պետք էր, հուսանք՝ այժմ այլ կերպ կլինի ամեն բան»,-նշել է Էմման եւ հավելել.«Բաժանվողը ես եմ եղել: Կինը ենթագիտակցորեն հեռանում է տղամարդուց, որպեսզի կա՛մ փրկի այդ հարաբերությունները, կա՛մ վերջ դնի դրանց: Կարծում եմ՝ դիմեցի այդ քայլին, որպեսզի փրկեմ իմ ընտանիքը»:

Դերասանուհին վերջերս նկարահանվել է «Ուղիղ եթեր» գեղարվեստական ֆիլմում, որը սեպտեմբերից հետո կլինի կինոթատրոններում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմա Շաբոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW