×


«Տերն ու ծառան» ներկայացումը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում

Անհամատեղելիության մտահոգություններ. Պետական կամերային երաժշտական թատրոնի թեման քննարկման փուլում է

Արդեն մի քանի օր է՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում քննարկման հիմնական թեման ոչ թե մշակութային անցուդարձն է, այլ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տարածք իրենց հնարավոր տեղափոխումը եւ երկու կառույցների միավորումը: Թեման դեռ բանավոր քննարկումների փուլում է, բայց որոշումն ընդունելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

BRAVO.am-ի հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյանը պատմեց, որ խոսակցությունները սկսվել են հուլիսի 1-ին ԿԳՄՍ նախարարությունում անցկացվող խորհրդակցությունից, որին ներկա էին տարբեր ՊՈԱԿ-ներ:

«Հրավիրվել էինք տարբեր խնդիրների քննարկման համար, որոնցից մեկն այն մասին էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է միավորել երկու թատրոնները, քանի որ նրանք ունեն երաժշտական ուղղվածություն, նրանց կարծիքով՝ միավորվելով կստեղծվի ավելի շատ հնարավորություններ մեր թատրոնի գործունեության համար: Հիմնական շեշտադրումն այն է, որ մեր թատրոնը չունի բավականաչափ տեխնիկական հագեցվածություն, նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, եւ հիմա միավորումը կտա հնարավորություն Պարոնյանի անվան թատրոնի ռեսուրսներն օգտագործելու համար: Դա դեռ պաշտոնական որոշում չէ, ասվել է, որ իրազեկվեն կոլեկտիվները: Ես, բնակաբար, տեղեկացրի ստեղծագործական եւ տեխնիկական կազմին, նրանք իրենց անհամաձայնությունը հայտնեցին այս մոտեցմանը»,- նշում է Արամ Թորոսյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի
գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը եւս թեմայի շուրջ իրենց կարծիքներն են հայտնել՝ նշելով, որ ստեղծագործական առումով անհամատեղելի է միավորումը: Երկու թատրոնն էլ համարվում են երաժշտական, բայց շատ տարբեր աշխատելաոճ ու մոտեցումներ ունեն:

«Իրենց շեշտադրումը ստեղծագործական գործընթացի բարելավումն է, բայց հենց ստեղծագործական կազմն է դժվար պատկերացնում այս մոտեցումը: Հիմա դեռ չկա պաշտոնական փաստաթուղթ, բայց արդեն տարբեր ձեւով պատկան մարմիններին փորձում են հասցնել, որ խնդրի շուրջ պետք է լինի քննարկում: Այս պահին թատրոնն աշխատում է իր բնականոն հունով: Խնդիրներ կան բոլոր կոլեկտիվներում ու թատրոններում, որոնք կարելի է լուծել շատ տարբեր միջոցներով, բայց հարցի լուծման լիազոր մարմինը, ցավոք, թատրոնը չէ», - ասաց Թորոսյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ դիմել է նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար, թե իրավական առումով ինչ ընթացակարգերով է իրականացվելու՝ լուծարո՞ւմ, թե՞ վերակազմակերպում: Պետական կամերային երաժշտական թատրոնը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի հիմնադիր հանդիսացող ՀՀ կառավարությունը կարող է միանձնյա որոշումներ կայացնել կառույցի մասին:  

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օրեր առաջ նշել էր, որ ստեղծված իրավիճակում կար նաեւ թատրոնը կազմալուծելու վտանգ, բայց թատրոնների միավորումով հնարավորություն կստեղծվի պահպանելու ամենակարեւորը՝ ստեղծագործական կազմը եւ վերջինիս աշխատանքը։ Նախարարի խոսքին հակառակ՝ թատրոնի դերասանները մտահոգված են, որ միավորումից հետո կրճատումներ կարող են լինել: Բանն այն է, որ ամեն թատրոնում արդեն իսկ կան շատ դերասաններ, որոնք տարբեր աստիճանի զբաղվածություն ունեն, եւ թատրոնների միավորման արդյունքում դերասանական կազմի քանակի կտրուկ ավելացում կլինի:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ BRAVO.am-ի հետ զրույցում կարեւորեց այն, որ հստակ որոշում դեռ չկա, ամեն ինչ խոսակցությունների մակարդակում է, եւ ինքը կարծիք դեռ չի ցանկանում արտահայտել:

«Պետք է լինի պաշտոնական որոշում, որ կարողանանք ասել՝ որ քայլը ոնց է հնարավոր իրականացնել կամ ճիշտ է, թե սխալ: Խոսակցությունների մակարդակով տարածված թեման այսքան տարբեր ձեւերով մեկնաբանելը սխալ է: Հստակ նախագիծ լինելու դեպքում կարելի է ասել դիրքորոշում ու կարծիք»:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին