×


«Ուզում եմ վերադառնալ այն բացերին, որոնք ունեմ». Նազենի Հովհաննիսյան

Գրական տարատեսակ միջոցառումներ մեկտեղած Newmag Summer Fest-ի շրջանակում հանդիպեցինք Նազենի Հովհաննիսյանին, որը գրապարտեզում հավաքված երեխաների համար ընթերցում էր Արփի Մաղաքյանի «Երեւանյան հեքիաթներ» գրքից Սասունցի Դավթի արձանի ստեղծման մասին հեքիաթը: Երեկ 39 տարեկան դարձած դերասանուհի-հաղորդավարուհու հետ զրուցել ենք ամռան անելիքների եւ գրքերի մասին:

- Ձեր կարծիքով՝ երեխաների համար ի՞նչ դերակատարում կարող է ունենալ հեքիաթը:

- Ժամանակակից աշխարհում չեն սիրում երկար ու դժվարամարս հեքիաթներ: Արփին շատ գեղեցիկ ներկայացրել է արձանի պատմությունը հեքիաթապատումի տեսքով, ինչը հեշտացնում է երեխաների ընկալումը, եւ եթե լինենք անկեղծ, ապա 1939 թվականի մասին պատմել՝ ինչու սկզբում գիպսե արձանը ոչնչացվեց, հետո ինչու բանտարկվեց  Քոչարը եւ ինչպես 20 տարի անց նորից ստեղծեց Սասունցի Դավթի արձանը, արդեն իսկ դժվար է երեխայի համար, իսկ հեքիաթի միջոցով, որտեղ կա նաեւ Ռուդոլֆ անունով թզուկը, որն օգնում է, ավելի հեշտ է: Միշտ կարեւոր է, որ երեխան հեքիաթից ինչ-որ բան տանի իր հետ: Այստեղ երեխան հասկանում է, որ գանձապահ թզուկներն ամենից շատ սիրում էին իրենց հեքիաթներն ու երգերը եւ դրանք էին որպես գանձ պահում իրենց սնդուկներում: Այսպիսի փոքր շեշտադրումներ կան, որոնք երեխաների ենթագիտակցության մեջ կաթելու են եւ մնալու՝ ձեւավորելով նրանց արժեհամակարգերը:


- Ներկայիս հայ իրականությունն ու հեքիաթները. մեզ հիմա ի՞նչ հեքիաթներ են հարկավոր:

- Երբ փոքր էի, կարդում էի գրեթե բոլոր հեքիաթները, որոնք այն ժամանակ տպագրվել էին ու կային մեր տանը, դե,  իսկ մեր տանը շատ գրքեր կային: Հին հայկական հեքիաթներն ունեին մի խնդիր. իրենք միշտ դժբախտության եւ չարքաշ կյանքի մասին էին, բայց չէ՞ որ դա էր այդ ժամանակվա իրականությունը, իսկ մենք չենք կարող խաբել ինքներս մեզ: Խոսելով Սասունցի Դավթի մասին՝ ես ասում էի, որ նա հերոս էր, ազնիվ էր, քանզի զգուշացնում էր կռվի գնալուց առաջ, նա երբեք տմարդորեն չէր մատնում, չէր փորձում թիկունքից հարվածել. ասվածն ազգային պատկանելության արժեքային համակարգի կարեւոր ցուցիչներ են: Այլ հարց է, որ մենք պետք է հիմա որոշենք, թե ո՞րն է մեր ազգային տեսլականը: Ոչ թե ժողովրդական, այլ՝ համազգային: Թող լինի հեքիաթի միջոցով, թող լինի իրապատումի կամ երկխոսության, բայց ինչ-որ գրավոր ձեւով պետք է ամրագրվի մեր ազգային տեսլականի հիմքերն ու ներարկվի փոքր տարիքից, քանի որ մեծահասակն արդեն ունի իր կարծրացած արժեհամակարգը՝ վատ, թե լավ:

- Նազենի, հավատո՞ւմ եք որ գալիս է չարի վերջն ու հաղթում բարին:

- Ասում են՝ հույսդ դիր Աստծուն, բայց ինքդ մի սխալվիր: Ես հավատում եմ չարի վերջին, բայց նաեւ հավատում եմ մարդու կամքին: Միայն Հայաստանում չէ, որ մթնոլորտն այն չէ, կարծում եմ՝ աշխարհն է փչացել: Ես չեմ կարողանում ասել մի բան, ինչին չեմ հավատում, չեմ կարողանում խաբել, ստել, մեղմել իրականությունը, միեւնույն է՝ սուտը, տմարդությունը, մատնությունը մի օր ստանում են իրենց պատիժը՝ մարդու, Աստծո կամ դարերի անդրադարձի կողմից:

Նազենի Հովհաննիսյանը


- Թերեւս գաղտնիք չէ, որ Ձեր հանգստի լավագույն ուղեկիցը միշտ գիրքն է. այս ամառվա համար ինչպիսի՞ հանգիստ եւ ի՞նչ գրքեր եք նախատեսել

- Այս տարվա իմ հանգիստը շատ ակտիվ է լինելու եւ գործնական. տան կենցաղավարության հետ կապված կան կարեւոր անելիքներ: Բայց եթե ստացվի, նաեւ կգնամ այլ տեսակի հանգստի: Արդեն ունեմ ամռան համար նախատեսված մի շարք գրքեր, եւ այս տարի ինձ մոտ պատմական արշավ է նախատեսվում: Ես ուզում եմ վերադառնալ այն բացերին, որոնք ունեմ ես ու ունենք բոլորս՝ պատմության իմացության առումով: Ընդ որում՝ ոչ միայն հայոց պատմության, այլ՝ համաշխարհային: Ի դեպ, կարդալ նշանակում է հասկանալ, մարսել ու այդպես ապրել, գրքի քանակը երբեւէ չի կարող ազդել, կարդացածիդ որակն է ազդում: Ինչ-որ մեկը կարող է կարդալ Նժդեհից մի ասույթ, դա դարձնել գաղափարախոսություն եւ ապրել այդպես ազնվորեն, բայց ինչ-որ մեկը կարող է լինել պատմաբան, բայց դավաճան: Գիտե՞ք, ամբողջ աշխարհի պատմությանն ենք մենք փոխկապակցված, երբ սկսում ենք տարանջատել մեր պատմությունը,  ապա այդտեղից սկսվում է մեր ողբերգությունը, իսկ մենք գիտե՞նք մեր հարեւանների, թշնամի-հարեւանների պատմությունը... Չէ,  չգիտենք:  Պետք է բոլոր ժողովուրդների պատմությունը հստակ իմանաս, որպեսզի կարողանաս նույնականանալ ինքդ քեզ, հասկանաս, թե դու ով ես: Երբ դու մեղադրում ես քո պատմությունը գողանալու մեջ, ապա պետք է հստակ հասկանաս՝ մեղավորության որ չափաբաժինն է այլոցը, որքանը՝ քոնը:

Զրուցեց Արմինե Բրսոյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմինե Բրսոյանի եւ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW