×


Սարո Գեւորգյանը՝ «Նոր ալիք»-ից առաջ իր ապրումների, Էրիկի, Էմմիի եւ Արամ MP3-ի վերաբերմունքի մասին

Սարո Գեւորգյանը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք 2021» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում, որն անցկացվելու է օգոստոսի 19-25-ը՝ Սոչիում: Երգիչը BRAVO.am-ին պատմել է լսումների առաջին փուլին մասնակցության, մրցույթից առաջ իր ապրումների եւ նախապատրաստական աշխատանքների մասին:

«Մրցույթին շատ լավ եմ տրամադրված, հիանալի է ամեն ինչ: Բնականաբար, մի քիչ լարված շրջան է այն առումով, որ նախապատրաստվում ենք, կան շատ անելիքներ, որոնք պետք է հասցնել ու ներկայանալ շատ լավ: Հիմա երգերի գործիքավորումների վրա ենք աշխատում, որ այնտեղ ամեն ինչ լիարժեք լինի: Ներկայացնելու եմ երեք երգ, որոնցից մեկը՝ համաշխարհային հիթ, մյուսը՝ հայկական, երրորդն էլ ռուսերեն ստեղծագործություն է, որի խոսքի եւ երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է: Մենք մեկնելու ենք Սոչի մրցույթից տասն օր շուտ, որ այնտեղ ժամանակ ունենանք հավուր պատշաճի պատրաստվել: Իմ բեմական հագուստներից որոշների վրա աշխատում են այնտեղի դիզայներները, իսկ որոշակի մաս այստեղից ինձ հետ կտանեմ, որպեսզի կազմակերպիչների հետ կատարենք ընտրություն: Հիմա փորձում եմ հանդարտություն պահպանել ու աշխատել ամեն մանրուքի վրա: Ես միշտ բոլոր ելույթներից առաջ փորձում եմ խաղաղ ու հանգիստ լինել: Նախապատրաստական աշխատանքներում ինձ օգնում են Լիլիթ Նավասարդյանը եւ Դավիթ Բադալյանը»,-նշել է Սարոն:

Սարո Գեւորգյանը


«Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանն արժանացել է տարբեր մրցանակների, ամենից շատ՝ ժյուրիի եւ հանդիսատեսի համակրանքին: Նախկինում իրենց  մասնակցությամբ աչքի ընկած Էրիկ Կարապետյանը, Էմմին եւ Արամ MP3-ն այս օրերին Սարոյի կողքին են, ինչպես ինքն է պատմում՝ գոտեպնդում եւ աջակցում են իրեն.«Նրանց հետ խոսել եմ տարբեր հարցերի շուրջ, ոգեւորել են ինձ: Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն իմ կողքին լինել, գալու են ինձ հետ: Իմ ամենահարազատ մարդիկ են, որոնք աջակցում են, հավատում են ինձ ու սիրում: «Նոր ալիքն» անկանխատեսելի մրցույթ է, ամեն պահի կարող է մի բան փոխվել, բայց ես տրամադրված եմ լավ ելույթի»:

Սարոն դեռ նախորդ տարի պետք է մասնակցեր «Նոր ալիք» մրցույթին, սակայն համավարակով պայմանավորված այն չեղարկվեց: Մեկ տարի անց եղավ սպասված զանգն ու առաջարկը: 

Սարո Գեւորգյանը


«Մարտ ամսին զանգեցին եւ տեղեկացրին, որ պետք է գնամ Մոսկվա եւ մասնակցեմ լսումների փուլին, որից հետո միայն հնարավորություն է տրվում ներկայացնել երկիր: Հայաստանից եւ տարբեր երկրներից մոտ 40 հայ էր մասնակցում այդ փուլին: Առաջին օրը ներկայացա Բիշոփ Բրիգսի «River» երգով, որից հետո Արթուր Գրիգորյանի «Արցախը» երգեցի եւ հեղինակային մեկ այլ երգ: Շատ կարճ ժամանակ ունեի պատրաստվելու համար, բայց արդյունքը եղավ այն, որ ինձ ընտրեցին: Շատ պատասխանատու եւ կարեւոր պահ էր ինձ համար»,- հիշում է երգիչը:

Սարոն երգում է վաղ հասակից՝ 4 տարեկանից: Իր խոսքով՝ երգի հանդեպ սերն ու տաղանդը սկզբում նկատել է մանկապարտեզի դաստիարակչուհին, որից հետո՝ արդեն ընտանիքն ու բարեկամները: Մայրն ականջալուր լինելով կարծիքներին, որ երեխայի երաժշտական ջիղը զարգացած է, սկսել է հետեւողական լինել այս հարցում։

Սարո Գեւորգյանը


«Շատ փոքր էի, պապիկիս տանը նստում էի դաշնամուրի մոտ ու իբրեւ սկսում նվագել. երգեր էի հորինում։ Արդեն 7 տարեկանից գնացի դաշնամուր նվագել սովորելու։ Այնուհետ ընդունվեցի Երգի պետական թատրոն, հետո Նադեժդա Սարգսյանի մոտ «Դո Ռե Մի» վոկալ ստուդիայում էի սովորում»,-պատմել է նա:

Հասցրել է մասնակցել ավելի քան 25 միջազգային մրցույթի: 2017 թվականին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որից հետո զինվորական ծառայության է անցել Ստեփանակերտում: Վերադառնալուց հետո տեղեկացել է, որ Հանրային Հեռուստաընկերությունում լսումներ են. «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանի բեք-վոկալիստներին են ընտրում, ընտրվել է ու Հայաստանի պատվիրակության հետ մեկնել Թել Ավիվ:  Այժմ երգում է  «Project 12» խմբում:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սարո Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին