×


Գեղամ Գրիգորյանի ընտանիքը բեմում կլինի նրա 75-ամյակին նվիրված համերգին

Օպերային մեծանուն երգիչ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված համերգը երեւանյան բեմում միավորելու է ոչ միայն նրա ընկերներին ու գործընկերներին, այլեւ գրեթե ամբողջ ընտանիքին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տենորի մասին հիշողություններով են կիսվել նրա երեխաները՝ ճանաչված օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Վարդան Գրիգորյանը եւ նույն թատրոնի երիտասարդ կատարող Վարդան Գրիգորյանը։

Հասմիկ Գրիգորյան. «Հայրս իսկական արեւի լույս էր»

Ուզում եմ մեր ընտանիքի անունից ընդգծել, թե որքան կարեւոր է մեզ համար այս համերգը։ Շնորհակալ եմ բոլորին՝ կատարած հսկայական աշխատանքի համար, եւ առանձնահատուկ շնորհակալություն իմ մտերիմ ընկերուհուն՝ Դալիյա Իբելհաուպտայտեին, որը համերգի ռեժիսորն է։ Առանց նրա մտահղացման ոչինչ էլ չէր լինի: Նա աշխատել է հայրիկիս ու մայրիկիս հետ եւ հիմա իր ողջ թիմի հետ համաձայնել է կազմակերպել այս համերգը։

Սա պարզապես համերգ չէ. մեր ընտանիքի պատմությունն ենք ներկայացնելու: Երեւի առաջին անգամ է, որ մեր ընտանիքի բոլոր անդամները միասին են լինելու: Հուշերով է կիսվելու մայրս՝ Լիտվայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, սոպրանո Իրենա Միլկեւիչուտեն, դիրիժորը եղբայրս է, իսկ կրտսեր եղբայրս երգելու է: Ելույթ է ունենալու նաեւ որդիս. նա բացելու է համերգը: Համոզված եմ, որ մի բան էլ դստերս համար կմտածենք: Գուցե նա էլ ծաղիկները բեմ բերի: Իսկապես, մեզ համար շատ-շատ յուրահատուկ երեկո է լինելու:


Ուրախ եմ, որ Հասմիկ Պապյանն էլ է համաձայնել ելութ ունենալ: Նա էլ հայրիկի մասին իր հուշերը կպատմի:

Շատ շնորհակալություն մաեստրո Պլասիդո Դոմինգոյին՝ երեկոյին ներկա լինելու համար: Նրա հետ երգելը շատ կարեւոր է ինձ համար: Մեր համատեղ առաջին բեմելն է լինելու, ինչի առիթով անչափ զգացված եմ:


Օպերային թատրոնն ասես իմ երկրորդ տունը լինի, որտեղ մանկությանս ու հայրիկիս հետ կապված այնքան հիշողություններ կան։

Վերջին անգամ հայերեն երգել եմ 20 տարի առաջ, երբ Հայաստան ժամանելուց հետո հայրս ասաց, որ ներգրավված եմ «Անուշ» օպերայում, իսկ պատրաստվելու համար ընդամենը տասն օր ունեի: Իհարկե, լարված աշխատեցի, ու ամեն ինչ բարեհաջող անցավ: Նա էլ այդ երեկո դիրիժորն էր: Դրանից հետո իմ բոլոր համերգներին «Անուշ»-ի արիան ընդգրկում եմ:

Հայրս ինձ մշտապես ներշնչել է հայ լինելու գիտակցությունն ու բազմաթիվ արժեքներ փոխանցել։ Նրա մասին անվերջ կարող եմ պատմել, բայց եթե մեկ բառով բնութագրեմ, ապա նա իսկական արեւի լույս էր։

Երկու տարբեր աշխարհներ ու արժեհամակարգեր եմ կրում իմ մեջ՝ լիտվական եւ հայկական: Հայկականից ինձ փոխանցվել է շատ մեծ ջերմություն: Հայրս հաճախ էր խորհուրդ տալիս կյանքս լիարժեք ապրել. «Հասմիկ, կարեւոր է երգել, կարիերա կառուցել, սիրելի գործով զբաղվել, բայց ամենակարեւորը մարդ լինելն է»:

Լավ մարդ էր, դրա համար բոլորն այդքան սիրում էին ու երեկոյի ընթացքում այդ մասին պատմելու են:


Վարդան Գրիգորյան. «Հայրիկից շատ բան եմ սովորել»

Հսկայական աշխատանք է իրականացվել, որ այս համերգը կայանա: Այստեղ էլ փորձից եմ եկել: Ուրախ եմ, որ համաշխարհային մեծության կատարող Պլասիդո Դոմինգոն մեզ հետ է ու երգելու է:

Հորս հետ մի որոշ ժամանակ մեր տանը պարապել եմ ու շատ բան եմ սովորել հատկապես արտիստների հետ աշխատելու նրբությունների մասին:


Տիգրան Գրիգորյան. «Իսկական մաեստրո էր ու հանճար»

Ամեն մեկս հայրիկի հետ կապված տարբեր հիշողություններ ունի՝ կախված նրանից, թե նրա կյանքի որ շրջանում ենք կողքին եղել: Արդեն Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր ու հաճախ էր ինձ իր հետ աշխատանքի բերում: Երբեմն ինձ մանկապարտեզ տանելու փոխարեն, հայրս հետը թատրոն էր տանում, որտեղ շատ ջերմ ու հաճելի մթնոլորտ էր տիրում։

Ներկա էի լինում փորձերին ու հետեւում, թե ինչպես է աշխատում: Հասկանում էի, որ իսկական մաեստրո է ու հանճար: Նա այնքան բան էր ուզում տալ թատրոնին, որպեսզի այն զարգանա եւ աճի: Ցավոք, այստեղ ընդամենը մի քանի ներկայացում հասցրեց բեմադրել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/ եւ Ֆոտոլուրի

Կարդալ ավելին

Quality Sign BW