×


Գագիկ Գինոսյանի գլխապտույտ պարը, որը երբեք չի ավարտվի. «Կարին»-ի ազդեցիկ ու հուզիչ երեկոն

«Իրուր խեդ»՝ Կարինի բարբառով՝ «Իրար հետ», արտահայտությունը երկու անգամ հնչում է փակ վարագույրների հետեւից՝ տարածվելով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ողջ դահլիճով մեկ, եւ սկսվում է նմանը չունեցող գեղեցիկ ու հայկական մշակույթով լի երեկոն։

Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի 60 ու «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի 25-ամյակների առիթով նրա դուստրերը, աշակերտներն ու գաղափարակիցները կազմակերպել էին յուրահատուկ համերգ-հարգանքի տուրք։ 


Գինոսյանի դուստրը, համերգի կազմակերպիչ եւ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը Bravo.am-ին հայտնել է, որ 2026 թվականն իրենց համար հոբելյանական է: Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են ունեցել, իսկ այս մեկն ամփոփիչ համերգն է: 

«Երեկոյի կառուցվածքն այնպիսին է, որ Գինոսյանի կենսագրությունից դուրս է գալիս «Կարին»-ինը, հետո նորից վերադառնում ենք Գինոսյանին ու խմբի գործունեության շարունակությանը։ Նախապատրաստական փուլում բավական բարդություններ ենք ունեցել։ Աշխատել ենք մեծ թիմով. միայն բեմում ելույթ ունեցող արտիստները՝ պարողները, երաժիշտներն ու երգիչները, 40 հոգի են։ Ունենք նաեւ սցենարիստ, ռեժիսոր, բեմանկարիչ, տեխնիկական, կազմակերպչական եւ ադմինիստրատիվ հարցերով զբաղվողներ։ Մեզ աջակցել է նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը։ Խիտ ու ծանրաբեռնված ընթացք էր։ Կարծում եմ՝ պատվով ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»,- խոստովանել է նա։

Սցենարի հեղինակն Անի Գինոսյանն է: Նա շեշտադրել է այն դրվագները, որոնք կարեւոր են եղել հոր եւ, հետեւաբար, նաեւ իր համար։ Նրա խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս բոլորին եւս մեկ անգամ հաղորդակից դառնալ Գագիկ Գինոսյանի հետ։

Ու թեեւ արդեն երկու տարի է՝ Գինոսյանը ողջ չէ, երեկոյի ողջ ընթացքում զգացվում էր նրա ներկայությունը, եւ ամեն ինչ նրա շնչով էր լցված․ սաները նրա պես կրակոտ ու գեղեցիկ պարում էին, երաժիշտներն՝ անմնացորդ նվագում, իսկ երգիչները՝ հուզում հանդիսատեսին։

«Ծանոթանանք։ Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր, մնացածը ամենքը թող ինքն իր համար հայտնագործի, մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ, իսկ միգուցե մի դիմազուրկ, անգույն կտավ։ Ծանոթանանք, մնացածը ամեն մեկը ինքն ընկալի, միջնորդ պետք չէ եւ միջանկյալ ոչ մի աշխարհ, թողեք ինքս ձեզ ճանաչեմ։ Կարծես թե ծանոթացանք, ես կարնեցու տոհմի ժառանգ»,- վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի ձայնով ներկաները լսում են Գինոսյանի խոսքերը: 


Ապա իր ծննդավայրի մասին պատմում է հենց Գինոսյանը։ «Փոքրիկ քաղաք, որը երբեւէ իր բնակչության քանակով 30 հազարը չի անցել, տվել է 30-ից ավել ակադեմիկոսներ։ Մեր փողոցի վրա ծնվել են 3 աշխարհահռչակ նկարիչներ, տարբեր գիտնականներ, հզոր ռազմական գործիչներ։ Փոքրիկ Ծուղրութ գյուղը, որտեղ մի առու չկա, ու իրենց այգիները չէին կարողանում ջրել, ծովակալ Արտավազդ Սահակյան է տվել, հայագիտության հիմնադիրներից Գալուստ Տեր-Մկրտչյան, անընդհատ կարելի է թվարկել։ Որեւէ կերպ փորձ չի արվում հասկանալու, թե ո՞րն է գաղտնիքը, որ այդ հողը նման շռայլություն ու շնորհ է տվել հայ ժողովրդին, եւ նման հանճարներ են ծնվել»։  

Գինոսյանի կյանքում առանձնահատուկ մեծ դերակատարում ու կարեւորություն է ունեցել երգիչ-բանահավաք, ազգագրագետ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանը, եւ երեկոյի ընթացքում էլ այդ մասին հիշատակվեց։ Կադրերում արդեն պատկառելի տարիքում երգիչը երեխաների հետ իր անզուգական ձայնով կատարում է «Երնեկ թե այս նոր տարին» երգը, իսկ Գինոսյանն ավելացնում է. «Իրոք խորան էր Հայրիկ Մուրադյանը մեզ՝ իր սաներից բոլորի համար»։

Անդրադարձ է կատարվում նաեւ Գինոսյանի բանահավաքչական գործունեությանը, երբ նա շրջում էր տարբեր գյուղերով ու բնակավայրերով, ծանոթանում տարեցների հետ, տեսանկարահանում ու սովորում տարբեր նահանգների հին եւ մոռացության մատնվող պարերը՝ այդկերպ փրկելով ու նոր կյանք հաղորդելով նրանց։  

«Մեր եւ ուրիշների կողմից բանահավաքչության շնորհիվ հավաքագրված պարերը կարողացանք մաքրել, վերծանել, սովորեցնել եւ բեմում հանրահռչակելուց հետո՝ վերադարձնել ժողովուրդին»,- շարունակում է Գինոսյանը։ 

Այդ գործունեության արդյունքում էլ նա մի հետաքրքիր գաղափար ունեցավ ու 2001 թվականին որոշեց Կարնո մշակույթը հայ ժողովրդին վերադարձնելու առաքելությամբ ստեղծել «Կարին»-ը։ Սակայն տարիների թելադրանքով ու պահանջով խմբի պարացանկի եւ երգացանկի աշխարհագրությունը ընդգրկեց գրեթե ողջ հայկական լեռնաշխարհը։ 
 
Սակայն դրանով էլ Գինոսյանը չբավարարվեց, նա որոշեց հայկական պարը վերադարձնել բոլորին եւ մեծից մինչեւ փոքրը վարակել նրանով: Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ազգային երգ ու պար առարկան, որը ներդրվեց հայկական դպրոցներում՝ հարյուրավոր երեխաների օգնելով կապվել սեփական արմատների հետ։ 


Գինոսյանն ու «Կարին»-ն անգնահատելի ու հսկայական ներդրում ունեցան  հայկական պարերի վերածննդի ու համաժողովրդական վերելքի համար: Այսուհետ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը հայկական երգ ու պարերի սիրահարները գիտեն «Մեր պարերը եւ մենք» խորագրի ներքո որտեղ հանդիպել՝ տաք եղանակին նրանց հավաքատեղին Կասկադի «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի տարածքում է, իսկ անբարենպաստ պայմաններին՝ «Նարեկացի» արվեստի միությունում:

«Պարը ծնվեց այն ժամանակ, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգեւորությունը խոսքի եւ նույնիսկ երգի միջոցով արտահայտել։ Պարն աճեց, զարգացավ ու դարձավ արվեստների թագը, որովհետեւ միակն էր, որ միաձուլեց մարդու հոգին ու մարմինը, պարը մարմնի երգն է, եւ նկարչությունն է մարմնի միջոցով, պարը մտքի սլացքն է, ոգու կռիվն ու հերոսացումը, պարը կնոջ հեզ նազանքն է, ու տղամարդու զորեղ զարկը»,- գրել է Գինոսյանը։  

Բայց նա միայն պարի միջոցով չէ, որ արթնացնում էր հայերի ոգին, Գինոսյանի ողջ գործունեությունն ու կյանքը նվիրված էր հայրենիքին ու նրա մշակույթին: «Կսեն հեղափոխություն էղավ, իշխանություն փոխվեց, բայց թուրք չփոխվեց, թուրքը նույն թուրքն է, ու թե կուզենք հայոց աշխարհը խաղաղություն ու ազատություն էղնի, հայի զենքն իր ձեռքի շարունակությունը պիտի ըլլա»,- Անդրանիկ Օզանյանի այս խոսքերը երեկոյի ընթացքում հնչում են Գինոսյանի շուրթերով:
 
Իսկ երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը նրա «Ողջույն տղերք» գրքից մեջբերումն էր, որը նվիրված է Արցախյան առաջին պատերազմում իր նահատակված ընկերներին. «Ողջո՜ւյն, տղե՛րք… Ողջո՛ւյն տվեք մեր դարավոր նահատակաց: Ողջույն, տղե՛րք, դուք՝ նահատակ, դուք՝ բյուր զոհեր՝ հայ բագինին մատաղ տրված: Ողջո՜ւյն, տղե՛րք, դուք շատ դաժան գնացիք: Դուք, որ Ձեզ հետ մեր բաժին մահն էլ խլեցիք ու գնացիք, Ձեր արյամբ ոռոգեցիք վաղուց չորացող, բայց, այնուամենայնիվ, չչորացած հայրենասիրության ծառը: Դուք մեզ՝ Ձեր մարտական ընկերներին եւ ողջ հայությանը, հայրենասիրության եւ անձնուրացության թանկ դասեր տվեցիք ու անդարձ անցաք երկնակամարով՝ սահող ասուպի նման...


Ա՜խ, տղե՛րք… Գանձասարը վկա, Դուք պիտի այսօր հաղթանակի պարը պարեիք: Ձեր «Յարխուշտայից» ամբողջ Հայաստանը պիտի թնդար… 

Ձեզնից շատերի հերոսությունը ավելին էր, քան Ձեր մատաղ տարիքին էր վայել:
Ապրե՛ք, տղե՛րք… եւ Ձեր ուխտվածությամբ ապրեց հայրենիքը: Դուք հեգնեցիք մահը՝ հանուն բյուր կենաց: Անգիտացաք մահու եւ կենաց սահմանը՝ Ձեր կյանքի գնով ինքնըստինքյան սահմանագիծ գծելով մեր ու Ձեր միջեւ: Եվ այն Եռաբլուր կոչեցիք:
Գալիս ենք Եռաբլուր և ասում.«Ողջո՜ւյն, տղե՛րք»: Միակ տեղը, ուր վայել է գլուխ խոնարհել, և միակ դեպքը՝ Հայոց Եռագույնից բացի, ուր վայել է մի ծունկը զգետնել: Արժանապատիվ է ծնկաչոք համբուրել միայն սուրբ Եռագույնը եւ Ձեզնով սրբացած Եռաբլուրը՝ գիտակցելով, որ այստեղ նիրհում է մի բուռ տիեզերք…»:

Երեկոն ավարտվեց ազդեցիկ ու հուզիչ «Չալմը դանգը» պարով, որը Գինոսյանն այնքան յուրահատուկ կերպով էր կատարում: Իսկ վերջում Անի Գինոսյանի շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ իրենց համար այդքան կարեւոր օրը միասին կիսելու համար։ 

«25 տարին բավական երկար ճանապարհ է, եւ շատ կարեւոր է, թե մենք այդ ճանապարհի ընթացքում ինչ ենք հասցրել անել: «Կարին»-ը վաղուց ոչ միայն ուղղակի երգի ու պարի խումբ է, այլ նաեւ համայնք, որն իր շուրջն միավորում է միեւնույն գաղափարներն ու արժեքները կիսող մարդկանց, նույնիսկ, եթե նրանք աշխարհի տարբեր ծայրերում են գտնվում: Այդ գաղափարի հեղինակը եղել է մեկ մարդ ու նա շատ խորը հավատացել է դրան՝ իր ողջ կյանքը նվիրելով այդ գործին: Այսօր էլ այստեղ ենք հենց այդ նվիրումի շնորհիվ: Գագիկ Գինոսյանի մասին պատմեցինք մի փոքր այլ տեսանկյունից, փորձցինք ձեզ օգնել ճանաչել նրան ու իր խոհերը։ Բայց ամենալավ գնահատականը նրա գործի շարունակությունն է։ Այս 25 տարիների համար ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կարինի»՝ երբեւէ եղած բոլոր կազմերին, բայց առավել շատ այն մեկին, ով հիմա կանգնած բեմին ու իր ֆիզիկական բացակայությունից հետո շարունակում է նույն ճակատում կռիվ տալ»,- հանդիսատեսին դիմելով՝ ասել է Գինոսյանը։ 

Նա ավելացրել է, որ համերգը եւս մեկ անգամ ընդգծել է, թե ինչ ուղղությամբ են շարժվում առաջ ու դեռ ինչքան անելիքներ ունեն: Շարունակելու են զբաղվել Գագիկ Գինոսյանի սկիզբ դրած գործունեությամբ՝ ուսումնասիրելու են, վեր են հանելու ու ժողովրդին են վերադարձնելու հայկական մշակույթի կարեւոր ավանդույթները. «Թույլ չենք տալու նրա դրված հիմքերը վերածվեն թանգարանային նմուշի: Ամեն ինչ անելու ենք, որ ավանդական մշակույթը շարունակի կենցաղավարել հայերի կյանքում»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW