×


«Կաննի կինոշուկայում շատ ենք աշխատել ու շատ ավելին ունենք, քան պատկերացնում էինք»․ Ջիվան Ավետիսյան

Հուլիսի 6-17-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում անցկացված 74-րդ միջազգային հեղինակավոր կինոփառատոնին զուգահեռ ընթացավ նաեւ ամենամյա կինոշուկան, որին Հայաստանի ֆիլմարտադրողներից այս տարի եւս մասնակցում էր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր թիմով։ Վերջինս BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ առիթով էին մեկնել, ինչ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել արտասահմանցի կինոգործիչների հետ, ինչպիսի արդյունքներ են գրանցել, եւ մասնավորապես ինչ փուլում է «Վերածնվածը» ֆիլմի ստեղծման համար ֆինանսական նվիրաբերումների գործընթացը։

Ջիվան Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ Կաննի կինոշուկաներին մասնակցում է 2013 թվականից։ Վստահ է՝ դա կինոյի զարգացման ու կարեւոր գործնական կապեր ստեղծելու լավագույն ճանապարհներից մեկն է, եւ պետական մակարդակով էլ պիտի խրախուսվի հայ ֆիլմարտադրողների մասնակցությունը միջազգային կինոշուկաներին։ Այս տարի ռեժիսորն իր չորս հոգանոց թիմի հետ մեկնել էր Կանն՝ իրենց ավարտված եւ ընթացիկ ֆիլմերի առաջխաղացման նպատակով.

«Հանդիպումներ, քննարկումներ ունեցանք արդեն նկարահանված «Թեւանիկ», «Վերջին բնակիչը» եւ մասնավորապես «Դրախտի դարպասը» ֆիլմերի տարածման համար։ Նախորդ տարվա համավարակի պատճառով «Դրախտի դարպասը» չէր հասցրել ցուցադրվել Հայաստանից դուրս, եւ հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Բացի այդ, քննարկումներ եղան նաեւ ընթացիկ ֆիլմերի շուրջ։ Դրանցից են «Վերածնվածը», «Սեւ ցուցակը», ինչպես նաեւ չորս նոր նախագիծ, որոնք գտնվում են գաղափարի զարգացման փուլում»։


Ռեժիսորի խոսքով՝ բանակցությունների արդյունքները սպասվածից լավ են եղել։ Թեեւ կինոշուկան նախորդ տարիների պես ակտիվ չի եղել, բայց մասնակցելու են եկել միայն այն մարդիկ, որոնք իսկապես աշխատելու, համագործակցելու նպատակ են ունեցել․«Եթե նախորդ տարիներին օրվա ընթացքում ունենում էինք հինգ-վեց գործնական հանդիպում, որոնք որակական առումով այդքան էլ հաջող չէին, ապա այս տարի բոլորը կարծես թե եկել էին որեւէ ձեւով իրենց նպատակին հասնելու։ Իհարկե, առցանց կինոշուկան միշտ էլ գործել է, եւ ես միշտ այդ հարթակում ակտիվ շփման մեջ եմ եղել, բայց դա նույնքան արդյունավետ չէ, որքան նույն վայրում, նույն ժամանակում կինոգործիչների հետ դեմ առ դեմ հանդիպելը։ Այնպես որ մենք բավական լավ ենք աշխատել, ու կարելի է ասել՝ շատ ավելին ունենք, քան պատկերացնում էինք։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կզարգանան նախագծերը, ինչպես կստացվի համագործակցությունը տարբեր մարդկանց, ընկերությունների հետ»։

Ջիվան Ավետիսյանը


Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է «Վերածնվածը» ֆիլմի նվիրաբերումների գործընթացը, որը բաց է աշխարհի բոլոր անկյուններից մասնակցել ցանկացողների համար (նվիրաբերել կարող եք հետեւյալ հղումով՝ https://igg.me/at/xkHKwaCdnjE/x/26665115#/։ Ռեժիսորն ասաց, որ արդեն հասցրել են հավաքել 66 հազար դոլար, որը, ըստ նրա, բավական լավ արդյունք է:

«Վստահ եմ՝ մենք կհասնենք մեր նախատեսած 100 հազարին, եւ ապա աշնանը կդիմենք Հայաստանի ազգային կինոկենտրոնին՝ եւս 100 հազարով ֆինանսավորման համար։ Այդ ֆինանսական պլանի համաձայն ամեն քայլ իրականացվում է, եւ հաջորդ տարի Աստծո կամոք կսկսենք «Վերածնվածը» ֆիլմի նկարահանումները։ Նաեւ զուգահեռ աշխատում ենք նոր նախագծերի վրա, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնի․ առայժմ կոնցեպտի զարգացման փուլում են։ Իսկ «Վերածնվածն» իր առջեւ դրված նվիրաբերումների խնդիրը լուծում է։ Դժվար է բնականաբար, հիմա Հայաստանում շատ դժվար է ամեն ինչ, բայց աշխատում ենք գիշեր-ցերեկ ու փորձում ենք օգտագործել կինոն՝ որպես արվեստի լավագույն միջոց։ Պիտի կարողանանք շատ բան ուղղել մեր սխալներից եւ սթափվել, գիտակցել, հասկանալ, թե ինչ է կատարվել մեզ հետ, ուր ենք գնում, որտեղ պետք է կանգ առնեինք, որ չենք առել, եւ օր առաջ կարողանանք շտկել մեր մեջքը»,- եզրափակեց նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ջիվան Ավետիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին