×


«Ես ու կինս ամենամտերիմ ու ֆանտաստիկ ընկերներ ենք դարձել». Ռուբեն Մուրադյան

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանին առաջին գլխավոր դեր վստահվեց 16 տարեկանում։ Երբեք չի երազել բալետային պարող դառնալու մասին ու արվեստագետների ընտանիքում չի մեծացել: Ծնվել է աշխատավորների ընտանիքում եւ չորս եղբայրներից ամենափոքրն է: Մայրական կողմը մշեցի է, հայրական կողմը՝ սասունցի։ BRAVO.am-ի զրուցակիցը hայկական բալետի Սպարտակն է։

«Քաղցրավենիքով խաբեցին ու բերեցին»

Ծնվել ու մեծացել եմ Չարբախում, բավական հեռու էի բալետային արվեստից, բայց բավական մոտ էի կյանքի դպրոցին։ Զբաղվում էի թեքվանդոյով ու ուզում էի դառնալ օլիմպիական չեմպիոն։ Անգամ չգիտեի, որ թեքվանդոն դեռ օլիմպիական մարզաձեւ չէր։ Հորաքույրս ու հայրս քաղցրավենիքով խաբեցին ու բերեցին Պարարվեստի ուսումնարան։ Հայտնվեցի իրարից սարսափելի տարբեր միջավայրերում։ Սկզբում շատ ծանր էի տանում, չէի համբերում, թե երբ պետք է դասերն ավարտվեն, գնամ տուն։ Անգամ տուն չէի մտնում. թաղի տղաների հետ գնում էի Չարբախի փոս  ու մինչեւ ուշ գիշեր խաղում էինք հալամուլա, գործագործ, հավալա, պախկվոցի։ Այդ վիճակը տեւեց մոտ երկու տարի, մինչեւ մենք Չարբախից տեղափոխվեցինք Զեյթուն։ Բայց հետո շատ արագ կապվեցի ուսումնարանի հետ։ Այստեղ դրական ու լավ մթնոլորտ էր տիրում՝ պահակներից սկսած մինչեւ դասախոսներ։ Անհնար է չսիրահարվել այս աշխարհին։

Ռուբեն Մուրադյանը


Հայրն իր երազանքն իրականացրեց տղայի միջոցով

Հայրս միշտ երազել է դառնալ արտիստ, հայտնվել բեմում։ Անգամ 60-ականներին,  չգիտեմ՝ ինչպես, հայտնվել էր Սունդուկյանի անվան թատրոնի առաջին ստուդիայում։ Աշխատել է որպես ռեկվիզիտոր։ Դա էլ պատճառ է հանդիսացել, որ սերը թատրոնի հանդեպ մեծանա։ Հետո ցանկացել է գնալ Մոսկվա՝ սովորելու, բայց տատս ու պապս դեմ են եղել։ Ու ես կարող էի նրա երազանքն իրականացնել։ Սովորաբար հայ ընտանիքներում մայրերն են ուզում, որ տղաներն իրականացնեն իրենց երազանքները, բայց մորս միակ ցանկությունն էր, որ մենք միշտ իր կողքին լինեինք ու շատ ժամանակ անցկացնեինք իր հետ։ Մինչեւ հիմա էլ այդպես է։ Ես արդեն իմ ընտանիքն ունեմ, բայց կարող է բարկացած զանգել ու հարցնել․«Ո՞ւր ես, դո՛ւ ըտենց էլ մարդ չդարձար, ախր ժամը քանի՞սն է, դու դեռ տանը չես, վաղը եթերի ես»։ Բայց չեք պատկերացնի, թե դա ինչ համով ու սիրուն բան է, էնքան սեր ու քաղցրություն կա այդ ամենի մեջ, երբ մայրդ այս տարիքում ամեն օր զանգում է քեզ։

16 տարեկանում վստահվեց գլխավոր դերը «Ժիզել»-ում

Ավագ սերունդը, բառիս բուն իմաստով, ավագ էր, իսկ մի խումբ էլ այդ ժամանակ արտերկրում էր: Վերականգվում էր «Գայանե» բալետն ու տղաներ էին պետք։ Մեզ նկատեցին Արմեն Գրիգորյանը եւ Վիլեն Գալստյանը, բերեցին օպերա: Բարձրահասակ տղաներ էին պետք, ինձ ու ընկերոջս՝ Պետրոսին, ընտրեցին  ընդամենը հասակի համար, ինչն էլ դարձավ ճակատագրական։ Ամենազվարճալին  այն էր, որ բերեցին «Գայանե» բալետի համար, բայց «Կարմեն»-ում ելույթ ունեցանք: 16 տարեկան էի, Արմեն Գրիգորյանն ինձ վստահեց «Ժիզել» ներկայացման գլխավոր դերը: Սա արդեն շատ բարդ ու պատասխանատու ներկայացում էր, իսկ կերպարը՝ գլուխգործոց. «Ժիզելը» շատ ստացված ու շշմելու գեղեցիկ ներկայացում է: Իմ կարիքը զգացվեց, վստահեցին ինձ այդ վաղ տարիքում: Չնայած՝ թատրոնի 82 տարվա պատմության ընթացքում նման դեպք չէր եղել, որ ուսումնարանի 16 տարեկան ուսանողն ակադեմիական թատրոնում արդեն որպես մենակատար ելույթ ունենա: Երեւի թե կարողացա ինչ-որ ձեւով պատվով դուրս գալ, որովհետեւ դրանից հետո արդեն հաջորդեցին մյուս ներկայացումները: Այդպիսով սկսվեց իմ լուրջ կարիերան` պրոֆեսիոնալ քայլերս: 2005 թվականն էր: Սա մի տեղ է, որ ծանոթ, քավոր-սանիկ չի ճանաչում։ Բեմը հայելի է. դու դուրս ես գալիս ու ամեն ինչ պարզ երեւում է։

Արմինե Գեւորգյանը եւ Ռուբեն Մուրադյանը


Իրարանցում առաջացրած «Սպարտակ» բալետը

«Սպարտակն» իսկապես իրադարձային եղավ ոչ միայն արտիստներիս, այլեւ բալետային արվեստի սիրահարների ու մասնագետների համար։ Մի գեղեցիկ դարաշրջան էր մեր թատրոնի համար։ Մեկ տարի չանցած Գրիգորովիչն ինձ  հրավիրեց Մեծ թատրոն, եւ հյուրախաղերով մեկնեցինք ԱՄՆ. հանդես եկա «Սպարտակ» ներկայացման մեջ՝ Սպարտակի դերապարով։ Իսկ 2018-ին արգելվեց «Սպարտակ» խաղանք, բայց արդեն սկսել ենք բանակցությունները, եւ որոշ ժամանակ հետո պարզ կլինի՝ «Սպարտակը» կվերադառնա բեմ, թե՝ ոչ։

Սերնդափոխություն, մասնագիտական խանդ, զրկանքներ

Վերականգնվել է Պարարվեստի ուսումնարան եւ թատրոն կապը։ Արվեստում մի այսպիսի խնդիր կա, երբ արտիստը մեծանում է, դժվարությամբ է հրաժարվում բեմից, բայց մեր դեպքում բարեբախտաբար այդ խնդիրը չկա։ Իմ պարագայում, կարող եմ ասել, դերեր կան, որ դեռ ունակ եմ պարելու, բայց արդեն իմ տեղը պատրաստել եմ. այդ տղաներն արդեն սպարտակներ, արմեններ, ալբերտներ են պարում։ Իհարկե, հոգու խորքում ցավալի բան կա, բայց ոչ թե այն պատճառով, որ այս երիտասարդներն եկել են, այլ որ արդեն մեծացել ես, մոտենում են այն րոպեներն ու օրերը, որ պետք է հրաժեշտ տաս բեմին։ Իսկ զրկանքի առումով, անկեղծ, չգիտեմ՝ դա զրկանք կարող եմ համարել, թե՝ ոչ։ Միշտ առիթներ եմ ունեցել արտերկրի թատրոնների բեմերում լինելու, բայց նախընտրել եմ կարճ ժամանակով բացակայել երկրից։ Առանց այս թատրոնի ես իսկապես չեմ կարող։

Ցածր վարձատրություն, անսահման նվիրում ու անվերջ աշխատանք։ Գումա՞ր, թե՞ բեմ

Հետաքրքիր հարց տվեցիր։ Օրեր առաջ ընկերոջս հետ էի խոսում, որն ուզում էր մեկնել երկրից։ Ասում եմ՝ «Լավ, ո՞ւր ես գնում։ Լավ է փոքր քաղաքում լինես թագավոր, քան մեծ քաղաքում շարքային քաղաքացի։ Դու այստեղ հեղինակություն ես, ի՞նչ պիտի անես այնտեղ։ Հաստատ մի լույս կբացվի»։ Ես նման դեպքերում միշտ հիշում եմ հորս խորհուրդը՝ «Գումարի համար մի աշխատիր, այլ՝ քո հաճույքի: Ամեն ինչ արա սիրով ու կունենաս արդյունք»։ Մինչեւ հիմա էլ ապրում եմ այդ սկզբունքով։

«Չիպոլինո» բալետը՝ ցավոտ թեմա, քանի որ Վահագն Մարգարյանի թռիչքը մնաց կիսատ

 Հա՜: Իրականում Վահագնը ֆանտաստիկ երեւույթ էր։ Մինչ օրս էլ դժվարությամբ եմ գնում այդ փորձերին, քանի որ անընդհատ այլ հիշողությունների գիրկն եմ ընկնում։  2018 թվականն էր։ Մեծ թատրոնում «Գայանե» բալետն էինք ներկայացում։ 30-ից 40  տարի հայ բալետը չէր եղել Մեծ թատրոնի բեմում։ Պատասխանատվությունը շատ մեծ էր։ Բայց իմ ուշքն ու միտքը Վահագնի պարն էր։ Ես Արմեն էի, ինքը՝ Կարեն։ Հիշում եմ՝ հանդերձարանում զրուցում էինք, ասացի՝ «Ինչքան էլ լարված լինես, քո հաճույքի համար պարիր»։ Վերջում, երբ երկու եղբայր դուրս եկանք խոնարհման,  այդ զգացողությունը երբեք չեմ մոռանա։ Մի քանի անգամ բիսերի ներքո բեմ կանչեցին։ Իսկ թատերական քննադատներն ամենաշատը նրան էին հավանել։ Ես  արդեն վախենում էի, որ նրան կտանեն մեզնից։

Ռուբեն Մուրադյանը


Ընտանիք․ խոշոր աչքերով մի աղջիկ, որին սիրահարվեց ու հենց նրա համար էլ մնաց բալետում

Աղջիկս՝ Աննան, արդեն 7 տարեկան է։ Ինչքան էլ պնդեցի, որ ֆիզիկոս, քիմիկոս դառնա, չընտրի այս մասնագիտությունը, չստացվեց։ Չթողնելը հանցագործություն կլիներ, քանի որ Աննաս իսկապես լավ տվյալներ ունի։ Դե, մայրական կողմում շատ են բալետի արտիստները։ Իսկ Վահագնս 9 ամսական է։ Հաստատ կարող եմ ասել, որ իմ գեներն են ավելի շատ։ Երբ ազգագրական երգեր են հնչում՝ զուռնա, դափ, դհոլ, միանգամից ձեռքը վեր է բարձրացնում ու պարում է։ Անկեղծ, ամենասարսափելին նա է, որ շատ քիչ եմ շփվում երեխաներիս հետ։ Մինչեւ գնում եմ տուն, նրանք արդեն քնած են։ Կինս արդեն սովորել է։ Դե, 22 տարի իրար ճանաչում ենք, ամենամտերիմ  ու ֆանտաստիկ ընկերներ ենք դարձել։

Սերը  չի՞ մարում

Վա՜յ, ինչ ասես՝ լինում է, աշխարհի ամենագեղեցիկ զգացողությունները նոր ձեւավորվող հարաբերություններն են։ Մենք ֆլիրտ ենք ասում, որը հետագայում կամ սեր է դառնում, կա՝ ոչինչ։ Սերն ամեն ձեւ ձեւափոխվում է։ Խենթ ու խելառությունը, բուռն վիճակները, զգացմունքներն ու հույզերը, հետո այլ էտապ է գալիս․ կին- ամուսին, հետո սիրեկան-սիրուհի, հետո՝ հայր-մայր։ Հետո արդեն գալիս ենք մի հետաքրքիր կետի, որն այլ աշխարհ է։ Դառնում եք ֆանտաստիկ ընկերներ ու  բացում հոգու բոլոր խորքերը։

Ինչպես եղավ, որ բոլորին ասաց՝ «Բարի լույս»  

Վատ շրջան էր ու հնարավոր էր՝ վնասվածքների պատճառով հրաժեշտ տայի բալետային արվեստին։ Փոքր ժամանակ, երբ հյուրախաղերի էի գնում, սկսում էի խաղալ լրագրողի կերպար. մոտենում էի մարդկանց ու հարցեր էի տալիս։ Չէի հասկանում անգամ՝ ինչ էին պատասխանում։ Ինձ իրենց հույզերն էին հետաքրքիր։ Առաջարկ ստացա Հանրայինի «Առավոտ լուսո» հաղորդաշարից ու որոշեցի փորձաշրջան անցնել։ Հիմա արդեն իմ կյանքի մի մասն է կազմում։ Շատ սիրում եմ գործընկերներիս, բայց ամեն Աստծո օր, երբ պիտի գնամ աշխատանքի, աշխարհի վերջին խոսքերն եմ ինձ ասում․ ո՞նց կարող է մարդ այս ժամին արթնանա ու գնա եթեր։ Բայց դժվարը մինչեւ հեռուստատեսություն հասնելն է։ Իսկ եթերից հետո թեթեւություն է իջնում վրաս, որ ես ինչ-որ լավ բան եմ արել։ Բայց ինձնից շուտ բարի լույս ասող կա՝ իմ տղան է։ Լուրջ դեմքով նայում  ու ասում է․«Կա՜, կա՜։ Ես կռիվ եմ անում, ասում՝ ա՛յ տղա, ի՞նչ կա, եթե ապագա, ապա մեր Էջմիածնի Ապագա գյուղն է»։

Ռուբեն Մուրադյանը


-Մի քանի բլից հարց. ափսոսում ես ի՞նչի համար:

- Չարածներիս:

- Թույլ կողմերդ:

-Մարդկանց շուտ վստահելը, ծուլությունը:

- Ուժեղ կողմերը:

-Բնավորության մեջ չեմ կարող ասել, իսկ ընդհանրապես իմ ընտանիքը, ընկերներս։ Աշխարհի ամենալավ ընտանիքն ու անդավաճան ընկերներն իմն են։ Ու ես միշտ ասում եմ․«Ի՜նչ լավ է, որ ես իրենց ունեմ»։

-Ինչի՞ն կամ ո՞ւմ ես հավատում:

- Հավատում եմ սիրուն, բարությանն ու բնությանը։

-Ի՞նչ կփոխեիր քո շրջապատում:

- Կուզեի մարդիկ տգետ չլինեն։ Տգիտության պատճառով ամեն ինչ կորցնում ենք։


- Վերջին շրջանում ի՞նչն է քեզ նյարդայնացնում:

-Սուտը, որը բերում է քաոսի։ Եթե յուրաքանչյուրս առավելագույնը տրվենք մեր սիրելի մասնագիտությանն ու ամեն ինչին մոտենանք մեծ պատասխանատվությամբ, ապա մեկ բառով ասած՝ կդառնանք մեկ ազգ, մեկ բռունցք։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW