«Նրա ձայնը ձգողական մեծ ուժ ունի, Գրիգոլոյի ձեռքում այն կրակոտ ու ճկուն գործիք է, որին նա տիրապետում է կատարելապես եւ մեծ կրքով»,- The New York Times-ն այսպես է գրել իտալացի հռչակավոր օպերային տենոր Վիտտորիո Գրիգոլոյի մասին, որը գլխավոր դերերգերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում։ Նրա հզոր ու գրավիչ ձայնը երեկ հնչում էր Երեւանում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
«Չեք կարող պատկերացնել, թե ձեր երկիրը որքան մոտ է իմ սրտին։ Մշտապես գերված եմ եղել հայկական երաժշտությամբ, ձեր «Դլե յաման»-ով ու դուդուկի մեղեդիներով։ Շատ կարեւոր է իմանալ այն երկրի մշակույթն ու երաժշտարվեստը, որտեղ ելույթ ես ունենալու»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում անկեղծացել է իտալացի երգիչը եւ ցույց տվել ձեռքի հայերեն դաջվածքը՝ «Ես սեր տեսա առաջին անգամ եւ հասկացա, որ դու միակն ես․ Աննա 19․05․2024»։
Լուսանկարը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի
Ինչ վերաբերում է հայկական մշակույթի հետ առնչությանը, ապա նշենք՝ Գրիգոլոյի խաղընկերները տարբեր ժամանակներում եւ տարբեր բեմերում եղել են օպերային հայ երգիչներ Հասմիկ Պապյանը, Լիանա Հարությունյանը, Նինա Մինասյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Գեւորգ Հակոբյանը եւ Դավիթ Բաբայանցը։
Վիտտորիո Գրիգոլոյի երեւանյան համերգը տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի եւ Երեւանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր խոսքում նշել է․«Վստահ եմ՝ մեր համագործակցությունը հիանալի կլինի եւ շարունակական։ Նա պատմության մեջ լավագույն տենորներից մեկն է եւ հրաշալի է, որ այսօր մեր երկրում է։ Վստահ եմ նաեւ, որ մենք սկսել ենք այսպիսի փոփ-ջազ ծրագրից, բայց դեռ առիթներ կունենանք օպերաներ ներկայացնել»։
Համերգի ծրագրում ներառված էին հանրահայտ, ժամանակակից եւ դասական երգեր եւ մեղեդիներ, այդ թվում՝ Volare, My way, Arivederci Roma, The Show Must Go On եւ այլն։ Մեծ բեմերում այս երգացանկով նա հանդես է եկել փոփ, ջազ, ռոք եւ օպերային լեգենդների հետ, ինչպիսիք են Սթինգը, Բրայան Մեյը, Ջեյմս Թեյլորը, Լուչիանո Պավարոտտին եւ այլք։
«Յուրաքանչյուր ստեղծագործություն կորցնում է հոգին, եթե չես փորձում որեւէ իմաստ փոխանցել հանդիսատեսին։ Թատրոնում կարող ես դադար տալ, իսկ օպերայում՝ ոչ, ուստի պետք է լիարժեք արտահայտել զգացմունքները, հույզերը։ Եվ ամեն անգամ նորովի ես ներկայացնում երաժշտությունը, որովհետեւ մարդ ես, իսկ մարդու գեղեցկությունը հենց այն է, որ երբեք որեւէ բան չի կարող նույն կերպ կրկնել»,- մեր զրույցում նկատել է երգիչը։
Իր ելույթը Վիտտորիոն եզրափակել է Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» ստեղծագործությամբ՝ որպես հարգանքի տուրք մեծն երաժշտին եւ նրա հայրենիքին՝ Հայաստանին․ «Այս կախարդական մթնոլորտում ձեր բոլորի հույզերն ինձ հետ են, եւ սա լավագույն ճանապարհն է հարաբերվելու համար։ Ուզում եմ անպայման կատարել այս երգը, քանի որ դրա հեղինակը բոլոր ժամանակների մեծագույն արտիստներից է, հավերժ իմ սրտում է եւ արմատներով ձեր երկրից է»,- ասել է նա։
Համերգն ավարտվել է հանդիսատեսին ուղղված «ես քեզ սիրում եմ» հայերեն խոստովանությամբ եւ շուտով նորից հանդիպելու խոստումով։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: