×


Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» գրքի եւ երաժշտական նախագծի ինքնատիպ շնորհանդեսը Համալիրում

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 24-ի միջոցառմանը հանդիսատեսի մեծ մասը փոքրիկներն էին։ Առիթն ամերիկացի հանրահայտ գրող, կոմպոզիտոր Դեն Բրաունի առաջին մանկական գրքի՝ «Վայրի սիմֆոնիա»-ի շնորհանդեսն էր եւ համանուն երաժշտական նախագծի պրեմիերան Հայաստանում։ Համատեղ ծրագիրն իրականացնում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ «Զանգակ» հրատարակչությունը։

«Նախագիծը Հայաստան բերելու գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն էր։ Այն մի քանի բաղադրիչներից կազմված նախագիծ է, որ հաջողությամբ ներկայացվել է արդեն 37 երկրում։ Դեն Բրաունն ամբողջ ծրագրի հեղինակն է։ Նրա մանկության երազանքն է եղել գրել մի ստեղծագործություն, որ կմիաձուլի գրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը։ Մենք այս նախագիծը Հայաստանում իրականացրինք մեր գործընկեր «Զանգակ» հրատարակչության հետ, որն էլ թարգմանեց «Վայրի սիմֆոնիա» գիրքը։ Ի դեպ, այսօրվա շնորհանդեսի շրջանակում ներկայացվում է նաեւ «Wild Symphony» բջջային հավելվածը, որը հնարավոր է անվճար ներբեռնել եւ վայելել սիմֆոնիկ կատարումները՝ նախապես ձայնագրված Զագրեբի փառատոնային նվագախմբի կողմից»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի զարգացման բաժնի ղեկավար Մարտին Թովմասյանը


Իր խոսքում նա նկատեց, որ 37 երկրների թվում Հայաստանը միակն է, որ այդպիսի մեծ դահլիճում է անցկացնում երաժշտական նախագծի պրեմիերան, ինչպիսին Մարզահամերգային համալիրն է։ Նա նաեւ ընդգծեց, որ նախագիծն ունի կրթական ուղղվածություն՝ մանուկների շրջանում մեծացնել սերը դասական երաժշտության նկատմամբ, ճանաչելի դարձնել երաժշտական գործիքները (գիրքը նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար)․«Սա մի հրաշալի տոնակատարություն է երեխաների համար, որն ավելի է մոտեցնում դասական երաժշտությանը։ Այս դեպքում սիմֆոնիան գրված է հենց երեխաների համար։ Հուսամ՝ ապագայում կրկին առիթ կունենանք ունկնդրել այս հրաշալի ստեղծագործությունը Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ»։


Մինչ համերգային ծրագրի մեկնարկը Համալիրի նախասրահում տեղի ունեցավ «Վայրի սիմֆոնիա» գրքի շնորհանդեսը, որտեղ փոքրիկ հյուրերին ու նրանց ծնողներին ներկայացվեցին ստեղծագործության առանձնահատկությունները, հրատարակության առավելություններն ու ինքնատիպ հնարավորությունները։ Մասնավորապես այդ հեքիաթում տարբեր գործիքներ նվագող գազանները փոքրիկ հանդիսատեսին տանում են իրենց անտառային երաժշտական արկածի հետքերով՝ միասին բացելու դասական երաժշտության կախարդիչ աշխարհի դռները եւ մտորելու շատ կարեւոր երեւույթների մասին։ Բացի այդ, գրքի էջերում կան QR կոդեր, որոնց օգնությամբ հնարավոր է ներբեռնել համանուն բջջային հավելվածն ու լսել յուրաքանչյուր բանաստեղծության հիման վրա գրված սիմֆոնիան։


«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստեղծագործությունը լույս է տեսել պատկերագրքի ձեւաչափով, այսինքն՝ ոչ տառաճանաչ երեխաները կարող են բովանդակությանը ծանոթանալ նկարների միջոցով, մինչ ծնողները կընթերցեն բանաստեղծությունները նրանց համար․«Գիրքն ընդհանուր առմամբ առակատիպ է, այսինքն՝  կենդանիների վարքագծի միջոցով երեխաներին ներկայացվում է, թե ինչ դասեր կարելի է քաղել նրանց կենսակերպից, ինչ կարելի է սովորել։ Եվ տարբեր իմաստություններ է դուրս բերում գրքի գլխավոր հերոսը՝ մաեստրո Մկնիկը, որը շրջում է անտառով մեկ ու կենդանիների օգնությամբ նվագախումբ հավաքում։ Գիրքը հայերեն է թարգմանել հաղորդավար Սերգեյ Սարգսյանը, որը մասնագիտությամբ հենց թարգմանիչ է։ Ու քանի որ ստեղծագործությունները չափածո են (գիտեք՝ դրանք այնքան էլ հեշտ չէ թարգմանել), մենք կարծում ենք՝ նա բավական լավ լուծումներ է գտել։ Իսկ արդեն հիմնական կարծիքները կսպասենք մեր մանուկ ընթերցողներից»։

Էմին Մկրտչյանը նաեւ հավելեց, որ գիրքն արդեն վաճառվում է Հայաստանի բոլոր գրախանութներում, ինչպես նաեւ իրենց ընկերության վեբկայքում՝ www.zangakbookstore.am-ում։


Գրքի շնորհանդեսին հաջորդեց օրվա բուն միջոցառումը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ եւ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ երաժշտական նախագծի ներկայացումը, որին մասնակից էր նաեւ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ Նա փոքրիկ հանդիսատեսի համար ընթերցում էր բանաստեղծությունները, իսկ բեմի մեծ էկրանին զուգահեռաբար ցուցադրվում էին գրքի բոլոր էջերը՝ իրենց պատկերազարդումներով։ Նախագծի հեղինակներին հաջողվել էր մեծ ու փոքր ունկնդիրներին տեղափոխել Դեն Բրաունի հեքիաթի կախարդական աշխարհ՝ լի զարմանահրաշ հնչյուններով ու պատմություններով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW