×


«Մինչեւ վերջ երկարաձգում էի այդ պահը»․ Էվա Ոսկանյանի նոր տեսահոլովակը՝ նվիրված զոհված զինծառայողին

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողին՝ Մոսին, նվիրված տողերը, որ երգ դարձան: Էվա Ոսկանյանի նոր՝ «Մամ ջան» երգի տեքստի հեղինակը տղայի մորաքույրն է՝ Սյուզի Սաֆյանը, որը մասնագիտությամբ երաժշտությանն ու գրականությանը մոտ էլ չէ, պարզապես մի օր ձեռքն է վերցրել գրիչն ու թղթին հանձնել մտքում եղած տողերը՝ հույզերի մի ողջ պաշարով։ Հետո, երբ բանաստեղծությունն արդեն գրված է եղել, միջնորդի օգնությամբ այն ներկայացրել է երգչուհի Էվա Ոսկանյանին եւ խնդրել այդ տողերի հիման վրա երաժշտություն գրել։ BRAVO.am-ի հետ զրույցում Էվան պատմել է երգի եւ տեսահոլովակի ստեղծման ընթացքի, բարդությունների եւ իրեն մտահոգող կասկածների մասին։

«Սյուզիին չէի ճանաչում, եւ երբ միջնորդ աղջիկն ինձ հարցրեց՝ կգրեմ երաժշտությունը, շատ ներողություններ խնդրեցի, բացատրեցի, որ այդ թեմային չեմ կարող մոտենալ, ի վիճակի չեմ։ Ասաց՝ լավ, ամեն դեպքում ուղարկի տեքստը, գոնե կարդամ։ Ու երբ բանաստեղծությունը վերցրի ձեռքս, այնպիսի տպավորություն էր, թե այդ հինգ տունը շատ երկար եմ կարդացել, մեկ ժամից ավելի։ Կարդացի, ավարտեցի, զանգեցի ու ասացի՝ կգրեմ։ Իրականում չէի էլ պատկերացնում՝ ինչպես եմ գրելու, ինչպես եմ այդ ամենի տակից դուրս գալու՝ կոպիտ ասած։ Մի քանի օր շարունակ այդ տողերն անցկացնում էի իմ միջով, փորձում էի ըմբռնել, եւ մեկ շաբաթ անց գրեցի»,- պատմում է Էվան։



Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսված չի եղել, որ ինքն էլ կատարելու է երգը։ Երկու ամիս շարունակ փնտրել է տղայի, որը կհամաձայնի կատարել, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն ավարտվել․«Այն տղաները, որոնց ես էի պատկերացնում երգելու համար, միանգամից հրաժարվում էին, երբ հասկանում էին՝ ինչի մասին է խոսքը, պարզաբանում էին, որ չեն կարող այդպիսի պատասխանատվություն վերցնել։ Ու ինձ թվում է՝ ես էլ մինչեւ հիմա լիարժեք չեմ պատկերացնում՝ ինձ վրա ինչ պատասխանատվություն եմ վերցրել։ Ես առնվազն սեռով պայմանավորված չէի կարող դա երգել, ի սկզբանե դա չի էլ քննարկվել։ Բայց ի վերջո այնպես ստացվեց, որ ես նաեւ կատարեցի։ Իրականում մինչեւ հիմա էլ հույս ունեմ՝ կլինի մի տղա, որ թեկուզ հետո կերգի այս երգը, ու ամեն ինչ իմ ներսում տեղը կընկնի առնվազն կատարողական առումով»,- անկեղծանում է երգչուհին։


Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է, որի հետ Էվան համագործակցում է վերջին տարիներին։ Ասում է՝ միակ մարդն է, որին կարող էր վստահել այդ աստիճան նուրբ ու ծանր թեման․ «Տեսահոլովակում օգտագործվել են Մոսի իրերը, այդ թվում՝ կիթառը։ Այդ օրը, երբ գնացինք նկարահանման, մինչեւ վերջին պահը երկարաձգել եմ այն հատվածը, երբ անմիջական առնչություն պիտի ունենայի իրերի հետ, որովհետեւ այդտեղ ուղղակի քանդվել եմ, շատ տարօրինակ զգացողություն էր։ Սա շատ մեծ պատասխանատվություն է, որը դեռ չգիտեմ՝ որքանով եմ արդարացրել։ Շատ մեծ կասկածների, տատանումների ու քննադատության մեջ եմ ինքս ինձ հետ»։


Էվան նաեւ հավելել է, որ ձայնագրության ու գործիքավորման հարցում իրեն օգնել է Լիլիթ Նավասարդյանն իր ամուսնու՝ Լեւոն Նավասարդյանի հետ։ Նախագծին որպես գեղարվեստական ղեկավար մասնակցել է Լուսինե Սուքիասյանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էվա Ոսկանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW