×


«Քաղաքը պետք է արվեստի դեմք ունենա». Արեւ Պետրոսյան

Նկարչուհի Արեւ Պետրոսյանի հետ զրուցեցինք նրա ցուցասրահում, որը կարծես մշակութային օազիս լիներ անհամար սրճարանների եւ ռեստորանների մեջ: Արվեստագետի հետ զրույցը միշտ նոր հույզեր ու նոր նրբերանգներ է բերում, որոնք մինչ այդ թերեւս նկատելի չէին: Նկարչուհու մտքերն ու հույզերը շաղկապված են ու դրանից երկուսն էլ ավելի ազդեցիկ են դառնում:

- Ձեր բնավորության ո՞ր գիծն է Ձեզ ամենաշատը բնորոշում:

- Ինչ էլ պատահի, միշտ դրական եմ տրամադրված: Աշխարհն էլ քանդվի, ես այդ ամենի մեջ մի հետաքրքիր բան կտեսնեմ: Գուցե դա կենսակերպի՞ց է, չգիտեմ, բայց գիտեմ, որ բնավորության այդ գիծը հաստատ բնատուր է, ձեռքբերովի չի: Երբեմն հանդիպում եմ մարդկանց, որոնք անընդհատ բացասական բաներով են ապրում, իմ դեպքում լրիվ հակառակն է. ես դրական հույզերով եմ ապրում: Բոլորին թվում եմ զգացմունքային, նուրբ, բայց բավական է էքստրեմալ որեւէ իրավիճակ լինի, առաջինը ես եմ օգնության հասնում: Այդ պարագայում ես արագ եմ, իրատես, կոնկրետ, մեջս էլ՝ զրո էմոցիա, վախ, լաց, հուզմունք...

Արեւ Պետրոսյանը


- Սովորաբար, Ձեր զգացմունքները ցո՞ւյց եք տալիս, թե՞ գերադասում եք ամեն ինչ ներսում պահել:

- Ոչինչ ցույց չեմ տալիս: Շատ քիչ մարդիկ կան, որ իրապես մինչեւ վերջ ինձ ճանաչում են: Ինձ ճանաչում են, բայց իմ ներքին հույզերը, անհանգստությունները, խնդիրները կամ դժվարությունները որեւէ մեկը չգիտի:

- Կարծում եք՝ սխա՞լ է դժվարությունների կամ խնդիրների մասին խոսել:

- Կարծում եմ՝ երբ խոսում ես դժվարությունների մասին, դրանք շատանում են: Երբ մենակ դու գիտես, կարողանում ես խնդրին հեշտ լուծում տալ, բայց երբ այն սկսում է մարդկանց մեջ տարածվել, ավելի շատանում է:

- Ձեր կարծիքով՝ երեխային պետք է ազա՞տ մեծացնել, թե՞ ճիշտ կլինի ավելի խիստ լինել:

- Միշտ փորձել եմ տղամարդ-կին հավասարակշռությունը պահել, քանի որ տղայիս` Տիգրանին, մենակ եմ մեծացրել: Հասկացել եմ, որ մայրական սերն այսպես, թե այնպես, կա: Կա նաեւ հոգատարություն, հիացմունք, ամեն ինչում հուսադրելու պատրաստակամություն: Մյուս կողմից, քանի որ մենակ եմ մեծացրել, միշտ գիտակցել եմ, որ պետք է լինեմ ավելի խիստ եւ պահանջկոտ՝ այդ պակասը լրացնելու համար: Շատ խիստ կարգուկանոնի մեջ եմ պահել մինչեւ 6-7-րդ դասարան, որից հետո ինքն ուղղակի կոտրեց այդ կարգապահություն ասվածը եւ որոշեց իր կերպ ապրել: Հիմա կամաց-կամաց վերադառնում է այն ամենին, ինչ տվել եմ իրեն: Ամեն դեպքում բանակն էլ է շատ-շատ փոխում տղաներին: Ես շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ ինքը զինվոր է եւ բանակում է ծառայում: Իմ որդին պատերազմ անցավ եւ այնտեղ իր մեջ դրսեւորվեցին այնպիսի որակներ, որոնցով հպարտանում եմ:

Արեւ Պետրոսյանը


- Որքա՞ն ժամանակ է ծառայում Տիգրանը:

- Մեկ տարին դեռ չի լրացել: Ծառայությունը սկսելուց անմիջապես հետո պատերազմ սկսվեց:

- Ինչպե՞ս անցկացրիք այդ 44 օրը:  

- Գիտեք, ինձ բոլորն ասում էին, թե ես ինչ ուժեղ եմ: Իրականում ոչ թե ես էի այդպիսին՝ այնքան ուժեղ, այլ ինքն էր այնտեղ այդպիսին եւ ինձ ուժ էր տալիս: Վախ չի ունեցել, նվվալ չի ունեցել, երբեք ինձ չի բողոքել:

- Իսկ պատերազմից երբեւէ պատմե՞լ է:

- Մի պահ եղավ, երբ մենք՝ ես ու Արեգը՝ քանդակագործ եղբայրս, Վահագնը` մյուս եղբայրս(շատ ամուր ընտանիք ենք քույր-եղբայրներով), ամեն ինչ անում էինք, որ ինքը խոսի, ինչ-որ բան պատմի, որպեսզի այն, ինչ փակ է իր ներսում, դուրս գա: Մեզ համար կարեւոր էր, որ իրենից լսեինք՝ ինչ բան է պատերազմը եւ ինչ է ինքը տեսել: Այդ ընթացքում աչքիս առաջ մեծացավ. 18 տարեկան երեխա գնաց եւ շատ հասուն մարդ վերադարձավ: Ուրիշ երեխաների մահ տեսած, վախ ապրած, պայքարի մեջ մտած հասուն տղամարդ տեսանք իրեն, երբ տուն եկավ: Սկզբում քիչ էր պատմում, բայց հետաքրքիր է, որ պատմում էր Օմարի լեռնաշղթայի գեղեցկությունից եւ ասում էր.  «Մամ, չես պատկերացնի, երբ լույսը բացվում էր, եւ մենք վերեւում կանգնած էինք, ամեն ինչ մոռացվում էր: Մեկ էլ արեւը դուրս էր գալիս ու այդ արեւի տակ սպիտակ ձյունն այնպես էր փայլում»: Միայն բնության գեղեցկությունից էր պատմում: Հետո սկսեց իրական պատերազմից պատմել, բայց փորձում էր պատմել հումորով, որպեսզի այդ ամենն այդքան դաժան չթվա:

- Պատերազմը Ձեր կտավներում երեւո՞ւմ է:

- Մի նկար ցույց կտամ: Այդ նկարում պատերազմի ողջ դաժանությունը երեւում է: Այն մեծ, կարմիր, կլոր նկար է՝ արեւի ձեւով:

Լենա Գեւորգյանը եւ Արեւ Պետրոսյանը


- Արվեստագետներ կան, սիրում են մեկուսանալ, իրենց արվեստանոցում փակվել եւ ստեղծագործել: Ձեր պարագայում ինչպե՞ս է:

- Ես շատ սիրում եմ շփվել, դա ինձ հնարավորություն է տալիս մարդկանց ավելի շատ ուսումնասիրել: Նրանք ինձ դուր են գալիս հենց այնպիսին, ինչպիսին կան: Ոչ մեկին չեմ պարտադրում որեւէ բան, չեմ փորձում փոխել ինչ-որ բան: Նրանց տարատեսակությունն է ինձ դուր գալիս. չեմ ընդունում, երբ փորձում են մարդկանց ստիպել հակադրվել իրենց տեսակին՝ այլ մարդ լինել: Ինքս սիրում եմ տարբեր լինել, չեմ սիրում, երբ ասում են՝ դու այսպիսին ես: Ես միատեսակ չեմ, տարբեր եմ. երբեմն մտածկոտ եմ, լինում եմ նաեւ երազկոտ: Պատահում է՝ լուռ եմ, հաճախ աղմկոտ եմ. տարբեր եմ: Չեմ նեղվում նրանից, որ երբեմն տխուր եմ, որովհետեւ տխրության պահերին այնքան հետաքրքիր բաներ են ծնվում: Շատ եմ սիրում սիրելու, սիրահարվելու զգացողությունը, եւ այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ կարեւորն օբյեկտը չէ, որի հանդեպ զգացմունքներ ես տածում, կարեւորը քո ներսի զգացողությունն է: Այդ զգացողությանը դու պետք է պատրաստ լինես, պետք է պատրաստ լինես այդ ապրումներին, այդ թիթեռնիկներին: Էական չէ՝ ով է, անունն ինչ է, էականը քո զգացողությունն է:

- Դուք գույնի նախընտրություն ունե՞ք:

- Որքան ես հասկացա, նախընտրություն ունեմ ոսկու եւ արծաթի. սիրում եմ թափանցիկի վրա աշխատել այդ գույներով: Գույնն այս պարագայում ածանցյալ է, գուցե այն օգնում է տրամադրություն ստեղծել, բայց հիմնականում աշխատանքը տարվում է արտացոլանքի հետ:

- Իսկ մարդկանց պարագայում գույնի նախընտրությունը նրանց որեւէ կերպ բնութագրո՞ւմ է:

- Իմ կարծիքով՝ այո, բայց կյանքի տարբեր փուլերում գույնի նախընտրությունը փոխվում է: Քիչ է պատահում, որ ողջ կյանքում լինում է գույնի մեկ նախընտրություն: Նախընտրելի գույնը բնորոշում է կյանքի տվյալ շրջանը: Մարդիկ կյանքի շատ տարբեր փուլեր են անցնում, շատ խնդիրներ եւ դժվարություններ են հաղթահարում: Այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Կա տարբերություն՝ որ գույնին ես սիրում նայել, եւ որ գույնը կրել: Կանայք կրում են իրենց հոգեվիճակին համապատասխան գույն: Իհարկե, երբեմն պարտադրված են կրել իրենց երկրի կենցաղով եւ սովորույթներով թելադրված գույներ: Երկրներ կան, որտեղ սովոր են մեր աչքին մի տեսակ անբնական թվացող գույներ կրել: Ժամանակին, երբ Միացյալ Նահանգներից մարդիկ էին գալիս այդ անբնական գույներով, շապիկներով եւ կիսատաբատներով, ես մտածում էի՝ մարդիկ որտեղից են այս գույները հնարել: Մենք հաճախ տեռակոտաների մեջ ենք. մեր բնությունն ուրիշ է: Նույն կանաչները խամրած են, հողի գույնն ուրիշ է, մենք հենց այդպես էլ նկարում ենք կապույտներով, նարնջագույններով՝ մեր երկրի գույներին համապատասխան: Երբ Նահանգներում առաջին անգամ մոտեցա օվկիանոսին, պապանձվել էի. մեր աչքին անբնական թվացող բոլոր այդ գույները, որոնք իրենք օգտագործում են իրենց հագուստի մեջ, այնտեղ տեսա: Այդպիսի մորեգույն, վառ նարնջագույն ես բնության մեջ իմ ողջ կյանում չէի տեսել: Մեր գույներն ուրիշ են:

Արեւ Պետրոսյանը


- Հետաքրքիր է, իսկ ծագումով որտեղի՞ց եք:

- Երեւանցի եմ. մայրս  է Երեւանում է ծնվել: Մորական կողմի տատիկիս նախնիները Նախիջեւանից են, հայրիկիս նախնիները` Մուշից:

- Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար եւ որտե՞ղ են ավարտվում նրա սահմանները:

- Բազմաթիվ հայ գրողներ, մտածողներ, մեր հերոսներից շատերը փորձել են ձեւակերպել՝ ինչ է հայրենիքը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հային իր սեփական պատասխանն է պետք: Այդ հարցի շուրջ ես շատ ու անընդհատ եմ մտածում: Այդ հարցի պատասխաններն իմ մեջ շատ են ու տարբեր: Այո, ես ունեմ պատասխաններ, բայց այդ պատասխաններից հետո էլ, միեւնույն է, դեռ փնտրում եմ՝ ինչ է հայրենիքը. դա ծառն է, թուփն է, տունն է, մարդն է, ի՞նչն է: Ես հակված եմ մտածել, որ մարդկանց այն խումբն է, որոնք խոսում են հայերեն, սովորույթներ ունեն, մարդիկ են, որոնց մենք սիրում ենք, որոնց միջավայրում մեծացել ենք: Ես ծագումով Նախիջեւանից եմ, բայց այնտեղ չեմ եղել, չեմ կանգնել այդ հողի վրա, չգիտեմ՝ ինչ զգացողություններ կունենայի այնտեղ: Արդյո՞ք կզգայի, որ իմ հայրենիքն է: Ես կուզեի այդպես ընկալել եւ տատիկիս պատմությունները վերապրել: Կուզեի պատկերացրել, թե ինչպես է նա մի ժամանակ այնտեղ ապրել, ինչպես է նայել այդ ամենին, ինչ է զգացել, ես ինչ կզգայի... Անընդհատ են իմ մեջ այդ հարցերը. իսկ ո՞րն է ինձ համար հայրենիքը, ո՞վ ասաց, որ այս փոքր հատվածն է, գուցե այն շատ ավելի մեծ է:

- Իսկ այստեղից հեռանալու եւ այլ տեղ ստեղծագործելու ցանկություն երբեւէ եղե՞լ է:

- Չէ, ընդհակառակը՝ որտեղ էլ եղել եմ, ստեղծագործել եմ կամ ապրելու հնարավորություն եմ ունեցել, վստահ եմ եղել, որ որտեղ էլ ապրես, միեւնույն է՝ մեջդ կա այդ ակունքը, որտեղից սնվում ես: Պարտադիր չի, որ դու Հայաստանում լինես, որ հայկական նախշ նկարես, հայրենիքի զգացողությունն ունենաս, դու այն, միեւնույն է, կրում ես քո մեջ: Չնայած այս ամենին, ես սիրում եմ ապրել Հայաստանում, սիրում եմ խոսել հայերերն, սիրում եմ իմ ընկերներին: Սիրում եմ ապրել այստեղ, որովհետեւ ինձ հարմար այստեղ հետաքրքիր է: Այստեղ ես մարդկանց ճանաչում եմ, ուրիշ տեղ դրա համար ինձ ժամանակ է պետք: Դա էլ է, իհարկե, հետաքրքիր, բայց ախր, այս ամենն իմն է: Ես վստահ եմ, որ մարդն ուր էլ գնա, նույնն է, բայց ես այստեղ եմ ինձ լավ զգում:

- Գիտեմ, որ շատ եք ճամփորդում, Հայաստանի մասին դրսում հարցնո՞ւմ են Ձեզնից:

- Հարցնեն, չհարցնեն, ես պատմում եմ: Երբ դրսում եմ, Հայաստանն ավելի շատ եմ սիրում ու կարոտում: Դրսում այստեղի բոլոր թերությունների մասին մոռանում եմ, միայն հիացմունքով եմ հիշում: Հիշում եմ առավոտները, հրաշք մարդկանց, լավ ընկերներին, մամայի պատրաստած համով ուտեստները:

Արեւ Պետրոսյանը


- Երբ դրսում Հայաստանը չեն ճանաչում, դրան ինչպե՞ս եք արձագանքում:

- Կարծում եմ, որ դա խնդիր է, որ պետք է լուծվի: Եթե մեզ չեն ճանաչում, ուրեմն՝ այդքան մեծ դեր եւ նշանակություն չունենք աշխարհում, որ մեզ ճանաչեն կամ հիշեն: Մեկ այլ տարբերակ էլ կա. գուցե իրենք գրագետ չեն: Մենք աշխարհի բոլոր երկրները գիտենք, հաճախ գիտենք նաեւ այդ երկրներում՝ ինչ ծառեր են աճում: Թող իրենք էլ բարի լինեին Հայաստանի մասին իմանալ:

- Հուսահատության այն զգացողությունը, որ մեր հասարակության մի մասի մոտ տիրապետող է դարձել, Դուք ինչի՞ հետ եք կապում:

- Գիտեք, այս իրավիճակը, այս քաոսն էլ է ինչ-որ տեղ բնական. պատերազմ է եղել, պարտություն ենք կրել, զոհեր ենք ունեցել: Մյուս կողմից էլ պատմությունն անընդհատ կրկնվում է, մենք հասկանում ենք, որ մեր պատմության տարբեր փուլերում բախվում ենք նույն խնդրին. քաղաքակրթություն ապրած երկիրը, որ ուզում է արարի, ստեղծի, բախվում է քաղաքակրթական ճանապարհ չանցած ցեղի հետ, որը, միեւնույն է, անընդհատ ուզում է զավթի, տիրանա, վերցնի, սպանի: Սա ժողովուրդների բախում չէ, սա մարդկային տարբեր տեսակների բախում է: Մարդը, որը չունի պատմություն, ուզում է զավթի, տիրանա: Մենք մեր ներուժը ծախսել ենք ստեղծելու, այլ ոչ թե զավթելու վրա, այդ պատճառով էլ երբեմն չենք կարողանում պաշտպանել մեզ: Մենք մշակութային բազմաթիվ արժեքներ ունենք, բայց արդյո՞ք բավարար ուժ, եռանդ կամ գումար ներդնում ենք այդ ամենը պաշտպանելու համար: Ես հիմա շարք եմ սկսել. Քյոթահիայի խեցեգործություն եմ ներկայացնում: Շատ մարդիկ հարցնում են՝ մի՞թե սա իրանական չի: Մենք լավ չենք ճանաչում եւ չենք ներկայացնում մեր մշակույթը: Իրենք վաղուց արդեն վերցրել են Քյոթահիայի խեցեգործությունն եւ ՅՈւՆԵՍԿՕ-ում հաստատել, որ դա իրենցն է, որովհետեւ այդ տարածքն այժմյան Թուրքիայի մեջ է մտնում: Բայց այնտեղ գտնվող բոլոր դպրոցները հայկական են եղել, ջարդերից հետո նրանք Երուսաղեմում են հիմնել խեցեգործության դպրոց եւ այնտեղ են շարունակում իրենց ավանդույթները: Իսկ մեր գորգերով մեր թշնամին աշխարհին է ներկայանում: Մենք կարողանո՞ւմ ենք ի պատասխան որեւէ բան ասել, ոչ, չենք կարողանում: Այս հետպատերազմյան ցավից ու կոտրվելուց հետո, կարծում եմ, ավելի քրտնաջան պիտի աշխատենք, որպեսզի դուրս գանք այս վիճակից: Շատ բաներ դեռեւս պետք է գիտակցենք ու հասկանանք. այդ դեպքում հնարավոր է ուրիշ` ավելի ճիշտ ճանապարհով գնանք:

- Կարծում եք՝ ամեն ինչ միայն մեզնի՞ց է կախված:

- Իհարկե, մեզնից ամեն ինչ կախված չի, բայց մեր դիրքորոշումը շատ կարեւոր է: Մենք մեր մեջ պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում: Երբ մենք հասկանանք, կարծում եմ, աշխարհն էլ կհասկանա: Ես չեմ ասում, որ մենք այսօր կարող ենք աշխարհին որեւէ բան պարտադրել: Անցած 30 տարիները չօգտագործեինք գիտության, կրթության, մշակույթի զարգացման, ինքնապաշտպանության խնդիրների համար, մենք բաց թողեցինք այդ լուրջ, լավ եւ ճիշտ ժամանակը, իսկ հիմա ոչ թե այսօր, այլ երեկ պետք է սկսեինք ամեն ինչ:

Արեւ Պետրոսյանը


- Վերջերս հաճախ է շեշտվում, որ հայ կանայք հմուտ ղեկավարներ կլինեին: Մտածե՞լ եք երբեւէ զբաղվել քաղաքականությամբ:

- Վստահ եմ, որ եթե կարեւոր պաշտոն ստանձնեի, ամեն ինչ կանեի հանուն իմ երկրի, բայց միեւնույն է՝ դա քիչ է. ես այլ կրթություն ունեմ: Ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով, համապատասխան կրթություն ունենա, իր տեղում լինի եւ անի այն, ինչ լավ է անում: Պակաս հայրենասեր կամ նվիրյալ չեմ. անընդհատ մեջս կռիվ ունեմ, այսպես կանեի, այնպես կանեի, բայց հասկանում եմ, որ իրականում դա մեծ պատասխանատվություն է, եւ ամեն մարդ չի կարող այն վերցնել իր վրա: Այդ պատասխանատվությունը կարող ես ստանձնել միայն այն ժամանակ, երբ ունես բավարար հմտություն եւ համապատասխան կրթություն: Գիտեք, հայ կնոջ կարողությունների հետ մի բան էլ եմ ուզում շեշտել. իհարկե, ողջ պատերազմի ընթացքում տղամարդկանց արած գործն անգնահատելի է, բայց այդ ընթացքում ես նկատեցի նաեւ կանանց հզորությունը թիկունքում: Կնոջ լուռ ուժը միշտ գնահատվել է նաեւ պոեզիայի մեջ, բայց այս անգամ ես իրոք զգացի՝ ինչ կարող են անել ուժեղ կանայք. նրանք հզոր էին թիկունքում:

- Զգացմունքները Ձեզ համար գույներ ունե՞ն:

- Զգացմունք կարող է արտահայտել նաեւ գիծը, ֆորման, ֆակտուրան, թափանցիկությունը, այսինքն՝ ամեն ինչը, նույնիսկ դատարկությունը եւ լռությունը: Սերը մի քանի գույն ունի, քանի որ էտապներով է. առաջինը՝ փնտրտուքի շրջանը, ավելի սպիտակ է, հետո դեղին է դառնում, հետո կարմրում է, որովհետեւ ցանկություններն են շատանում, հետո կարող է հանդարտվել ու երկար ժամանակ սեւ լինել: Սեւ ասելով՝ նկատի ունեմ ոչ թե կբարդանա, այլ ավելի խոր կլինի:

- Իսկ ինչո՞ւ են սեւը տխուր, բացասական երեւույթների հետ ասոցացնում:

- Չեմ հասկանում: Ինձ համար սեւը շատ հարուստ գույն է եւ իր մեջ շատ գույներ կարող է ունենալ: Այն համակարգող է, կազմակերպող է, կայուն է: Ես սեւը շատ եմ սիրում:

- Երջանի՞կ մարդ եք, թե այնուամենայնիվ, Ձեզ ինչ-որ բան պակասում է:

- Չէ, ես բացարձակ երջանիկ մարդ եմ: Բացարձակ, որովհետեւ բավարարված եմ այն ամենով, ինչ անում եմ, համահունչ եմ իմ կյանքի, կենցաղի, իմ ստեղծագործական կյանքի հետ եւ բազմաթիվ ձգտումներ ունեմ: Երջանիկ եմ, որովհետեւ կին լինելով՝ կարողանում եմ շատերին շատ հարցերում օգտակար լինել, դա ինձ համար նույնպես շատ կարեւոր է:

Արեւ Պետրոսյանը


-Մարդուն գեղեցիկ միջավայրն է նաեւ ձեւավորում, չե՞ք կարծում:

- Վստահ եմ դրանում: Երբ 6 տարի առաջ այստեղ ցուցասրահ էի բացում, ինձ ասում էին՝ խելագար եմ, բոլորը փակում ու գնում են, դու ցուցասրահ ես բացում: Ի հեճուկս բոլորի՝ որոշեցի, որ ստեղծելու եմ մի փոքր վայր, որը մշակութային շնչով հագեցած կլինի: Պիոների նման ճանապարհ եմ անցել՝ բոլորին ապացուցելու համար, որ ճիշտ կազմակերպելու դեպքում ամեն ինչ հնարավոր է: Կարծում եմ, որ Հյուսիսային պողոտայում պետք է բազմաթիվ փոքր արվեստանոցներ լինեին, ոչ թե բուտիկներ, որոնցով դու ոչ մեկին չես զարմացնի, քանի որ դրանք ամենուր են: Երեւանում ծնված երեխան ի՞նչ պիտի անի այս միջավայրում. այստեղ ուտի, այնտեղ խմի, մի տեղ պաղպաղակ ուտի, հագնվի: Բայց բացի սպառելուց, երեխան պիտի մի բան տեսնի, թե՝ ոչ, պե՞տք է երկար նայի մի բանի վրա, թե՝ ոչ, գույնի համադրություն պե՞տք է տեսնի: Երեխայի աչքն ուրիշ բանի պետք է սովորի: Ո՞ւմ ենք մենք փորձում մեծացնել: Այս ամենի պատճառով էլ ես որոշեցի, որ ամեն դժվարության պատրաստ եմ, նույնիսկ այն ահռելի գումարներին, որ տալիս ենք վարձակալության համար, միայն այս ցուցասրահը լինի, այս մշակութային շունչը լինի: Բոլորս էլ գիտենք, որ մենք այն հասարակությունը չենք, որ մտնում, նկար ենք գնում, դուրս գալիս: Բայց տարիներ շարունակ այս աշխատանքով ես ապացուցեցի, որ շատ լավ էլ հնարավոր է ամեն ինչ: Ցուցասրահում հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել. ջազ եւ օպերային համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, գրքի շնորհանդեսներ: Մինչեւ պատերազմի սկսվելը շատ ակտիվ էինք. մեզ մոտ ամեն օր միջոցառում էր, շարժում էր: Քաղաքը պիտի արվեստի դեմք ունենա: Այդքան ասում ենք՝ մշակութային երկիր ենք, մի հատ ցույց տվեք էլի՝ ուր է այդ մշակույթը: Այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք գաստրո երկիր ենք, ուտել-խմելու երկիր ենք: Հասկացանք՝ կարեւոր է լավ ռեստորաններ ունենալ, բայց կարեւոր է նաեւ դեմք ունենալ: Պետք է մարդիկ մտնեն մեր երկիր, ասեն` այս մարդիկ այս ինչ արվեստ ունեն: Մեր նկարիչները խեղճացած են, մեր երաժիշտներն օրվա հացի խնդիր ունեն: Չպետք է այդպես լինի, հասարակությունը պետք է արժեւորի, կարեւորի իր մշակույթը: Այնպես պետք է անեն, որ ժողովուրդը հետաքրքիր մտածի, ախր, միայն ուտելու մասին չպետք է մտածի:

- Ձեր կյանքը կբաժանեի՞ք փուլերի եւ ինչպե՞ս կկոչեիք այդ փուլերը:

- Այո, անկասկած կբաժանեի: Բացառիկ, ֆանտաստիկ մանկություն՝ հզոր ու հետաքրքիր ծնողների հետ: Ծնողներիս եւ իրենց ընկերների շրջապատում մենք հեքիաթային մանկություն ենք ունեցել: Մյուս փուլը ես կկոչեի Տիգրանից առաջ եւ հետո, կամ մայր դառնալուց առաջ եւ հետո, եւ ներկա փուլը՝ պատերազմից առաջ եւ հետո…

Զրույցը` Լենա Գեւորգյանի
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW