×


Անահիտ Ղազարյանի հագուստի նոր ու վառ հավաքածուն՝ երեխաների եւ մեծահասակների համար

Դիզայներ, ոճաբան, բլոգեր, «FashionDrug accessories» բրենդի հիմնադիր Անահիտ Ղազարյանը ներկայացնում է իր նոր, ինքնատիպ ու գունեղ տեսականին՝ նախատեսված երեխաների ու մեծահասակների համար։ Գարուն-ամառ հավաքածուն այս անգամ առավելապես սպորտային ոճում է, բայց պահպանված են Անահիտի ձեռագրին բնորոշ առանձնահատկությունները՝ բրոշները, հետաքրքիր պրինտերը, գույների ու բարձրորակ կտորների մեծ ընտրանին։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է ստեղծվել հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածուն, ինչ առավելություններ ու յուրահատկություններ ունի այն, եւ թե ինչ նորություններ են սպասվում առաջիկայում։

«Այս շարքը շատ վառ է ստացվել իրականում։ Միգուցե Կալիֆորնիայի արեւն է ներշնչել, որ սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել վառ գույներին (Անահիտ Ղազարյանն այժմ ժամանակավորապես ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում,- հեղ․), բայց հավաքածուն շատ հյութեղ ու ամառային է։ Եվ այս անգամ դիզայնը մտածելիս այնքան մանր դետալների վրա եմ կենտրոնացել, որ դիզայներական տեսանկյունից հետաքրքիր են, հաճախորդի տեսանկյունից էլ՝ ոչ միայն սիրուն, այլեւ կիրառելի։ Դա ինձ համար շատ կարեւոր է»,- նշում է դիզայները։

Անահիտ Ղազարյանը


Նրա խոսքով՝ նոր հավաքածուում շատ է օգտագործել օձիքները՝ հատկապես աղջիկների համար։ Դրանք ձեռագործ են, տարբեր պատկերներով ու պրինտերով, ինչպես նաեւ ինքնատիպ են կրելու տեսանկյունից. կոճակներով ամրացնելու լուծման շնորհիվ հնարավոր է այն հանել ու դնել, առանձին լվանալ կամ երբեմն չկրել հագուստի հետ․«Այս անգամ շատ եմ օգտագործել կենդանական պատկերներով հետաքրքիր բրոշները, որոնք նույնպես հանվող ու դրվող են։ Այսինքն՝ հնարավոր է դրանք առանձին կրել նաեւ այլ հագուստի հետ։ Այդ նախընտրությունները թողել եմ մարդկանց հայեցողությանը, երեխաների ցանկությանը, որպեսզի իրենց ոճը դրսեւորեն։ Տղաների հագուստի դեպքում էլ շատ եմ օգտագործել շղթաները, որ հաստատ դուր են գալիս երեխաներին։ Ինքս երկու տղա ունեմ ու միշտ հարցնում եմ նրանց կարծիքը։ Ըստ իս՝ շատ ուրախ, ֆունկցիոնալ ու հետաքրքիր հավաքածու է ստացվել»,- նկատում է Անահիտը։


Բացի մանկական հավաքածուից, Անահիտ Ղազարյանը ներկայացրել է նաեւ մեծահասակների համար նախատեսված սպորտային հագուստ՝ նույն շարքի շրջանակում, նմանատիպ ոճով ու դիզայնով․«Կարելի է պատվիրել հագուստ, որը նույն դիզայնով է, օրինակ, մայրիկի եւ աղջիկների կամ տղաների համար։ Ընդհանրապես այս հավաքածուն շատ ընտանեկան է ստացվել, քանի որ հարմար է ամեն օր կրելու համար, բայց նաեւ շատ ոճային է ու նորաձեւ։ Շուտով ունենալու ենք նաեւ ոչ սպորտային հագուստ՝ արդեն «FashionDrug Prima» հավաքածուի շրջանակում, բայց այդ մասին ավելի ուշ կխոսեմ»։


Նրանից հետաքրքրվեցինք, թե հաճախորդների պատվերների դեպքում ինչպես է աշխատում, ինչ փոփոխություններ կամ լուծումներ է առաջարկում։ Նա ասաց՝ դիզայնի փոփոխություն չի անում, սակայն հնարավոր է հագուստը պատվիրել հաճախորդի նախընտրած գույներով ու բրոշների համադրությամբ.«Ես աշխատում եմ բացառապես իմ դիզայնով, բայց գոյություն ունի «custom-made» գաղափարը, երբ, օրինակ, գնորդը շատ է հավանել դիզայնը, բայց կոնկրետ այդ գույնից խուսափում է։ Այդ դեպքում առաջարկում եմ գունային այլ համադրություն, քանի որ ունեմ կտորների շատ մեծ ընտրանի։ Եվ քանի որ ինքս էլ ոճաբան եմ, հեշտությամբ կարողանում եմ հասկանալ հաճախորդի ոճային նախընտրությունները։ Իրականում մինչեւ հիմա որեւէ մեկը դիզայն փոխելու խնդրանքով չի դիմել։ Միայն դիմել են մի գույնը մյուսով փոխարինելու համար»։


Անահիտ Ղազարյանի նոր աշխատանքներում առանձին տեղ են զբաղեցնում օդապարիկների և շախմատային հեղինակային պրինտերով գիշերազգեստները, որոնք հնարավոր է կրել նաեւ առօրյայում, ինչպես նաեւ սահմանափակ քանակությամբ ստեղծված սպորտային տարբերակները, որոնց նկարազարդումները ձեռքի աշխատանքներ են, այլ ոչ՝ տպագրություն. «Էքսկլյուզիվ տարբերակները ծովային մոտիվներով են՝ խխունջներով, փիրուզի կապույտ երանգներով, ծովային կենդանիներով։ Խիստ սահմանափակ քանակությամբ են, քանի որ պատկերներն ամբողջությամբ վրձնով են նկարված, տպագրություն չեն։ Բավական բարդ, աշխատատար գործընթաց էր, բայց ես շատ ուրախ եմ, որ մարդկանց կողմից բարձր գնահատականի արժանացավ։ Ես հպարտ եմ, որ Կալիֆորնիայում հաճախ տեսնում եմ մեր արտադրանքը պատահական անցորդների հագին։ Մարդիկ մոտենում են, շնորհակալություն հայտնում, ես էլ ինձ գնահատված, երջանիկ ու ինքնաբավ եմ զգում»,- խոստովանում է ոճաբանը։


Նա նշում է, որ առաջիկայում էլ հետաքրքիր նորություններ են սպասվում իր թիմի կողմից.«Արդեն սկսել եմ աշխատել 2021-2022 աշուն-ձմեռ հավաքածուի վրա, որը շատ գեղեցիկ, էսթետիկ եւ ոչ սպորտային հագուստ է ներկայացնելու։ Իհարկե, սպորտային ուղղությունը կշարունակի լինել ու զարգանալ հատկապես մանկական հագուստի դեպքում, բայց զուգահեռաբար կստեղծենք հագուստ, որն աչքի կընկնի շատ բարձրորակ, թանկարժեք կտորներով, նորարարական ու ժամանակակից դիզայներական լուծումներով։ Աշուն-ձմեռ հավաքածուի հետ կցուցադրենք նաեւ բրոշների մեր նոր տեսականին։ Ի դեպ, ուրախությամբ պիտի ասեմ՝ մեր նախորդ ծաղկային շարքը, որ ոգեշնչված էր թեյերից, շատ սիրվեց ու մեծ հաջողություն ունեցավ, մենք նոր գործընկերներ ձեռք բերեցինք։ Այնպես որ, հետաքրքիր շատ նախագծեր են սպասվում»։


Անահիտ Ղազարյանը նաեւ հավելեց, որ ինքն ու իր թիմը կարեւորում են գաղափարը յուրաքանչյուր գործի հիմքում։ Հենց դա էլ իրենց հաջողության գաղտնիքն են համարում.«Այսօրվա հասարակությունն ու ինտերնետային հնարավորությունները թույլ են տալիս, որ թեկուզ հեռավոր մի վայրում գտնվելը չխանգարի համատեղ աշխատանքին, եթե հավատում ես քո գործին ու սիրում ես այն։ Ինքս ստեղծագործող մարդ եմ, եւ եթե չստեղծագործեմ, կհիվանդանամ։ Աշխարհի որ մասում էլ լինեմ, պիտի իմ սիրելի գործով զբաղվեմ։ Ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ մարդիկ կրում եւ գնահատում են իմ ստեղծագործությունները, այդ արձագանքն ինձ ավելի է ոգեշնչում, որ ավելի մեծ գործեր անեմ։ Կարեւորում եմ նաեւ այն, որ մեր ստեղծած հագուստներն ու աքսեսուարները ներկայացնում ու վաճառում ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի ցանկացած երկրում, որտեղից պատվեր կարող է լինել։ Այսինքն՝ հայկական արտադրանքը ներկայացնում ենք արտասահմանյան շուկայում, եւ դա մեզ բավական լավ է հաջողվում»,- եզրափակեց նա։

«FashionDrug» բրենդի նոր աշխատանքները կարող եք գտնել հետեւյալ հարթակներում՝

http://fashiondrug.am/

https://www.facebook.com/FashionDrugByAnahitGhazaryan

https://www.instagram.com/fashiondrug_by_anahit/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Ղազարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին