×


Սուրեն Մխիթարյանը՝ սպորտային պարերի, ձեռքբերումների, բարդությունների և առաջիկա նախագծերի մասին

«Ամեն ինչ սկսվեց երկրաշարժից հետո, երբ Գյումրիից տեղափոխվեցինք Երևան։ 1990 թվականն էր, երբ ինձ որոշեցին պարի դասերի տանել»,- պատմում է պարող, բեմադրիչ-պարուսույց Սուրեն Մխիթարյանը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ «Արմենիա TV» և «Շանթ» հեռուստաընկերությունների պարային նախագծերից։

Սուրենն իր մասնագիտական ճանապարհին հասցրել է դառնալ Հայաստանի չեմպիոն, քառակի գավաթակիր, Արևելյան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Կովկասի առաջնության բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ։ Այժմ էլ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի գործադիր տնօրենն է և իր թիմի հետ պատրաստվում է հոկտեմբերի 2-ին կայանալիք Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությանը՝ 40 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իր անցած ճանապարհի, ձեռքբերումների, խոչընդոտ դարձած բարդությունների, ինչպես նաև առաջիկա նորությունների ու սպասվող նախագծերի մասին Սուրեն Մխիթարյանը պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում։


«5 տարեկան էի, որ սկսեցի պարել։ Սկիզբը շատ դժվար էր, ներվ կար այդ ամենի մեջ։ Չէի ուզում, լացելով էի գնում դասերին։ Անցավ երեք ամիս, քիչ-քիչ սկսեցի սիրել։ Հետո այդ նույն դժվարությամբ ինձ պարի ստուդիայից տուն էին բերում (ժպտում է,- հեղ․)։ Մենք պարապում էինք Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում՝ նախկին Պիոներ պալատում։ Փորձերից հետո միշտ դուրս էի գալիս ու դիմացի այգում սկսում էի վալս պարել տարերքի մեջ։ Մեկ ծառին էի կպնում, մեկ՝ մարդկանց։ Այսինքն՝ սկսել էի սիրել պարը։ Այդ ժամանակ արդեն 8-10 տարեկան էի»,- հիշում է Սուրենը, որն ի սկզբանե մասնագիտացել է սպորտային պարերի ուղղությամբ, առավելապես՝ եվրոպական ճյուղում։

Հետագայում նա ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ արվեստի ռեժիսուրա բաժնում (վարպետը՝ Վիլեն Գալստյան)։ Հենց այդ տարիներից էլ սկսվել են Սուրեն Մխիթարյանի գլխավոր հաջողություններն ու ձեռքբերումները՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, Կովկասի կրկնակի գավաթակիր, Արևելյան Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Իսկ սպորտի վարպետի կոչումը նրան օգնեց սկսել նաև պարուսույցի կարիերան։


Մի քանի պետական կառույցներում, մշակույթի տներում ու պարային ստուդիաներում աշխատելուց հետո Սուրեն Մխիթարյանը 2010 թվականին որոշել է հիմնել իր սեփական պարի ստուդիան՝ «ERA» սպորտային պարերի ակումբը․ «Ես առաջիններից մեկն էի, որ որոշեցի ունենալ այնպիսի ստուդիա, որտեղ պայմաններն ավելի հարմար կլինեն երեխաների համար՝ լավ վերանորոգում, ցնցուղներ և այլն։ Մեզ մոտ սովորող բոլոր երեխաները Սպորտային պարերի ֆեդերացիայի անդամներ են։ Ընդունելությունը սկսում ենք հինգ տարեկանից։ Կան մարդիկ, որ երեք-չորս տարեկանից երեխաներին պարի են ընդունում, բայց ես դա սխալ եմ համարում։ Մինչև 16 տարեկանների համար պարապմունքներն ուսուցողական են, դրանից բարձր տարիքայինների համար՝ սիրողական։ Շատ կարևորում եմ աշակերտների հետ կոնտակտը, ուսուցիչ լինելու և սերունդ կրթելու հնարավորությունը, որ նրանք մեծանան որպես լավ քաղաքացիներ ու դառնան պայքարող, չհանձնվող մարդիկ, միջազգային ասպարեզում բարձր պահեն մեր երկրի անունը»,- նշում է պարուսույցը։

Իր անցած ճանապարհին Սուրեն Մխիթարյանն առանձնակի հիշում է պարային հեռուստաշոուները՝ «Երբ պարում են աստղերը» (զույգը՝ Լալա Մնացականյան), «Պարիր, թե կարող ես», «Պարահանդես» (զույգերը՝ Ռուզաննա Հարությունյան, Արիանա Կաոլի)։ Այդ նախագծերում նա հանդես է եկել ոչ միայն որպես պարող, այլև որպես խորեոգրաֆ։ Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել է պարեր բեմադրել թե՛ իր, և թե՛ այլ զույգերի համար։ Խոստովանում է՝ դա յուրօրինակ փորձություն էր իր համար և նոր հնարավորությունների սկիզբ․ «Աշխատում էինք օրական 36 ժամ (ժպտում է - հեղ․), երկրում և երկրից դուրս, որպեսզի ծրագիրը չտուժեր։ Մեզ համար հստակ ֆիքսված ժամկետներն էին անսովոր․ մեկ շաբաթվա ընթացքում պիտի հասցնեինք պար բեմադրել, փորձերն անել, կոստյումներն ընտրել, երբեմն՝ նորերը կարել։ Բայց շատ լավ էր, շատ հետաքրքիր էր բոլորիս համար»։

Սուրենը նաև նկատում է, որ երբ նման հեռուստանախագծեր էին թողարկվում, մարդկանց հետաքրքրությունն էլ էր մեծանում պարերի նկատմամբ, ավելի շատ երեխաներ ու ավելի շատ մեծահասակներ էին տարբեր ստուդիաներում հաճախում պարերի։ «Հիմա, ցավոք, այդ հետաքրքրությունը նվազել է»,- ասում է նա։ «Գիտեք, մասնագետներ շատ ունենք, բայց կան մարդիկ, որոնք անցած ճանապարհ ու մասնագիտական որակավորում չեն ունենում և զբաղվում են սպորտային պարերով։ Ասենք գնում են ինչ-որ մի տեղ, 2-3 տարի սովորում են ու խումբ բացում։ Բայց չէ՞ որ մեկը կարող է, օրինակ, ողնաշարի խնդիր ունենալ, և պարուսույցը դա չիմանալով կարող է վնասել։ Սա ոլորտի հիմնական խնդիրներից մեկն է։ Իհարկե, մենք՝ ֆեդերացիայի կազմով, հետևում ենք, փորձում հնարավորինս սահմանափակել նման ստուդիաների գործունեությունը, որովհետև մեր բոլոր ակումբներն ունեն մասնագետների որակավորման մասին վկայող սերտիֆիկատներ»։


Հետ նայելով անցած ճանապարհին, վերլուծելով եղած հնարավորություններն ու գրանցած հաջողությունները՝ Սուրեն Մխիթարյանը նաև նկատում է, թե ինչ բարդություններ ու խոչընդոտներ են եղել, որոնք թույլ չեն տվել իրեն ու իր գործընկերներին առավել մեծ ձեռքբերումներ ունենալ միջազգային հարթակներում․ «Գաղտնիք չէ, որ արվեստի բոլոր ճյուղերում հիմնական խնդիրը ֆինանսավորումն է։ Գալիս-հասնում ես մի կետի, որ արդեն անհրաժեշտ է լինում պետության ու հովանավորների աջակցությունը՝ ավելի մեծ միջազգային մրցույթների, սեմինարների մասնակցելու, անհատական դասեր ունենալու, որակավորումդ է՛լ ավելի բարձրացնելու համար, բայց այդ ֆինանսավորումը կա՛մ չի լինում, կա՛մ շատ քիչ է լինում։ Դրա համար էլ մենք սահմանափակվեցինք Կովկասի և Արևելյան Եվրոպայի առաջնություններով»,- ասում է նա։

Այնուամենայնիվ, Սուրեն Մխիթարյանի տնօրինության տակ գտնվող Սպորտային պարերի ֆեդերացիան այժմ նոր քայլեր է անում Հայաստանը միջազգային ասպարեզ դուրս բերելու, կապեր ստեղծելու և ֆինանսավորում գտնելու ուղղությամբ։ Այդ նպատակով հոկտեմբերի 2-ին նախատեսում են Հայաստանում անցկացնել Սպորտային պարերի երիտասարդների աշխարհի առաջնությունը՝ 40 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց կմասնակցի մոտ 1500 մարզիկ։ Դիմել են ԿԳՄՍ նախարարությանը, սպասում են ֆինանսական աջակցության․ «2019 թվականին նույնպես առաջնությունը Հայաստանում է կայացել։ Այդ ժամանակ մենք անցկացման իրավունքի համար պայքարում էինք Թուրքիայի հետ և մեծ աշխատանքի արդյունքում ձեռք բերեցինք այդ հնարավորությունը։ Այս տարի ևս փորձելու ենք ամեն ինչ անել, որ առաջնությունը մեր նախատեսածի նման անցնի»,- եզրափակեց նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սուրեն Մխիթարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW