Սիլվա Հակոբանը մինչ տարեվերջ 5 զուգերգ կունենա տարբեր երգիչների հետ: Դրանցից երկուսի տեսահոլովակներն արդեն նկարահանված են: Երեկ տեղի ունեցած նկարահանումների մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում եւ լուսանկարներ տրամադրել:
«Այո, միանգամից երկու տեսահոլովակ՝ մեկ օրում: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ` երկուսն էլ զուգերգ: Երգերը պատրաստ էին դեռ պանդեմիայից առաջ, հասկանալի պատճառներով չէր ստացվում նկարահանել տեսահոլովակ: Այն մարդիկ, որոնց հետ պետք է զուգերգ ունենամ, երկուսն էլ Հայաստանում չեն բնակվում, ինչն էլ ավելի էր դժվարացնում նկարահանման ընթացքը: Ուրախ եմ, որ վերջապես կյանքի կոչեցինք այս երգերը, որոնք կունենան իրենց լսարանը»,- նշել է Սիլվան:
Նրա խոսքով՝ զուգերգերից մեկը Մոսկվայում ապրող եւ ստեղծագործող երգիչ Էդգարի հետ է, մյուսը՝ ղազախ երգիչ Ջիգերի հետ: «Էդգարի հետ վաղուց ենք ծանոթ՝ աշխատանքի բերումով: Երբ ինձ ուղարկեցին երգի դեմո տարբերակը եւ առաջարկեցին միասին զուգերգ անել, ես սիրով համաձայնեցի, քանի որ եւ´ երգն էր գեղեցիկ, եւ´ մեր ձայներն էին միմյանց համահունչ: Որոշեցինք, որ երգը լինի հայերեն եւ ռուսերեն տեքստով: Այն կոչվում է «Два океана»: Երաժշտության հեղինակն է Արմենչիկը, խոսքերը գրել է քույրս՝ Մանեն ռուս հեղինակներից մեկի հետ: Գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Ամյանը, ում հետ ես առաջին անգամ էի աշխատում եւ, վստահ եմ, ոչ վերջին»,-պատմել է Սիլվան:
Սիլվա Հակոբանը
Երգիչ Ջիգերի հետ զուգերգը եւս երկլեզու է. «Նա երգում է ղազախերեն, ես էլ՝ հայերեն: Երաժշտության հեղինակը Ղազախստանի վաստակավոր արտիստ Ուլիկպան Ժոլդասովն է, ում հետ սա թվով երրորդ համագործակցությունն է: Առհասարակ, ղազախ երգիչների հետ համագործակցությունը կայանում է հենց Ժոլդասովի միջոցով: Նրա օգնությամբ ղազախ երգիչներն ու հեղինակները կապվում են ինձ հետ,առաջարկում զուգերգ կամ իրենց հեղինակած երգերի կատարումն են վստահում ինձ: Եթե այսպես շարունակվի,կարծում եմ, մի օր մենահամերգով հանդես կգամ նաև Ղազախստանում:) Հայերեն խոսքերի հեղինակը կրկին քույրս է` Մանեն: Քանի որ Ջիգերը չկարողացավ գալ, տեսահոլովակի իր կադրերը նկարվել են Ղազախստանում, ես էլ այստեղ՝ իմ լավ ընկեր Սյոմա Կոդաբաշյանի եւ Կարեն Ամյանի օգնությամբ»:
Սիլվա Հակոբանը
Սիլվայի եւ Էդգարի զուգերգի կադրերը նկարահանվել են Սեւանում. «Իսկ դերասանների կադրերը Երեւանում են նկարվել: Տեսահոլովակն ունի գեղեցիկ սյուժե:
Նկարահանումներն անցել են շատ ջերմ ու թեթեւ մթնոլորտում, միակ խանգարող հանգամանքը քամին էր, որն ստիպում էր մրսել ու փչացնում էր սանրվածքս, բայց դրա հետ մեկտեղ ամեն ինչ շատ բնական ու անկեղծ է ստացվել»,-նշել է երգչոհին եւ ավելացրել, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսում են սեպտեմբերի կեսին, իսկ մինչ այդ հանդիսատեսի դատին կհանձնեն Ջիգերի «Սիրում եմ քեզ» զուգերգը:
Ի դեպ, մինչև տարեվերջ հանդիասատեսին սպասում է ևս երեք զուգերգ Սիլվայի մասնակցությամբ, բայց դրա մասին՝ հետո։)
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիլվայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: