×


Աղավնի Գրիգորյանի նոր գիրքը՝ «դաշնամուր՝ սեւ ու սպիտակ ստեղների վրա խաղերով»

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում օգոստոսի 25-ին հավաքվել էին գրքասերներ՝ մասնակցելու Աղավնի Գրիգորյանի նոր՝ «Դաշնամուր» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսին: Աղավնին մասնագիտությամբ երաժիշտ է, մոտ 20 տարի աշխատել է Հայաստանում որպես խմբավար, այնուհետ մեկնել է Իսպանիա՝ բնակվելու:  Հենց մասնագիտությունն էլ օգնել է, որ նրա ժողովածուի մեջ մեղեդին սահի կյանքի տարբեր՝ շոշափելի կամ երեւակայական ստեղների վրայով, ընթերցողին լսելի դարձնի մանկության քաղցրությամբ եւ արտագաղթի ցավով, երբեմն էլ՝ զուգահեռ աշխարհների հմայանքով թրթռացող ելեւէջները:

«Վերջին տարիներին գրված արձակ ստեղծագործություններ են ներառված ժողովածուում՝ տարատեսակ թեմաներով: Քանի որ իմ պատմվածքներն իրենց բնույթով շատ տարբեր են, սկզբում միտք կար գիրքն անվանել «Փազլ», որը հավաքվում է կյանքի տարբեր մասնիկներից ու դրվագներից՝ դառնալով ամբողջական պատկեր: Այնուհետ որոշեցինք կոչել պատմվածքներից մեկի անունով՝ «Դաշնամուր», որն էլի համահունչ է, քանի որ այստեղ կյանքի ուրախ եւ տխուր, երբեմն նաեւ լուռ պահերի համաձույլն է: Ես երաժշտություն սովորեցնող եմ, նրա միջոցով կյանքը ճանաչելը հեշտ է, այն ուղեկցում է յուրաքանչյուրիս, սակայն ինձ ավելի հեշտ է մտքերս հենց խոսքով ասել, բայց ընթերցողը գրվածքի մեջ մեղեդայնություն կնկատի. քնարական տարր կա: Իմ պատմվածքները ոչ միայն մարդկանց հույզերի մասին են, այլ նաեւ՝ իրերի աշխարհի: Տարբեր տարիքի ընթերցողի համար է, անգամ իմ հեքիաթները չենք կարող ասել, որ միայն երեխաների համար են, քանի որ կա երեւանյան կյանք, հիշողություններ, որոնք հետաքրքիր կլինեն նաեւ երիտասարդներին: Ունեմ գրված 40-ից ավելի պատմվածքներ, որոնցից 23-ն են այս գրքում ընդգրկված՝ երեք խորագրի ներքո»,-ասաց հեղինակը:


Գրքի առաջին մասը կոչվում է «Թթի նման քաղցր», մանկության շրջանի մասին է, երկրորդ մասի անվանումը երկտող է աշխարհահռչակ երաժիշտ Սթինգի երգից՝ «Ինչ փխրուն ենք մենք», որում իրերի ու զուգահեռ իրականության աշխարհն է, իսկ երրորդը «Հատման կետն» է:

Աղավնի Գրիգորյանը ստեղծագործել սկսել է պատանեկության տարիքից, բայց լրջորեն սկսել է գրել արդեն հասուն տարիքում: Իր աշակերտների համար երգերի խոսքեր է գրել, մշակել երաժշտական ներկայացումներ: Առաջին գիրքը, որը կոչվում է «Դիմակահանդես», լույս է տեսել 2016 թվականին, երբ նա արդեն բնակվում էր Իսպանիայում:

Աղավնի Գրիգորյանը


«Դա մի ժողովածու էր իմ բարեկամների ու ծանոթների համար. անդրադարձ իմ մի քանի տարիների իսպանական կյանքին: 2019-ին լույս է տեսել իմ արդեն երկրորդ ժողովածուն՝ «Հեքիաթն ապրում է» եւ «Գիշերվա պահապանները»: Երկկողմանի գիրք է, որի մի մասում հեքիաթ է օրվա տրամադրության մասին, իսկ երկրորդում հերոսները գիշերվա լուսատուներն են: Գրքում շատ տարբեր խոհեր կան»,-պատմեց նա:

«Դաշնամուր» ժողովածուի խմբագիրն Արքմենիկ Նիկողոսյանն է: Գիրքը հրատարակել է «Անտարեսը»՝ XXI մատենաշարով: Խմբագրի համար սիրելի է հատկապես գրքի երրորդ բաժինը՝ «Հատման կետը», ըստ նրա՝ այն Աղավնուն ամենաբնորոշն է:

Արքմենիկ Նիկողոսյանը եւ Աղավնի Գրիգորյանը


«Երբ հեռվից հետեւում էի Աղավնիի գործունեությանը, ինձ թվում էր, որ նա ապրում է  Հայաստանում, քանի որ հեռվից այդքան ակտիվ ու գործունյա մասնակցություն այստեղի գրական կյանքին ոչ բոլորն ունեն: Հույս ունեմ, որ այս ժողովածուն կունենա կանաչ ճանապարհ ու լավ գնահատականի կարժանանա ոչ միայն ընթերցողների, այլ մասնագետների կողմից, եւ դրա հիմքերը կան: Բավական երկար ենք աշխատել գրքի ստեղծման շուրջ Աղավնու հետ: Երկուսս էլ այն կարծիքի էինք, որ ժողովածուն չպետք է լինի սոսկ իրար հետեւից շարված ստեղծագործությունների հավաքածու, այլ պետք է հատկանշվի միասնականությամբ եւ որոշակի գաղափարաբանությամբ, թեմատիկ հարցադրումներով, եւ այս առումով մենք ստացանք լավ ժողովածու, որն իր բովանդակությամբ նաեւ դաշնամուր է ՝ սեւ ու սպիտակ ստեղների վրա խաղերով: Հատկապես դրսում ապրող հայ գրողները Հայաստանի մասին գրելիս հիշում են իրենց մանկությունը: Մանկության մասին Աղավնին կարողանում է ոչ միայն պարզապես պատմել այն, ինչ թանկ է իր համար, այլ կարողանում է ունենալ լավ սյուժեներ ու հիշվող կերպարներ: Շշմելու է, թե ինչ դիտողունակություն ունի նա իրերի ու անշունչ առարկաների էությունը բացահայտելու ու կենդանացնելու առումով»,- եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին