×


«Նմանակելու խնդիր չունեինք»․ Ալլա Սահակյանի նոր ֆոտոշարքը՝ փարիզյան տրամադրությամբ

Երկու տարբեր կերպարով, հեղինակային զգեստներով ու հայտնի կտավներից ոգեշնչված՝ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը նոր ֆոտոշարք ունի, որոնք տրամադրել է BRAVO.am-ին։ Մեր զրույցում նա պատմել է, թե ինչպես է առաջացել լուսանկարների միտքը, ինչ առիթով է արվել ֆոտոշարքը, եւ ինչպես են ընտրել նկարահանման վայրը։

«Պարզապես մի որեւէ դետալից երբեմն ֆոտոշարքի միտք է գալիս, ինչ-որ վայրեր այցելությունից կամ նույնիսկ հետաքրքիր աքսեսուար գտնելիս։ Հաճախ քաղաքից դուրս ենք գնում․ Հայաստանն ինձ համար միշտ մի մեծ գաղտնիք է, որի ամեն անկյունը պիտի բացահայտել։ Եվ միշտ ուշադիր եմ լինում շրջելիս, որովհետեւ բնության յուրաքանչյուր հատված կարող է նոր մտքեր տալ։ Դե, որպես դերասանուհի էլ շատ սիրում եմ տարբեր կերպարներ ստեղծել։ Ինձ համար ամենահետաքրքիրն իմ զգեստների մեջ լինելն է, դրանից լավ բան չկա (ժպտում է,- հեղ․)։ Ներկայացումներին պատրաստվելիս էլ, երբ հնարավորություն է լինում, կամ երբ զգեստ չենք գտնում,  ինքս հաճույքով մոդելավորում եմ. ունենք այդպիսի փորձեր։ Դա մի ուրիշ զգացողություն է, շատ ինքնատիպ է ստացվում»,- անկեղծանում է դերասանուհին։

Ալլա Սահակյանը


Ալլա Սահակյանն իր նոր ֆոտոշարքի կերպարներից մեկի համար սեւ զգեստ է մոդելավորել՝ ոգեշնչվելով Ռենե Գրյուոյի հայտնի նկարից․«Հավանաբար, հիշում եք մի քանի վրձնահարվածով ստեղծված այն կնոջ հայտնի դիմանկարը, որ փարիզյան շքեղությունն ու արիստոկրատիզմն է ներկայացնում։ Փորձել ենք այդ կերպարը ստանալ, բայց, իհարկե, ոչ նույնությամբ, այլ ժամանակակից դրսեւորմամբ։ Նմանակելու խնդիր չունեինք, պարզապես ազդեցությունը կար։ Ֆոտոշարքն էլ իրականացրինք երեւանյան փողոցներից մեկում՝ կիսակառույց շենքերի ֆոնին։ Այդ տեղն առաջարկեց լուսանկարչուհին՝ Խանդութ Պարույրյանը։ Մտածեցինք՝ սպիտակ շենքն ու սեւ պատուհանները ներդաշնակ համադրության մեջ կլինեն հագուստիս հետ, եւ իսկապես հետաքրքիր ստացվեց»։


Ալլա Սահակյանի մյուս կերպարն ավելի եթերային ու թեթեւ տրամադրությամբ է՝ կրկին իր հեղինակած զգեստով։ Ասում է՝ կարմիրն իր ամենասիրելի գույներից մեկն է, որ հրաշալի ներկայացնում է հոգեվիճակը՝ տաքությունը, պայծառությունը, կյանքի հանդեպ սերն ու տենչանքը․«Խանդութի հետ հետաքրքիր շարք ենք սկսել իմ մոդելավորած զգեստներով։ Հաջորդը սեպտեմբերյան տրամադրությամբ կլինի, նախատեսում ենք մի քանի օրից նկարահանումն անել։ Պարզապես որոշել ենք հետաքրքիր կերպարներ ստանալ, տեսնենք՝ ինչպես կստացվի»։


Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ լինում են արդյոք դեպքեր, երբ մարդիկ ցանկանում են իր մոդելավորած զգեստները կրել, եւ անհատական պատվերներ են կատարում։ Պարզվեց՝ հաճախ է այդպես լինում․«Նախկինում ավելի շատ էի անում, հետո դադարեցրի, որովհետեւ զբաղված էի այլ գործերով։ Ինձ համար հագուստի մոդելավորումը կամ աքսեսուարներ, զարդեր պատրաստելն նոր փորձառության, նոր բան սովորելու շարժիչ ուժ են։ Անհագ ցանկությամբ սովորում եմ ու տարբեր նյութեր ուսումնասիրում»,- եզրափակել է նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին