×


Զգացմունքներ եւ ապրումներ, որոնք առաջացան պատերազմի ժամանակ. ցուցադրվեց «#44» պարային ներկայացումը

Պատերազմի 44 ողբերգական օրվա ընթացքում առաջացած զգացմունքներ եւ ապրումներ, որոնք ամբողջացան ներկայացման մեջ. «SumMeet» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի «Armenian Showcase» ծրագրի շրջանակում օգոստոսի 28-ին ցուցադրվեց «#44» պարային ներկայացումը: 2021 թվականին բալետմայստեր Արա Ասատուրյանը եւ  խորեոգրաֆ, «Նարեկ» պարային դպրոցի եւ համույթի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը որոշեցին միացնել իրենց՝ պատերազմի ընթացքում ունեցած հույզերը:

«Մենք, մեր խումբը պատերազմի ընթացքում անմիջական մասնակցություն ունեինք թիկունքում կատարվող աշխատանքներին, բացի այդ, մեկնում էինք Արցախ եւ գալիս: Այդ ապրումների կուտակումները պետք է ինչ-որ ձեւ արտահայտվեին։ Արա Ասատրյանի հետ շատ ենք աշխատել, եւ նրան ասացի, որ կրկին մտքեր ունեմ, որոնք արդեն բեմադրված են, նա էլ իր մտքերն էր արդեն բեմադրել, եւ մեկս մյուսի աշխատանքը նայեցինք ու միաձուլեցինք»,- պատմել է Արման Ջուլհակյանը:


Արա Ասատրյանն էլ հավելել է.«Այդ շրջանում բոլորս ինչ-որ ձեւ արձագանքում էինք կատարվելիք իրադարձություններին, իսկ հետո մենք արդեն մեր մասնագիտության միջոցով դա արեցինք։ Կարծես երկու բջիջ միացրեցինք իրար, եւ այն սկսեց աճել ու դառնալ նոր օրգանիզմ։ Պարողները եւս յուրաքանչյուրն իր հերթին մասնակից ու համահեղինակ են՝ իրենց ապրումների ներդրման առումով»:

44 րոպե տեւողությամբ ժամանակակից բալետում զբաղված են «Նարեկ» պարային դպրոցի եւ համույթի սաները։ Առաջնախաղը տեղի է ունեցել մայիսին: Բեմադրիչները, «SumMeet» փառատոնից առաջարկը ստանալով, սիրով որոշել են մասնակցել, քանի որ նոր ու ժամանակակից խոսքի մասին է նաեւ փառատոնը։

Մելինե Առաքելյանը եւ Արման Ջուլհակյանը


Հետաքրքիր է ներկայացման գաղափարախոսությունը.«Կա մի ժողովուրդ, որը կուրորեն է ապրում, ստեղծագործում, արարում, անգամ կուրորեն գնում է պատերազմ։ Ներկայացման մեջ աչքերը կապած կերպարները հենց դրա խորհրդանիշն են։ Իսկ ե՞րբ է բացվում մարդու աչքերը. կորստի ժամանակ։ Բեմադրության վերջում գալիս է երեխա, որը մի ուժ է, որով գայթակղվում է ամբոխը։ Դա միայն հայերին չէ բնորոշ, այլ՝ բոլոր ազգերին։ Առաջին հայացքից թվում է, թե բոլորիս աչքեր բաց վիճակում են, բայց այդ ուժը, որը եկավ, իր փակ աչքերով մեզ գցում է նոր խաղի մեջ»:


Մենապարուհին Մելինե Առաքելյանն է, իսկ երեխան՝ Նարեկ Ջուլհակյանը: Բեմադրիչների խոսքով՝ սկզբում իրենց հոգեվիճակին համապատասխան երաժշտություն են ընտրել, հետո Նորայր Քարտաշյանի եւ Տիգրան Համասյանի աշխատանքներից են օգտագործել: ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանը ներկայացման ռեժիսորն է, որը նշում է՝ սկզբում մի քիչ անհանգստացել է, քանի որ այս աշխատանքը պետք է լիներ 100%-ով  մտածված:


«Իմ ընկերներն այս ներկայացումն իրականացնելու բավական հավակնոտ ու պատասխանատու առաջարկ արեցին, սկզբում չէի հավատում, որ կարող եմ, քանի որ թեման այնպիսին է, որ սխալվելու տեղ չունես: Արվեստում սխալվելու տեղեր կան, բայց ոչ՝ այս թեմատիկայի շուրջ: Չկար որեւէ մեկին հուզելու խնդիր: Հանդիսատեսը հիմա առանց այն էլ հուզված է, եւ կարեւոր էր, որ այս աշխատանքի մեջ մեր երեքիս դիրքորոշումը երեւար: Մի քանի անգամ արդեն ցուցադրվել է, եւ բացասական ոչ մի կարծիք չենք լսել, իսկ հիմա մենք ապրում ենք ժամանակներ, երբ ամեն ինչը կարող է դառնալ քննարկման թեմա»,-եզրափակել է Գրիգոր Խաչատրյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին