×


«Բժիշկները հույս չէին տվել, բայց ես համառ գտնվեցի». Նառան՝ քաղցկեղը հաղթահարելու եւ մտերիմների աջակցության մասին

Տարիները նրա կողքով անցել են՝ կանացիություն, գեղեցկություն, էքստրավագանտ ու միշտ էներգիայով լի։ Այս բնորոշումները կարծես հենց նրա համար են ստեղծված։ Նա արդեն 4 թոռնիկի տատիկ է։ Սիրում է, որ իրեն տատիկ են դիմում, ավելին՝ ինքն է խնդրել թոռնիկներին, որ այդպես դիմեն, ինքն էլ վայելի այդ բառի քաղցրությունը։ BRAVO.аm-ին իր բնակարանում հյուրընկալել է երգչուհի Նառան:

Վերջին շրջանի հարցազրույցներում կարծես օրինաչափորեն միշտ սկսում ենք խոսել պատերազմից ու երկրի վիճակից։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Գիտեի, որ պատերազմի օրերին Նառայի բնակարանը վերածվել էր փոքրիկ «շտաբի», որտեղ իր եւ դստեր ընկերները հագուստ, անկողնային պարագաներ ու առաջին անհրաժեշտության իրեր էին դասավորում ու հասցնում սահման։ Այդ ժամանակ Նառան իր վատառողջ լինելուն չէր նայել, չնայած՝ քիմիաթերապայի կուրսը դեռ չէր ավարտել։

Երբ սկսեցի խոսել այդ թեմայից, զարմացավ ու միանգամից ասաց.«Ես չեմ սիրում բարձրաձայնել այդ մասին, քանի որ չեմ արել խոսելու համար։ Տգեղ է։ Արել եմ, քանի որ մարդիկ դրա կարիքն ունեին։ Ինձ մեղավոր էի զգում, անզոր էի, որ ոչնչով չէի  կարող իրենց օգնել։ Անգամ չէի կարող գնալ կարտոֆիլ մաքրելու։ Բայց չեմ արել խոսելու համար։ Եթե ինչ-որ մեկին օգնում ես, դա չի նշանակում, որ պետք է այդ  մասին թմբկահարես։ Սա պարզապես մեծ երկրների մեծ խաղերն էին, իսկ մենք շախմատի տախտակի վրայի զինվորները։ Արի շրջանցենք այդ թեման։ Զարմանում եմ՝ որտեղից ես իմացել այդ մասին»։

Նառան


Այս թեմային այլեւս չանդրադարձանք, փոխարենը խոսեցինք մեկ այլ՝ ոչ պակաս ցավոտ թեմայից։ Երգչուհին նշեց, որ շատ կուզեր հաղորդումներ լինեին, որոնց ժամանակ քաղցկեղ հաղթահարած մարդիկ կպատմեին իրենց ապրումների, անցած ճանապարհին մասին.

«Աստված չանի, երբ մարդիկ նման իրավիճակում են հայտնվում, պետք է իմանան, որ իրենք մենակ չեն։ Պետք է ուժեղ լինել, իսկ կողքիններն էլ՝ շատ հոգատար։ Շատ կարեւոր է չհուսահատվելը։ Նադյան միշտ իմ մտքում էր, ասում էի՝ «Եթե Նադյան հաղթահարել է, ուրեմն՝ ես էլ կարող եմ հաղթահարել, ուրեմն՝ մարդկային ցավեր են, չնայած՝ ահավոր ցավեր են։ Ու երբեք չեմ մտածել՝ Աստված, ինչի՞ ես»։

- Երբ իմացաք, որ Ձեզ մոտ քաղցկեղ է ախտորոշվել, առաջին իսկ պահին ի՞նչ զգացողություն ունեցաք։

- Իհարկե, շատ նեղվեցի, բայց ինձ չեմ կորցրել, քանի որ ընտանիքս ու ընկերներս կողքիս էին: Բժիշկներն անգամ հույս չէին տվել, քանի որ մետաստազներն արդեն տարածվել էին, բայց ես համառ գտնվեցի։ Այդ հիվանդությունը ոչ մեկից ոչինչ չի հարցնում, պարզապես չպետք է հուսահատվել։ Այդ ժամանակ, երբ ընկերուհիներս զանգում էին, ասում էի՝ «ինձ ոչինչ պետք չի, միայն աղոթեք»։ Այդ էներգիան շատ կարեւոր է։ Հասկանում ես, որ մենակ չես, քեզ սիրող մարդիկ կան։ Ամենակարեւորը չհուսահատվելն է. պետք է ապրել, ուրիշ ոչինչ։ Եթե հուսահատվես, նշանակում է, որ դու քո մահն ես ստորագրում, ու ամեն ինչ կվերջանա։

- Սկեսուր, զոքանչ, տատիկ՝ բոլոր տիտղոսները ստանձնել եք:

- Բոլորում էլ ինձ լավ եմ զգում. հարսիս ու փեսայիս հետ ընկերներ ենք։ Իսկ թոռնիկներս ուրիշ աշխարհ են։ Ես եմ ասել, որ ինձ տատիկ ասեն։ Սկզբում մտածում էի՝ Նառա ասեն, թե՞ տատիկ, հետո հասկացա, որ ես պիտի վայելեմ այդ տատիկ անունը։ Բայց թոռներս տեսնում են, որ տատիկի նման չեմ(ծիծաղում է,-խմբ․)։ Իսկ իրականում մենք հոգով երեխա ենք, պարզապես մեր կաղապարն է մեծանում, ու մենք ոչ առաջինն ենք, ոչ՝ վերջինը։ Սկզբում նեղվում էի, որ մեծանում եմ, բայց հասկացա՝ դա էլ իր հետաքրքրությունն ունի։ Հիմա դա էլ եմ վայելում։ Իսկ ներսի գեղեցկությունը երեւում է աչքերից ու ճակատից։ Այն ոչ մի շպարի տակ չես կարող թաքցնել։

- Գիտեմ, որ Ձեր տղան ձայնային լավ տվյալներ ունի, բայց ընտանիքում ոչ ոք չշարունակեց Ձեր ուղին։

- Այո, տղաս լավ երգում է, բայց նաեւ դպրոցում շատ լավ սովորում էր. գերազանց տիրապետում է արեւելահայերեն եւ արեւմտահայերեն լեզուներին, հրաշալի պատմություն գիտի։ Էլ չեմ խոսում մաթեմատիկայի ու անգլերենի մասին։ Ու շատ ափսոս կլիներ, որ նա այդ գիտելիքներն այլ ոլորտում չօգտագործեր։

Նառան


- Ձեր ընտանիքում երկու մշակույթ է միաձուլվել։ Դժվար չէր ամուսնանալ ու ընտանիք կազմել մի միջավայրում, որտեղ բարքերը շատ տարբեր էին։

-Իհարկե, դժվար էր. իրենք կապիտալիստական երկրում էին ապրել, ես՝ խորհրդային, բայց եթե ուզում ես ընտանիքդ ամուր լինի, ապա շատ բաների պետք է հարմարվես, կամ քեզնով անես։ Օրինակ, կան սովորություններ, որ գալիս են սկեսուրիցս։ Ամանորի գիշերը բոլորով հավաքվում էինք սկեսուրիս տանը, իսկ ամեն կիրակի էլ մի մեծ սեղանի շուրջ ճաշի էինք նստում։ Այսօր այդ սովորույթն իմ ընտանիքում կա. ամեն կիրակի պարտադիր հավաքվում ենք մեր տանը՝ մեծ սեղանի շուրջ, զրուցում, քննարկում ու կարծես թե ամփոփում շաբաթը։

- Միշտ ասում եք՝ Ձեր ամուսինը չի սիրում, որ Դուք երգում եք։

- Ոչ թե չի սիրում, որ ես երգում եմ, այլ իմ երգերը չի սիրում։ Իսկ ես երգում եմ այն երգերը, որոնք իմ հոգուն հարազատ են։ Կա մի ճշմարտություն՝ ամեն մարդ անում է այն, ինչ ինքն է ուզում։ Եվ բացարձակ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ժողովուրդն է պահանջում, դա էլ երգում են։ Ո՛չ, ժողովրդին դա դու ես հրամցնում։

- Նառա, միշտ էլ հնարավորություն եք ունեցել արտերկրում ապրել, բայց այդ քայլին չեք դիմել։ Ինչն է Ձեզ այստեղ կապել, առավել եւս, երբ Ձեր ամուսնու ընտանիքն ապրում էր Բեյրութում։

- Այլ կերպ լինել ուղղակի չի կարող։ Սա իմ քաղաքն է։ Ես 1998-ին իմ ընտանիքին հավաքեցի ու եկա Բեյրութից։ Իսկ ծնողին չեն ընտրում. ես ուրիշ տեղ չունեմ գնալու։   Ինձ համար Արցախը, Դիլիջանը, Ապարանը մի ամբողջական հայրենիք են. ես երբեք չեմ տարանջատել ու տարբերակել։

Արմինե Գեւորգյանը եւ Նառան


- Ասում են՝ բարությունը պակասել է, մարդիկ դարձել չներող, չկամ, ինչո՞ւ այդպիսին դարձանք։

- Ժամանակի հարց է, ամեն ինչ հետ կգա։ Սեւ ածուխը մենակ իրեն է սեւացնում։ Իսկ եթե ուզում է խաղաղ, ուրախ, առողջ, հոգեպես հանգիստ լինի, ապա սեւությունը, նախանձն իր մեջից պետք է հանի, քանի որ ով ինչ անի, իրեն կանի։

- Ասում են՝ երգը դեղամիջոց է: Այդ դժվարին օրերին օգտվում էիք այդ դեղամիջոցից:

- Չէ, դժվար օրերին ներսս չէր երգում, բայց հասկանում էի, որ դարձյալ ժամանակ է պետք։ Մի քիչ զգացի, որ արդեն լավ եմ, կարող եմ երգել, եկավ կորոնան, հետո  պատերազմը։ Իհարկե, իմ վիճակից ելնելով՝ երկու տարի չէի երգել։ Ու չգիտեի՝ կկարողանամ դարձյալ բեմ բարձրանալ, թե՝ ոչ։ Բայց մասնակցեցի Հանրայինի «Մեր օրերի երգը» հաղորդմանն ու հասկացա, որ ոչինչ չի փոխվել։ Դա ինձ համար մեծ խթան էր:

- Այսինքն՝ նոր երգ, նոր տեսահոլովակ սպասե՞նք:

- Այո, հուսամ՝ նոյեմբերին արդեն կթողարկվի։ Երաժշտության հեղինակն Իրինա Մալխասյանն է, բառերն Անիտա Հախվերդյանինն են, գործիքավորել է Արա Թորոսյանը, տեսահոլովակը նկարահանել է Հրաչ Քեշիշյանը։ Երգը դարձյալ սիրո մասին է. սիրո մասին ինչքան էլ երգես, քիչ է։  

Նառան


- Հետեւո՞ւմ եք այսօր երգարվեստին:

- Չեմ հետեւում, քանի որ երկար ժամանակ է, ինչ երգարվեստը հոգեվարք է ապրում։ Ժամանակ է պետք, որ վերականգնվեն ու գիտակցեն՝ պետք է արժեքներ ստեղծել։ Ամեն ինչ արժեզրկվել է։ Իհարկե, սա մի օրվա գործ չէ, այլ տարիների աշխատանք է։  Միայն այն, որ հեռուստատեսությունն ու ռադիոկայանները չպետք է թույլ տային, որ ռեստորարանային երգարվեստը մտներ եթեր...

- Ինչի՞ց եք վախենում եմ:

- Պատերազմից, երեխաներիս ու ժողովրդիս համար, ինձ համար չեմ վախենում։

- Հավատում...

- Հավատում եմ Աստծուն, չնայած՝ մինչեւ հիմա մի ամբողջական աղոթք չգիտեմ: Հավատքը բարիություն է:

- Ձեր Ուժեղ կողմերը:

- Ես կամ այն, ինչ կամ։ Ուղղակի ես ուժեղ մարդ եմ, չեմ գանգատվում, չեմ նվնվում։ Սիրում եմ կյանքը, աշխատում եմ վատ լուրեր չլսել, վատ մարդկանցից հեռու մնալ։ Ես մարդկանց հետ չեմ կռվում, այլ լուռ հեռանում եմ։ Երբեմն շատ հարցերում համամիտ չեմ լինում, բայց  պետք է հարգել դիմացինի կարծիքը։

Հ․Գ. Իսկ նոր երգն առաջինը չլսելը «հանցագործություն» կլիներ։ Նառան BRAVO.am-ին պարգեւեց այդ հաճույքը։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW