Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում նոյեմբերի 10-ին, 12-ին, 14-ին ու 16-ին Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Էնգելբերտ Հումպերդինկի «Հենզելն ու Գրետելը» օպերան:
Ստուդիայում անհամբերությամբ են սպասում առաջնախաղին: Աշխատանքները վաղուց են մեկնարկել՝ ներգրավելով երիտասարդ սերնդի բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների եւ օպերային կատարողների։ Bravo.am-ը ներկա է եղել վերջին փորձերից մեկին ու հետեւել ստեղծագործական կազմի հագեցած եւ հետաքրքիր աշխատանքին:
«Հայաստանում այս օպերան բեմադրելուց մեծ երազանք չեմ ունեցել»
Հայաստանի ժողովրդական արտիստ, Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը վաղուց է ցանկացել Հայաստանում ներկայացնել գերմանական ազգային օպերան։ Գերմանիայում գրեթե բոլոր թատրոններն այն ընդգրկում են իրենց խաղացանկում ու ներկայացնում հատկապես Սուրբ Ծննդյան տոներին։ Օպերան առաջին անգամ ղեկավարել է Ռիխարդ Շտրաուսը, հետագայում անվանի շատ երաժիշտներ եւ երգիչներ են ներգրավված եղել բեմադրություններում։
Հասմիկ Պապյանը
«Ստեղծագործության կոմպոզիտոր Հումպերդինկը Ռիխարդ Վագների հետեւորդն ու աշակերտն էր, եւ նրա երաժշտության մեջ շատ է զգացվում վերջինիս ազդեցությունը։ Իհարկե, վազուց էի երազում օպերան ներկայացնել Հայաստանում, բայց այն կյանքի կոչելը բավական բարդ էր։ Երբ սաներիս հանձնարարեցի «Հենզելն ու Գրետելը» սովորել, կարծում էի՝ մեկ շաբաթից կգան ու կասեն. «Այս ի՞նչ եք տվել, մենք սա չենք կարող հաղթահարել»։ Բայց, ի զարմանս ինձ, մեկ ամիս էլ չէր անցել, երբ բոլորն արդեն անգիր գիտեին այն, եւ այլեւս չէի կարող հետ քայլ կատարել։ Ճիշտն ասած՝ շատ-շատ դռներ բախեցի, հովանավորներ գտնելը մեծ խնդիր էր, որովհետեւ մարդկանց համար շատ գայթակղիչ չէր գերմաներեն ներկայացնել «Հենզել ու Գրետել» օպերան։ Մեզ հովանավորել են «Դար» հիմնադրամը եւ Հարությունյան ընտանիքը, որը չի ցանկանում բարձրաձայնել իր մասին: Միայն անունն ենք նշում՝ հուսալով, որ դա կարող է նախադեպ դառնալ նաեւ ուրիշների համար»,- անկեղծացել է Պապյանը։
Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհու համար կարեւոր էր հայ երիտասարդներին տարբերվող բովանդակություն մատուցել եւ հակադրել այն երաժշտությանը, որը հնչում է ամենուրեք։ Խոստովանում է, որ անգամ որպես մեներգչուհի հանդես գալու տարիներին օպերան Հայաստանում բեմադրելուց ավելի մեծ երազանք չի ունեցել:
«Այս ամենն իրագործելն ու միայնակ ոտքի հանելը, հետեւողականորեն այս գաղափարի հետեւից գնալն ինձ այսօր երջանիկ է դարձնում։ Իհարկե, լարվածություն ու մեծ պատասխանատվություն եմ զգում, բայց ուրախ եմ երեխաների համար, որոնք ոչ միայն կրթություն են ստանում, այլեւ դաստիարակություն եւ կարգապահություն։ Չեք պատկերացնի, թե տեքստի արտասանության վրա որքան ենք չարչարվել, բայց արդեն պտուղները զգում եմ ու տեսնում, որ իրենք էլ են աշխատանքից հաճույք ստանում։ Նրանց մեծ բեմերի համար եմ պատրաստում, որպեսզի կարողանան գլխիվայր շուռ եկած երգել, պարել, պտտվել։ Այդ թավշյա կոստյումներով կանգնած երգեցողությունն արդեն մեռած է: Պիտի կարողանան ռեժիսորների պահանջները կատարել։ Հիմա օպերային թատրոնում ռեժիսորներն ավելի կարեւոր են, քան դիրիժորները։ Այնպես որ, այդ իմաստով էլ մեծ արդյունք ենք գրանցել, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշել է նա:
Ներկայացման մեջ ընդգրկվածների առավելագույն տարիքը 22-ն է: Բոլորն էլ իրենց առաջին լուրջ քայլերն են կատարում այս ասպարեզում։ Նրանք են Երեւանի երիտասարդական նվագախումբը, Օպերային ստուդիայի սաները եւ «Գագարին նախագծի» երգչախումբը: Ամենավագը 31-ամյա խորվաթ դիրիժոր Իվան Շչեպանովիչն է։ Պապյանի խոսքով՝ երգչախմբի երեխաները փորձերին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղից մեկուկես ժամ ճանապարհ են անցնում։
«Այդ երեխաների համար սա բոլորովին ուրիշ աշխարհ է: Նրանց ներգրավվածությունն ինձ համար անձնական մեծ նվաճում է։ Փոքրիկ կազմակերպություն ենք, եւ մեզ լուրջ չեն ընդունում. հանրայնացման եւ գովազդի կարիք ունենք։ Երբ հրավիրում եմ ներկայացմանը, մարդիկ պատկերացնում են, թե Օպերային թատրոնում է լինելու, եւ ես եմ երգելու։ Օպերային թատրոնից այն կողմ ուրիշ բան չգիտեն, բայց հույս ունեմ՝ աստիճանաբար կընդարձակվենք, ու մեր մասին կիմանան։ Շատ կուզեմ, որ Նոր տարվա այն միջոցառումների փոխարեն, որտեղ հիմնականում թռվռում են, երեխաներին բերեն մեր ներկայացումը դիտելու: Անպայման չէ, որ բոլորը հասկանան այն, բայց յուրաքանչյուրի գիտակցության մեջ ինչ-որ բան կմնա: Թեեւ ներկայացումը գերմաներեն է, հայերեն ենթագրեր են լինելու։ Գրիմ եղբայրների հեքիաթը բոլորը գիտեն: Լիբրետոն մեղմացված է, իսկ դաժանությունն ավելի քիչ է»,- ասել է Պապյանը։
Նրա խոսքով՝ Օպերային ստուդիան ցատկահարթակ է թատրոնի համար. երեխաներն իրենց առաջին քայլերն են անում ու պատրաստվում ավելի մեծ բեմերում հանդես գալ։ Օպերային ստուդիան գլխավորելու հինգ տարիների ընթացքում սաներից 17-ն արդեն երգում են մեծ բեմերում։ Երգչուհին նշում է՝ չեն կարող օպերային թատրոնները բերել Հայաստան, փոխարենն իրենց սաներին են պատրաստում այդ բեմերի համար։
«Բացարձակապես համալրման խնդիր չունենք: Այնքան տաղանդներ ունենք, որ ուղղակի հերթ են կանգնած։ Հատկապես ուրախալի է, որ մարզերից են գալիս ու մեծ թիվ են կազմում տղաները։ Թվում էր՝ պետք է մտածեն ռեստորաններում կամ հարսանիքներին երգելու մասին, որպեսզի գումար աշխատեն։ Բայց, գիտակցելով, թե որքան զոհողություններ ու դժվարություններ է պահանջում դասական երաժշտությունը, միեւնույն է՝ սիրում են այն եւ գալիս մեզ մոտ: Դա ինձ համար ամենամեծ մոտիվացիան ու առաքելությունն է՝ իմ 37 տարվա փորձառության շնորհիվ նրանց սովորեցնել, որ լավ երգելը ճանապարհ է բացում, եւ որ փոքր երկրներում մեծ մարդիկ կան»,- շեշտել է նա:
Պապյանն առանձնահատուկ գովել է օպերային ներկայացման ռեժիսոր Նորայր Հերգնյանին եւ դիրիժոր Իվան Շչեպանովիչին։ Նշել է, որ երջանիկ է այդ տաղանդավոր մասնագետների հետ համագործակցելու համար։ Նա ցանկացել է աշխատանքը վստահել այնպիսի դիրիժորի, որը նախկինում արդեն ղեկավարել է այս օպերան։ Երգչուհուն գրավել են Շչեպանովիչի ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մարդկային բացառիկ որակները։
Հայաստանով տպավորված խորվաթ դիրիժորը
Շչեպանովիչն առաջին անգամ է Հայաստանում: Եկել է Զագրեբի երաժշտական ակադեմիայի լավագույն պրոֆեսորներից մեկի՝ Ռուբեն Դալիբալթայանի եւ նրա կնոջ խորհրդով։
«Իսկապես տպավորել է Հայաստանը: Այն ինձ համար բացահայտեցի որպես արվեստի ու մշակույթի երկիր։ Տեսա, թե որքան թանգարաններ, նկարիչներ, ճարտարապետներ ու երաժիշտներ ունեք։ Իսկապես վայելում եմ այստեղ անցկացրած ժամանակը։ Բայց եթե անկեղծ, ամենաշատն ինձ հիացնում է մարդկանց բարությունը, ջերմությունն ու հյուրընկալությունը։ Ամեն ինչ անում են, որ հյուրերն իրենց լավ զգան։ Հույս ունեմ, որ սա իմ վերջին այցելությունը չէ»,- պատմել է դիրիժորը։
Իվան Շչեպանովիչը
Հենց առաջին փորձի ընթացքում հայ երաժիշտները նրան հիացրել ու զարմացրել են, քանի որ «Հենզել ու Գրետել» օպերան բավական բարդ է: Ցույց են տվել, թե որքան լուրջ ու պրոֆեսիոնալ են մոտեցել իրենց աշխատանքին։ Շչեպանովիչին շատ են տպավորել նաեւ կատարողները:
«Ինձ համար նորություն չէր, որ Հայաստանում լավ օպերային երգիչներ կան՝ տիկին Պապյանը, հայր եւ դուստր Գրիգորյանները, բայց երիտասարդներն էլ բավական հզոր ձայն ունեն։ Վստահ կարող եմ ասել, որ օպերային արվեստում ձեր երկրին պայծառ ապագա է սպասում»,- հիացած նկատել է նա:
Դիրիժորը նախկինում արդեն օպերայի հետ առնչություն է ունեցել եւ այն բարդ է համարում։ Շեշտում է՝ թեեւ այն երեխաների համար է, երաժշտությունը բնավ էլ մանկական չէ։ Չնայած իր բարդությանը՝ այն շատ գեղեցիկ ու գրավիչ է, իսկ որոշ հատվածներ Սուրբ Ծննդի տրամադրություն են փոխանցում:
«Օպերան Հայաստանում առաջին անգամ է ներկայացվում: Գիտեմ, թե տիկին Հասմիկը որքան ջանքեր է գործադրել՝ այն բեմադրելու համար: Շատ ուրախ եմ նաեւ երեխաների համար, որոնց համար նման մեծ ու նոր նախագծով հանդես գալը, երեւի, կարիերայի ամենալավ մեկնարկն է։ Բոլորի համար էլ սա նոր ու հետաքրքիր փորձառություն է»,- ավելացրել է Շչեպանովիչը:
Մոնիկա Բելուչիով ոգեշնչված բեմադրիչը
Բեմադրիչ Նորայր Հերգնյանը թատրոնում վաղուց է բեմադրություններ անում, իսկ օպերային ներկայացման առաջին փորձն է։ Նախկինում էլ Հասմիկ Պապյանի հետ աշխատել է եւ առաջակը ստանալուց անմիջապես իր համաձայնությունը տվել է:
«Նրա հետ աշխատելը միշտ գերագույն հաճույք է։ Ամեն անգամ հոգատարություն ու սրտացավություն է ցուցաբերում եւ ամեն ինչ անում, որ գործը կայանա»,- կիսվել է նա։
Հերգնյանը կարեւոր է համարում բեմանկարիչ Եկատերինա Ջագարովայի հետ համագործակցությունը։ Միասին հսկայական աշխատանք են կատարել՝ վերլուծել կերպարները, հագուստներն ու մտածել բեմանկարչությունը. «Ուսումնասիրությունների շրջանակը մեծ էր՝ Անդրե Բրետոնի «Սյուրռեալիստների մանիֆեստ»-ից մինչեւ Մոնիկա Բելուչի: Մեր կախարդի հագուստն ու արտաքինը ստեղծելիս Մոնիկայի կերպարն ու ոճն ենք օգտագործել։ Նա էլ է դերասանուհու պես ժանյակե դետալներով հագուստ կրում»։
Նորայր Հերգնյանը
Հերգնյանն առանձնացրել է ներկայացման ողջ ստեղծագործական կազմը՝ նշելով, որ բոլորն էլ ներդրել են իրենց ուժերն ու համերաշխ թիմ դարձել, որպեսզի կարողանան այս բարդ աշխատանքը կյանքի կոչել։
«Ստացել ենք այն մթնոլորտն ու ընկերությունը, որն անհրաժեշտ է նման գործեր անելու համար: Ներգրավված է 41 հոգի՝ ներկայացման երկու կազմերը, երաժիշտները, երեխաների երգչախումբը, նկարիչը, ռեժիսորն ու տեխնիկական աշխատակիցները: Ըստ էության, Գրիմ եղբայրների հեքիաթում պատկերված անտառը, որում հայտնվում են մեր հերոսները, գոյություն ունի յուրաքանչյուր երեխայի գլխում։ Այդ երեւակայական անտառը պետք է յուրաքանչյուրը մտնի, հանդիպի կախարդին, հաղթի նրան ու դուրս գա։ Այն մեծանալու եւ հասունանալու մասին է»,- ընդգծել է բեմադրիչը։
«Կախարդի» կյանքի հագեցած շրջանը
Աննա Տեր-Հովհաննիսյանն օպերային ստուդիայում նորամուտը նշելու է կախարդի տարբերվող կերպարով, որն ինչպես վառ արտահայտչամիջոցներ, այնպես էլ ձայնային տվյալներ է պահանջում։
«Դասախոսս ինձ տիկին Պապայանի մոտ լսումների տարավ, եւ նա ինձ շատ հավանեց ու առաջարկեց հենց այս վառ դերը, որը մեծ ուրախությամբ մեկ ամսում սովորեցի»,- ոգեւորությամբ կիսվել է նա։
Աննա Տեր-Հովհաննիսյանը
Աննան նախ կարդացել է լիբրետոն, ապա ուսումնասիրել վհուկի կերպարը։ Նայել է օպերայի բազում տարբերակներ ու հետեւել դերակատարներին. «Տեսա՝ ինչպես են ձայնի հետ աշխատել ու կերպարը զգացել։ Այս օպերայի երաժշտությունը հարուստ է ու տարբերվում է մյուսներից։ Դա վագներյան ուղղություն է՝ դեկլամացիա, ոչ թե իտալական բելկանտո, որն ավելի երգային է։ Այս մոտեցումը հիմնված է խոսքի վրա, եւ դա նորություն է թե՛ մեզ, թե՛ հանդիսատեսի համար»,- պատմել է երգչուհին։
Թեեւ պրեմիերայից առաջ շատ անհանգիստ է ու մեծ պատասխանատվություն է զգում, հանգիստ է այն առումով, որ մյուսներն էլ իր պես երիտասարդներ են ու իրենց առաջին քայլերն են կատարում։
«Նվագախումբն այսքան կարճ ժամանակում նման բարդ պարտիան սովորել է, երգիչները՝ նույնպես, ինչը բոլորիս համար հերոսություն է։ Եթե ելույթ ունենայինք պրոֆեսիոնալների հետ, ավելի դժվար կլիներ ու շատ կհուզվեինք։ Պրեմիերային հենց ես եմ ելույթ ունենալու, ինչն անակնկալ էր ինձ համար։ Շատ տարբեր հույզեր ունեմ, ուզում եմ վայելել կյանքիս այս հագեցած փուլը: Երբ ամեն ինչ ավարտվի, դատարկություն եմ զգալու»,- ավելացրել է նա։
Տեր-Հովհաննիսյանը երազում է օպերային երգչուհի դառնալ, շատ դերերգեր ստանալ եւ իր ձայնով նվաճել հայ ու համաշխարհային բեմերը։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
270






