Արեւիկ Գեւորգյանի հետ թեեւ առաջին անգամ էինք հանդիպում, բայց այնպիսի զգացողություն ունեի, որ մի ամբողջ կյանք ճանաչում եմ նրան: Հիանալի առիթ ունեցանք աշունը սկսել պոեզիայի, հետաքրքիր ֆիլմերի, աշխատանքը նվիրված կատարելու ու ամենակարեւորը՝ սիրո մասին զրույցով: Բացահայտեք դերասանուհուն իր առաջին ծավալուն զրույցի միջոցով, որը նա վստահել է BRAVO.am-ին:
- Արեւիկ, եկել եմ՝ լինենք անկեղծ, հետաքրքիր, խոսենք տարբեր թեմաներից ու Ձեզնից մի մասնիկ փոխանցենք: Դուք ինչի՞ եք պատրաստ:
- Ես պատրաստ եմ այդ ճանապարհը միասին անցել:
- Ինչ լավ է: Քանի որ սկսեցի Ձեր վերջերս ներկայացրած «Եկել եմ՝ մնամ» հոլովակի ոճով, առաջին հերթին անդրադառնանք դրան: Ինչպե՞ս եք ստացել այդքան զգացմունքային ու հուզիչ աշխատանք:
- Երբ ռեժիսոր Եղիշե Սողոմոնյանի հետ մտածում էինք հոլովակը ստեղծելու մասին, մեզ համար շատ կարեւոր էր, որ այն սխալ ուղեցույց չդառնա դեռահաս մարդկանց համար, որոնք ավելի զգացմունքային են ու դեռ գիտակցաբար չեն որոշումներ կայացնում: Պատմությունը 2 զույգի մասին է, որոնց կոկորդներին ձանձրույթը տոթի պես կանգնած է, ու հարաբերությունների մեջ ոչինչ չկա: Այդ անտարբերությունից արդեն խեղդվում են: Ուզում էի, որ հոլովակի հենց սկզբում այդ ծանրությունը զգացվեր եւ անհարմար իրավիճակը ճնշեր:
Չէինք ուզում, որ նորմալ թվար կողակից ունենալն ու միանգամից ուրիշի հետ սիրային խաղերի մեջ մտնելը: Կարեւոր էր այդ նուրբ սահմանն ընդգծել, որ այն ֆլիրտ չլիներ, այլ ազնիվ զգացմունք: Ինձ ասում են՝ եթե հերոսուհին այդքան հեշտությամբ իր սիրելիին փոխարինեց մեկ ուրիշով, հետագայում էլ նույն կերպ կվարվի, բայց՝ ոչ: Վերջին տեսարանում թեեւ նրանք իրար չեն նայում, բայց երկուսի հայացքում էլ կարդացվում է, որ մինչեւ կյանքի վերջ միասին են լինելու: Մտքումս Գեւորգին պահած ունեի ու գիտեի, որ անպայման պետք է նրա հետ նկարվենք: Ուրիշ տղայի չէի պատկերացնում այդ դերում: Սկիզբը դժվար էր, բայց ընթացքը շատ հեշտ ստացվեց:
- Իսկ տեսահոլովակում եղած հույզերն իրական կյանքո՞ւմ էլ զգացել եք:
- Զգացմունքների փունջ ես անընդհատ եմ զգում ու դրա կարիքն ունեմ: Ինչ ինձ հիշում եմ, զգացմունք եմ ուսումնասիրում, շատ եմ սիրում դրա հետ կապված ամեն ինչ, իր բոլոր դրսեւորումները: Կարող եմ ժամերով մտածել այդ մասին, շնչակտուր եմ սիրո թեմայից, իմ մեջ այն երբեք չի սպառվում: Սերն այն ուժն է, որն ինձ ստիպում է ապրել ու ստեղծագործել:
-Հիմա սիրո՞ւմ եք՝ կապ չունի կյանքը, մարդու, աշխատանքը:
- Ես ամեն օր սիրահարվում եմ գրքի, մարդու, քաղաքի, երեւույթի: Մեկ-մեկ ընկերներիս հետ դրա վրա ծիծաղում ենք: Սիրո մասին շատ ավելի բարդ է խոսել, այն պետք է անվերջ ուսումնասիրել: Եթե դադարես այն ճանաչել, կլճանաս այդ զգացմունքի մեջ ու կկորցնես այն: Պետք է նորովի բացահայտել երկինքը. եթե այսօր երկնքի մասին չես մտածել, ուրեմն՝ այն կորցրել ես, նույնն էլ սիրո դեպքում է:
- Առաջին անգամը չէ, որ այդ ձեւաչափով հոլովակում եք նկարվում: Ինչպե՞ս ծնվեց դրանք ստեղծելու միտքը:
- Շատ պատահական: Իմ ընկերուհի Մարիամ Եգորյանը, որը ռեժիսոր է, առաջարկեց միասին նկարենք Բուքովսկու «Միայնակ բոլորի հետ» գործը: Նախկինում չէի տեսել, որ պոեզիան նման կերպ ներկայացնեն, պարզապես ասմունք չլինի: Միտքը միանգամից հետաքրքրեց, ու միասին մտանք այդ ծովը, լիքը սխալվեցինք, բայց նաեւ շատ բացահայտումներ արեցինք: Ամեն ինչ մեր ուժերով էինք անում, ամբողջ խումբը նվիրված է ու երբեք շահ չի հետապնդել: Ինչ-որ պահի ստեղծագործելու քաղց ես ունենում, որովհետեւ թեւեր տվող նախագծերը քիչ են, եւ ուզում ես ինքդ ծով ստեղծես անծով քաղաքում: Քիչ-քիչ հասկացա, որ ուզում եմ ավելի ընկղմվել այդ ամենի մեջ: Շատ տաղանդավոր մարդկանց հետ ծանոթացա՝ ժամանակակից ու համաշխարհային գրողների: Օլգա Մուրադյանն իմ սիրելի օպերատորն է, որը կարողանում է պահը զգալ ու ցույց տալ: Աստիճանաբար մեր խումբը բավական մեծացավ:
Արեւիկ Գեւորգյանը
- Ի՞նչն է Ձեզ բերել այս ասպարեզ, ինչի՞ շնորհիվ եք սիրել դերասանի աշխատանքը:
- Շատ երկար դադար էի վերցրել ու սերիալներում չէի նկարահանվում: Տարիներ առաջ սերիալում ուժերս փորձելուց հետո էի որոշել գնալ Թատերական ինստիտուտ, որովհետեւ ինձ կիսատ էի զգում եւ հիմք չունեի: Ուզեցի մասնագիտանալ դերասանական արվեստի մեջ ու բախտս բերեց, որ իմ ուսուցիչը եղավ Ռուբեն Բաբայանը. մինչ օրս էլ նրանից սովորում եմ: Շատ բան եմ սովորել նաեւ իմ կուրսղեկ Զարուհի Անտոնյանից: Հետո հասկացա, որ դադարն ինձ ավելի լիցքավորեց, քան դատարկեց, որովհետեւ կյանքս լցվեց տարատեսակ գույներով՝ երաժշտություն, պոեզիա, գրքեր: Ինձ սկսեց հետաքրքրել աշխարհն ու ինքնաճանաչողությամբ զբաղվեցի, մտահորիզոնս մեծացավ:
- Արեւիկ, վերջին օրերին անընդհատ նկարահանումների էիք, ինչի պատճառով մեր հանդիպումն անընդհատ հետաձգվում էր: Նոր սերիալ եք պատրաստում, բացահայտումներ կանե՞ք մեզ համար:
- Երկարաժամկետ սերիալներին դեմ չեմ. կան թեմաներ, որոնք հնարավոր չէ բացահայտել 16 մասերում, բայց դերասանի համար այն սպառման ամենակարճ ճանապարհն է: Սերիալում նկարվելու առաջարկ ստացա Վարշամ Գեւորգյանից, որին սիրում ու գնահատում եմ որպես դերասան, շատ տաղանդավոր մարդ է, եւ վստահեցի նրան: Սերիալը բժիշկների մասին է, գաղափարը Վարշամի մտքում է ծնվել, 3 տարի խմորել է այն ու տարբեր ճանապարհներ անցել: Նա «Երկրորդ կյանք» ֆիլմաշարի պրոդյուսերն է ու գլխավոր հերոսը:
10 սերիան արդեն նկարահանել ենք, նույնքան էլ դեռ ունենք: Ես 21 տարեկան հերոսուհու եմ մարմնավորում, որը TikTok-եր է, տարված է երաժշտությամբ ու պոեզիայով, կյանքը եռում է նրա մեջ: Փորձերի ժամանակ հերոսուհիս ավտոտնակի տանիքից ընկնում է ու ոտքի վնասվածք ստանում, հայտնվում է հիվանդանոցում եւ դրա արդյունքում ծանոթանում է բժիշկ Գեւորգյանի հետ:
Սերիալի գաղափարն այն է, որ ամեն մարդ հնարավորություն եւ ինչ-որ տեղ նաեւ առաքելություն ունի՝ մեկ այլ մարդու 2-րդ կյանք տալու: Իմ հերոսուհուն բժիշկն է փրկում ու հնարավորություն տալիս ֆիզիկապես շարունակել իր կյանքը, իսկ Աննան իր հերթին գույներով է լցնում բժշկի կյանքը, ու սկսվում է շատ սիրուն մի պատմություն:
- Այնքան ոգեւորված եք պատմում, ի՞նչն է Ձեզ դուր գալիս նկարահանման գործընթացում:
- Ես ժամանակից ու տարածությունից դուրս եմ գալիս նկարահանման հրապարակում, սով, ծարավ ու հոգնածություն չեմ զգում: Այդ մասին շատերը գիտեն, դրա համար էլ իմ տեսարանները կարող են ամենավերջում լինել՝ գիշերը: Ես այդ պահերին եմ ապրում, երբ զգում եմ իմ ողջ գունապնակն ու խաղում այն: Իմ կյանքի լավագույն ընտրությունը եղել է դերասանուհի դառնալը: Շատ կասկածող եմ, դժվար եմ որոշում կայացնում, երբեմն այն է ինձ կայացնում, բայց միակ բանը, ինչի շուրջ երկար չեմ մտածել, եղել է մասնագիտության ընտրությունը:
Արեւիկ Գեւորգյանը եւ Հասմիկ Բաբայանը
- Կա՞ պայման, որով համաձայնվում եք նկարահանվել կամ որով առաջնորդվում եք նոր նախագծեր ընտրելիս:
- Պետք է նյութն ինձ վարակի, կարդամ ու հետաքրքրի, մարմինս անհամբեր լինի ու սպասի նկարվելուն: Այս դեպքում ինձ նյութը գրավեց ու Վարշամի ազնվությունը, թե ինչպես է նա գործին վերաբերվում: Ես շատ լուրջ եմ գործին մոտենում, փորձում եմ անել անհնարինը, եւ շատ կարեւոր է տեսնել, որ թիմս էլ է նույն կերպ տրամադրված:
- Իսկ դերասաններից ովքե՞ր են Ձեզ համար օրինակ:
- Միշտ զուգընկերոջս հետ պատրաստվում եմ պատերազմ գնալ, ինձ համար կարեւոր է, որ նա զինված լինի ու ինձ թիկունք լինի, ինչպես ես նրան: Ե՛վ Կոմիտասի մասին Արման Նշանյանի նկարահանած ֆիլմում, ե՛ւ այստեղ ուրախ եմ տեսնել մարդկանց, որոնք վառված են գաղափարով: Չեմ սիրում, որ գալիս են պարզապես աշխատելու համար:
- Շուտով կինոթատրոններում կցուցադրվի «Սողոմոնի երգերը» ֆիլմը: Այն Կոմիտասի մանկության մասին է, որը համընկնում է Համիդյան ջարդերի հետ: Ինչպիսի՞ն է ֆիլմը ստացվել:
- 2 տարի առաջ ԱՄՆ-ում ֆիլմի առաջին պրեմիերան եղավ, ու ինձ բախտ վիճակվեց այնտեղ լինել: Սակայն ուզում խոսել ոչ թե տպավորությունից, այլ մտավախությունից: Հիմա կրկնակի բարդ է լինելու մեր թիմի համար, որովհետեւ այն տարածքները, որտեղ նկարահանումներն անցել են, վստահ եմ՝ ժամանակավոր, բայց մերը չեն: Արցախում ենք ֆիլմը նկարել: ԱՄՆ-ում իմ նպատակն աշխարհին պատմելն էր 100 տարվա պատմությունը, հիմա ամեն ինչ շատ թարմ է, հասկանում եմ, որ ոչինչ չի անցել, ոչ մի վերք չի լավացել, ու վերջակետ չի դրվել:
Արեւիկ Գեւորգյանը
- Ֆիլմում Ձեր մասնակցության ու դերի մասին ի՞նչ կասեք, ինչպե՞ս Ձեզ տրվեց այն:
- Փոքրուց լսում ես այդ պատմությունները, բայց երբ մեծ տարիքում ես բախվում դրանց, հասկանում ես, որ այդ պատերը չես կարող հրել, ուժ չունես, բայց ուզում ես մի բան անել: Ու հասկացա, որ մասնագիտությանդ մեջ լուռ լինելով ու աշխատանքդ կատարելով՝ կարող ես քո լուման ունենալ այն բարձրաձայնելու հարցում: Դրա համար էլ, երբ Արման Նշանյանից առաջարկ ստացա, որոշեցի նկարահանվել: Դերը շատ դժվար տրվեց: Ֆիլմը սկսվում է շատ լուսավոր ու սիրուն, ներկայացնում է Կոմիտասի մանկությունը: Սա եզակի դեպքերից է, որ հնարավորություն ունենք նրան մանուկ տարիքում տեսնել, քանի որ միշտ Կոմիտասի տառապանքներին ենք ականատես եղել: Երեխա ժամանակ շատ կենսուրախ է եղել, միս ու արյունից: Ֆիլմը Կոմիտասին այլ կողմից կբացահայտի, նաեւ կօգնի մեր մշակույթը ճանաչել, ինչի շնորհիվ ինքներս մեզ էլ կճանաչենք: Ցավով եմ նշում, բայց շատերս մեզ չենք ճանաչում՝ ոչ ուժը գիտենք, ոչ էլ թուլությունները:
- Իսկ անձամբ Ձեզ վրա պատերազմն ի՞նչ հետք է թողել:
- Այնքան եմ դրա մասին մտածել, հիմա ազնիվ կլինի լռեմ, որովհետեւ այն դեռ խոսքի չի վերածվել: Ես ինձ այնքան փոքր եմ զգում: Պատերազմի նպատակն այն է, որ էլ չլինես այն մարդը, որը մինչ այդ էիր: Վայրիվերումների մեջ ենք եղել բոլորս, հայ ոչ մի ընտանիքի կողքով չի անցել այդ ամենը:
- Վերադառնանք Ձեր գործունեությանը: Ստեղծագործական առումով ինչպիսի՞ աշուն եք ակնկալում:
- Դեռ անհամբեր սպասում եմ պրեմիերային, անհանգստացած եմ, թե ինչ կզգամ, երբ նորից նայեմ ֆիլմը: Առաջին անգամ դիտելուց հետո փոխվել եմ, էլ նույնը չեմ: Նկարահանման ընթացքում ողջ թիմը՝ տեխնիկական անձնակազմից մինչեւ դերասաններ, ընկղմված է եղել գործընթացի մեջ: Անմարդկային ցուրտ էր, միմիկաներ արտահայտել չէինք կարողանում, բայց բոլորի համար կարեւոր էր այն, ինչ անում էին: Կտրվել էինք ամեն տեսակի հոգսերից ու կենցաղից, անընդհատ ականջակալներով Կոմիտաս էինք լսում: Ասես կրակ լիներ այնտեղ վառվող, եւ աննշան քամի կարող էր հանգցնել: Բոլորս գիտեինք, թե ինչի համար ենք այն վառ պահում, մինչեւ վերջին օրը փորձել ենք մեր ուժերից վեր անել:
Արեւիկ Գեւորգյանը
-Իսկ ինչպիսի՞ն էր ամառը Ձեզ համար ու ինչո՞վ կհիշվի:
- Տաք էր, իսկ ես շատ եմ սիրում տաքություն: Ձմռանն եմ ծնվել ու միշտ ափսոսում եմ, որ տաք եղանակին չեմ կարող տարեդարձս նշել: Ամռանն ավելին եմ ապրում, քան կարող եմ (ծիծաղում է, -հեղ.): Շատ սիրուն ամառ էր:
- Հիմնականում ֆիլմերից խոսեցինք, իսկ թատրոնն ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:
- Թատրոնը շատ եմ սիրում, վերջերս պրեմիերա ունեցա «Մետրո» թատրոնում՝ «Դելի պարը», ռեժիսորը Հռիփսիմե Շահինյանն է: Շատ հետաքրքիր, բայց նաեւ ծանրամարս է: Այդ դերն ինձ զգացմունքային աճ տվեց: Միշտ որ ուզում են իմանալ, թե կերպարից ինչ սովորեցի, ինձ բռնացրել եմ, որ երբեք այդ հարցին ազնիվ չեմ պատասխանում: Առաջին անգամ հասկացա, որ Սառայից շատ բան ունեմ սովորելու, հատկապես որոշում կայացնելիս մտածում եմ, թե նա ինչ կաներ: Սառան միշտ ազնիվ կլիներ: Երբ ներքուստ հստակ հենակետեր ունես, միշտ ավելի հեշտ է: Չպետք է վախենալ հրաժարվել մարդկային փոքր էգոիզմից, ցանկությունիկներից ու տեղ տալ ավելի արժեքավոր զգացողություններին: Մեր նպատակն է կոտրել համակարգերն ու դուրս գալ տիեզերք:
Մեր ներսում ահռելի ուժ ունենք, բայց ներքուստ մեզ դավաճանում ենք: Գուցե, երբ չդավաճանենք ինքներս մեզ, աշխարհն էլ մեզ չի դավաճանի: Սիրունագույն արժեքներ ունենք, որոնց հավատարիմ չենք մնում: Քրիստոնեությունն ինձ համար ճանաչողություն է, ընդունում ենք այն, բայց իրականում քրիստոնյա չենք, ու դա արտահայտվում է մեր ամեն քայլում՝ դավաճանում ենք, ստում: Պետք է նվաճել քրիստոնյա լինելու իրավունքը:
- Արեւիկ, սոցցանցերում Ձեզ հետեւելը էսթետիկ հաճույք է, տարբերվող ոճ ունեք: Առաջին գրառումը 2019-ին եք արել, այս ընթացքում ինչպե՞ս եք ինքներդ փոխվել:
- Երեւի ինձ ձեւավորել է այն ամենն, ինչ կորցրել եմ: Դոստոեւսկին ասում է, որ ցավն ազնվացնում է մարդուն: Մանավանդ ստեղծագործող մարդուն միայն երջանիկ պահերը չեն կարող որպես ինքնություն ձեւավորել: Մենք միշտ դժգոհում ենք մեզ հետ տեղի ունեցող վատ բաներից, բայց չենք տեսնում, թե այդ ամենից ինչ մկաններով դուրս եկանք: Նկատում ենք միայն խոչընդոտները, բայց կարեւոր է նաեւ այն գեղեցիկը, որն արդյունքում ստեղծվում է: Այն պիտի բարու ու լույսի ծնունդ դառնա, այլապես ցավից ոչինչ չես սովորի:
- Այսքան չէի խոսի Ինստագրամից, եթե այն լի չլիներ գրականությամբ: Ինչո՞ւ որոշեցիք այն հենց այդպիսին դարձնել:
- Շատ պատահական: Մոտս դադար էր, մինչ այդ ունեցածս էջը կոտրել էին, նորը բացելուց հետո չէի էլ մտածում՝ ինչ անել, ակամայից ստացվում էր: Երբ սկսեցի հոլովակներ տեղադրել, մարդկանց հոսքը մեծացավ, սկսեցին անհամբեր սպասել գրառումներիս, ու դա ինձ էլ փոխանցվեց: Ինձ դուր է գալիս մարդկանց սիրով վարակել, որ ինչ-որ տող կարդան, ու թուքը կուլ չգնա: Ինձ հետ էլ է լինում, որ որեւէ միտք ամբողջ գիշեր մնա հետս ու թրթռա ուղեղիս մեջ: Եթե վարակել մարդկանց, ապա միայն սիրով:
- Որքանո՞վ է գրականությունը հետաքրքրում մարդկանց, ի՞նչ արձագանքներ եք ստանում Ձեր հետեւորդներից:
- Այնքան ուրախ եմ, որ ես էլ իմ հետեւորդներից եմ սովորում: Երբեմն այնքան սիրուն տողեր եմ ստանում, այնքան լավ մարդկանց ու աշխարհներ բացահայտեցի, ուզում եմ բռնվել այդ ամենից ու պոկ չգալ: Իմ շուրջ հավաքված մարդիկ նույն կերպ են նայում աշխարհին, նուրբ ու փխրուն են: Շատերն են ասել, որ մինչեւ ինձ պոեզիա չէին սիրում:
- Ոգեշնչումն ու յուրահատուկ գաղափարները որտեղի՞ց եք ստանում:
- Գրքերից, ֆիլմերից, անցորդներից, երաժշտությունից: Սիրում եմ սիրող մարդկանց նայել: Քովիդի շրջանում որոշեցի ամբողջությամբ ուսումնասիրել Դոստոեւսկուն: «Ոճիր եւ պատիժը» միշտ փորձել եմ կարդալ, բայց դժվար է ինձ տրվել: Հասկացա, որ նա իմ պաշտելի գրողներից է: Կարդացի ու վերջում այդ լույսը տեսա. գիրքն իսկական գլուխգործոց է: Դոստոեւսկին Աստվածաշնչի «Մի սպանիր»-ն է բացել ու գիրք դարձրել: Կարդալուց հետո մայրիկիս ասացի՝ եթե Ռասկոլնիկովը սիրեր, չէր սպանի:
- Իսկ գրական հերոսներից ո՞վ է Ձեզ մոտ:
- Աննա Կարենինան: Մինչեւ հիմա չգիտեմ՝ նա ճիշտ վարվեց, թե սխալ: Ինձ հանգիստ չի տալիս: Կյանքիս ինչ-որ փուլում մտածում եմ՝ սխալ էր, հետո շրջան է գալիս՝ հակառակն եմ մտածում: Թեեւ գլխավոր հերոսուհին է Կարենինան, բայց բարոյական աճ է ապրում նրա ամուսինը:
- Ինչպե՞ս ծնվեց Poème շապիկներ ստեղծելու գաղափարը:
- Սիրում եմ գլխովին խորտակվել եւ որ ամեն օր չխորտակվեմ այս անծով քաղաքում, ինձ համար Երեւանում ստեղծել եմ մի կտոր Փարիզ: Սա մի շարք է, որը փառաբանում է սերը: Par_is-ի շապիկները լոկ հագուստ չեն, այն կրողին հաղորդում են ապրելու կերպ, արժեհամակարգ, պատմում սիրո պատմություն: Շապիկների հետ մարդիկ զգացմունք եւ հույզեր են կրում:
Արեւիկ Գեւորգյանը
- Զրույցին պատրաստվելիս մի բան նկատեցի, որ Ձեզնից համարյա հարցազրույցներ չկան, ի՞նչն է պատճառը, չե՞ք սիրում Ձեր մասին խոսել:
- Երբեմն մտածում եմ, որ չգիտեմ՝ ինչով կիսվել, չեմ ուզում իմ փոքր եւ փխրուն աշխարհ ամեն մեկը մուտք գործի: Ուզում եմ զրույց ունենալ, բայց դա չլինի պարզապես հարց ու պատասխան, շահ չհետապնդի կամ իմ ներքին անդորրը չխաթարի: Երբեմն պետք է պատասխաններիդ մեջ ձեւավորված լինես, որ պատրաստ լինես հարցազրույցի: Իսկ հիմա ինձ մոտ այն շրջանն է, որ բազում հարցեր եմ ձեւավորել եւ պատասխանները փորձում եմ գտնել:
- Բայց ամեն դեպքում համաձայնեցիք խոսել, այդ դեպքում ինչո՞ւ:
-Համաձայնեցի, որովհետեւ կարդացի Ձեր զրույցն ու առաջին հարցը Բաբկեն Չոբանյանին: Դիմացինն ինձ պետք է հետաքրքրի, որովհետեւ միասին պետք է վազենք: Եթե մենք միաժամանակ չենք խոսելու երկնքից ու սիրուց, ապա ինչի՞ մասին խոսենք:
- Փաստորեն գտանք Ձեր թույլ կողմը՝ նկարեցինք երկնքի ֆոնին ու խոսեցինք սիրուց (ծիծաղում ենք,-հեղ.): Արեւիկ, իսկ ի՞նչ է գեղեցկությունը Ձեզ համար:
- Ասում են, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց աշխարհը կփրկվի, մարդն էլ՝ այդ թվում, եթե սկսի տեսնել գեղեցիկը: Պետք է գեղեցիկը կրես քո մեջ, ամեն առավոտ ի մի բերես աշխարհդ, միտքդ, հոգիդ ու շուրջբոլորդ: Պետք է իմանաս, թե որն է քո ուժի կենտրոնը, կարողանաս գտնել այն ու պահպանել, նաեւ ունենաս այնքան համարձակություն, որ տարածես այդ ամենը:
Հասմիկ Բաբայանը եւ Արեւիկ Գեւորգյանը
- Ի՞նչն է Ձեզ վախեցնում՝ լինի կյանքում, թե մասնագիտության մեջ:
- Ինձ վախեցնում էր մեծանալը, բայց էլ՝ ոչ: Հիմա այս օրս չեմ փոխի ոչ մի ուրիշ ժամանակի հետ: Տարիքի զգացողությունն էլ է ինչ-որ պահի վերանում: Երեւի վախենում եմ կորցնել այն կիրքը, որն ունեմ մասնագիտության, աշխարհի ու ամեն ինչի նկատմամբ:
- Իսկ ի՞նչը կարող է հիասթափեցնել կամ տխրեցնել:
- Հուսիկ Արան մի գործ ունի, ասում է՝ աշխարհն այնքան սիրուն չէ, ինչպես պատմում էիր ինձ: Վախենում եմ, որ մի օր հասկանամ՝ աշխարհն այնքան գեղեցիկ չէ, որքան ուզում եմ այն այդպիսին տեսնել:
- Սովորաբար գեղեցիկ, կայացած ու վստահ կանանց մասին միշտ սխալ կարծիք կա, որ նրանք որեւէ խնդիր չունեն կամ ամեն ինչ հեշտ են ստանում: Ի՞նչ կասեք Ձեր փորձից ելնելով:
- Երբեք չեմ մտածել, որ սիրուն եմ, բայց ինձ մոտ էլ է եղել շրջան, որ մտածել են՝ ուղղակի սիրուն աղջիկ է, մեջն էլ ուրիշ ոչինչ չկա, խորություն չունի: Ինձ հետաքրքիր չի սիրունությունը, եթե այն առասպել ու գաղտնիք չունի: Երբեմն ինձ համար այնքան տգեղ մարդիկ են անսահման սիրուն, որ նրանց հայացքը տեսնելիս թուքս կուլ չի գնում: Մարդու մեջք պետք է տիեզերքներ պտտվեն, ու ինձ համար սիրուն կլինեն: Պիտի տեսնես, որ մարդը պայքար է տվել իր եւ աշխարհի հետ եւ սպիներ ունի, որոնք նրան գեղեցկացնում են:
Արեւիկ Գեւորգյանը
- Սովորել եք պատրաստել եւ հաճախ եք օգտագործում #կերաղոթիրսիրիր արտահայտությունը: Ի՞նչն է արդեն ստացվում Ձեզ մոտ:
- Կստեմ, որ ասեմ՝ շատ լավ եմ պատրաստում, բայց խոհանոցում աշխատելիս բոլոր ուժերս կենտրոնացնում եմ: Քովիդից սկսվեց. առաջինը շոկոլադե կեքս թխեցի: Ամեն ինչի մեջ մշակույթ կա՝ սննդի, սեղան գցելու: Մենք մշակույթի պակաս ունենք ամեն ոլորտում, պիտի մարդ սիրի այն ամենն, ինչ անում է:
- Իսկ ավելի հե՞շտ էր պատրաստել սովորել, թե՞ հեծանիվ վարել:
- Հեծանիվ դեռ լավ չեմ վարում, որովհետեւ հասկացա, որ հավասարակշռությունս պահել դժվարանում եմ, փոխարենը մեքենա վարել սովորեցի, թեեւ այդքան էլ չեմ սիրում: Սեր ունեմ 2 ոտքի հանդեպ, որ անվերջ քայլեմ: Կարող եմ Դավթաշենից քաղաքի կենտրոն հասնել, չեմ էլ զգում՝ ինչպես է անցնում ճանապարհը:
- Իսկ ի՞նչ եք ուզում սովորել:
- Հիմա ֆրանսերեն եմ սովորում եւ շուտով դասերի եմ մասնակցելու, որոնք Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ են անցկացվելու: Շատ ոգեւորված եմ: Ֆրանսերենը շատ բարդ ու քմահաճ լեզու է: Հավերժ ուսանող եմ, սիրում եմ նոր բան սովորել, դա օգնում է չլճանալ ու չմեծանալ:
- Որքա՞ն հաճախ եք արտասվում ֆիլմեր նայելիս ու վերջինը ո՞րն է եղել:
-Հաճախ, թե՛ ուրախ տեսարաններից, ու թե՛ տխուր: «Զոլավոր գիշերազգեստով տղան» երկար էի պատրաստվել նայելուն: Շատ սիրուն ու ծանր է, բոլորին խորհուրդ կտամ դիտել:
- Ո՞ր պահին է գալիս երջանկությունը:
-Երբ պատրաստ ես նրան ընդունել:
Արեւիկ Գեւորգյանը
-Ի՞նչ են թաքցնում սպիները:
- Պատմություններ: Բոլորս էլ ունենք ե՛ւ երեւացող, ե՛ւ չերեւացող սպիներ: Որոշները փորձում ենք զգուշությամբ փակել, մյուսները ցույց ենք տալիս, որ ունենք:
-Ի՞նչ չես ասի բառերով:
-Այն, ինչ դեռ խոսքի չի վերածվել:
- Ինչ-որ բաներ միշտ կիսատ են մնում, Ձեզ մոտ հիմա ի՞նչ կա կիսատ:
- Մի կյանք, որը դեռ պիտի ապրեմ:
- Լավագույն բանաստեղծությունը՝ Ձեր սրտից մեր հոգիներին։
-Բուքովսկու «Միայնակ բոլորի հետը»:
- Ի՞նչ ասաց սերը կամ ի՞նչ պետք է սերը միշտ ասի:
- Այս արտահայտությունը լսելիս միշտ հիշում եմ Հուսիկ Արային եւ Բաբկեն Չոբանյանին: Սերն ասաց, եթե ինձ ճանաչել ես, ուրեմն՝ հաղթել ես:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: