Լո՜ւռ լողում է իմ երազը անիրական
Ու ձուլվում է կապույտներին անապական։
Տողերը Սոսի Խանիկյանի «Իմ կապո՜ւյտ, կապո՜ւյտ երազ» բանաստեղծությունից են, որ ընդգրկված է նոր լույս տեսած համանուն գրքում՝ նվիրված Սոսիի հիշատակին եւ ստեղծված նրա ընկերների ու հարազատների կողմից։ Սցենարիստ, բազմաթիվ ֆիլմերի ու հեռուստանախագծերի, գիտական հոդվածների, էսսեների ու բանաստեղծությունների հեղինակ Սոսի Խանիկյանը երեկ՝ սեպտեմբերի 8-ին, կդառնար 35 տարեկան։ Ծննդյան օրվա առիթով էլ ընկերներն ու հարազատները նախաձեռնել էին նրա բանաստեղծությունների ժողովածուի, ինչպես նաեւ «Սոսի Խանիկյան» մշակութային հիմնադրամի շնորհանդեսը։
Միջոցառման անցկացման վայրն էլ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, պատահական չէր ընտրված․ Սոսին սիրում էր Կոմիտասին ու գործի բերումով հաճախ էր լինում թանգարանում (իրականացրել է «Վարդապետը» ֆիլմի ստեղծման աշխատանքները)։ Նրա սիրելի հարկի տակ էլ հավաքվել էին ամենամտերիմ մարդիկ՝ ծանոթանալու ձեռագիր մատյաններից վեր հանված բանաստեղծություններին եւ աջակցելու Սոսիի անունը կրող հիմնադրամի նպատակների իրագործմանը։
«Սոսին ուներ մի թաքնված մատյան, որը ժամանակ առ ժամանակ հանում էր եւ մտքին եկածը հանձնում թղթին։ Երբ տիկին Էսթերը (Սոսիի մայրը,- հեղ․) խնդրեց, որ նայենք մատյանը, հասկանանք՝ ինչ կարելի է անել, մենք նրան խնդրեցինք, որ հենց ինքը ֆիլտրի, հասկանա, թե որ բանաստեղծություններն են լուսաբանման ու հրատարակման ենթակա։ Պարզվեց՝ այդ գործերը մոտ հարյուրն են։ Մենք՝ բոլոր ընկերներով, հիմնադրամի անդամներով, ձեռագրերը վերածեցինք թվային տարբերակի, եւ այսօր արդեն ունենք բանաստեղծությունների ժողովածու։ Այն ընդգրկում է Սոսսիի սիրային, խոհափիլիսոփայական բանաստեղծությունները, ինչպես նաեւ նրա գրած երգերի տեքստերը։ Մատյանն ու ձեռագրերը կարող եք տեսնել այն կարճ հոլովակներում, որ պատրաստել ենք այսօրվա համար։ Դրանցում հայտնի մարդիկ կարդում են Սոսիի բանաստեղծություններից»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհի, «Սոսի Խանիկյան» հիմնադրամի անդամ Սյուզի Շահբազյանը, որ նաեւ Սոսիի մտերիմ ընկերներից է։
Էսթեր Խանիկյանը
Հիմնադրամի անդամներից ռեժիսոր Սեդա Գրիգորյանն էլ մեր զրույցում նկատեց՝ հետաքրքիրն այն է, որ իր բազմաթիվ էսսեները, սցենարները եւ այլ գործերը Սոսին հենց թվային տարբերակով էլ ստեղծել է, իսկ բանաստեղծությունները, որ շատ ավելի անձնական են, ձեռագիր մատյանում է գրել․«Այդ ժամանակ նա դեռեւս չէր նախատեսում հանրայնացնել իր բանաստեղծությունները, բայց այս պահին մենք կարծում ենք՝ շատ խորհրդանշական է հենց այդ գործերի հանրահռչակումով մեկնարկել հիմնադրամի գործունեությունը։ Սոսին յուրահատուկ մարդ էր, նա իր փոքրիկ մարմնում շատ մեծ տաղանդ էր ամփոփում, մեծ սեր ու հետաքրքրասիրություն՝ ճանաչելու, բացահայտելու հատկապես հայկականը, հայ մշակույթը։ Եվ այս առումով այնքան մեծ են այդ սերն ու ուժը, որ ուղղակի չէին կարող չվերածվել որեւէ գործի։ Մենք միասին որոշեցինք, որ հիմնադրամը հնարավորություն կտա նրա թողած այդ դրական լիցքերն ու սերն ուղղորդել նոր նպատակների»։
«Սոսի Խանիկյան» մշակութային հիմնադրամին միացել են բազմաթիվ մարդիկ՝ աջակցելու թե՛ ֆինանսապես, եւ թե՛ տարբեր նախագծերի իրագործման աշխատանքներին ներգրավվելով։ Լրագրող, հաղորդավար Տիգրան Դանիելյանն իր խոսքում ընդգծեց՝ հիմնադրամի գլխավոր առաքելությունն է Սոսիի գրական ժառանգության վերհանումն ու հանրահռչակումը, որը, ցավոք, նա չհասցրեց անել իր կենդանության օրոք․«Մենք մեր պարտքն ենք համարում դա անել, ինչի ապացույցն այսօր նաեւ «Իմ կապո՜ւյտ, կապո՜ւյտ երազ» գրքի շնորհանդեսն է։ Բացի այդ, մեր նպատակն է աջակցել երիտասարդ ստեղծագործողներին հեռուստատեսության, թատրոնի, գրականության եւ ընդհանուր առմամբ արվեստի ոլորտում։ Պիտի օգնենք նրանց հարթել իրենց ճանապարհն այնպես, ինչպես Սոսին կարողացավ անել դա ժամանակին ու ոգեւորում էր նաեւ մյուսներին»։
Առաջիկա բոլոր նախագծերին ու նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել «Սոսի Խանիկյան» հիմնադրամի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերին, ինչպես նաեւ հիմնադրամի պաշտոնական կայքէջին՝ https://www.sossi.foundation/ ։ Իսկ եթե ցանկանում եք աջակցել այդ ծրագրերին, ապա միանալու եւ նվիրաբերելու բոլոր հնարավորությունները նշված են կայքէջում։ Հիմնադրամի անդամներն ընդգծում են, որ տարեկան հաշվետվությունների միջոցով ամփոփվելու են կատարված աշխատանքները եւ փորձելու են ներգրավել շահագրգռված բոլոր մարդկանց։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: