×


Լուսանկարը՝ Marc di Domenico

Բելմոնդոյին հրաժեշտ կտան ինչպես իր հայ ընկեր Ազնավուրին

Ֆրանսիան այսօր «Ազգային հարգանքի տուրք» կմատուցի սիրված դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյին։ Շատերը կհիշեն մեր աշխարհահռչակ հայրենակցին՝ Շառլ Ազնավուրին նվիրված «Ազգային հարգանքի տուրքի» արարողությունը, որը տեղի ունեցավ Փարիզի «Հաշմանդամների պալատում»։ 2018թ.-ի հոկտեմբերի 5-ին հազարավոր մարդիկ հրաժեշտ տվեցին լեգենդար երգչին, բացառիկ միջոցառմանը ներկա էր նաեւ Ազնավուրի մտերիմ ընկերներից մեկը՝ հանրաճանաչ դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն։ Այսօր արդեն՝ նույն վայրում, հենց իրեն են հրաժեշտ տալու ֆրանսիական կինոյի սիրահարները, բարձրաստիճան անձինք, ելույթով հանդես կգա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Միջոցառումը տեղի կունենա այսօր՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը16։30-ին՝ դերասանի ընտանիքի, կառավարության, մշակույթի եւ սպորտի կարկառուն ներկայացուցիչների ներկայությամբ, 1000 տեղ կտրվի լայն հասարակության համար։

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը, իսկ մինչ այդ երկրպագուները կարող են այցելել «Հաշմանդամների պալատ». այն բաց կլինի ողջ գիշեր։

Սա հոգեւոր արարողություն չէ, այլ ազգային հերոսին ճանապարհելու կանոնակարգ։ Նման պատվի արժանանում են հիմնականում զինվորականներ, նաեւ Ֆրանսիայի համար մեծ գործ կատարած բացառիկ գործիչներ։ Շառլ Ազնավուրը միակ երգիչն է, ով արժանացել է այս արարողակարգին։

«Հաշմանդամների պալատը» Փարիզի տեսարժան վայրերից մեկն է, այս շենքում Ֆրանսիական ռազմական թանգարանն է (Musée de l'Armée)։ Այստեղ են գտնվում Նապոլեոն Բոնապարտի եւ նշանավոր ֆրանսիացի ռազմական այլ գործիչների դամբարանները։

Հայրենակիցները Բելմոնդոյի համար մտերմիկ մականուն էին ընտրել՝ Բեբել էին անվանում, սակայն այս մեղմ մականվան կրողն ուժեղ բռնցքամարտիկ էր, նաեւ զինվորական կոչումներ ուներ եւ այն բացառիկ դերասաններից էր, ով ինքն էր կատարում ամենադժվարին հնարքները ֆիլմերի նկարահանման ընթացքում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերն անպայման հայտնի էին դառնում, իսկ նրա դերասանական խաղը բարձր նշաձող է դարձել ֆրանսիական կինոյի համար։

Սիրված դերասանը մահացել է սեպտեմբերի 6-ին Փարիզի իր տանը՝ 88 տարեկանում։

Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին