×


Ալեքսանյանի խոստովանությունը, Արեւիկի թրքուհու կերպարը եւ այլ մանրամասներ Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերայից

Մանկահասակ Կոմիտասի, թրքուհի Սեւիլի եւ հայուհի Սոնայի ընկերությունը, հավերժի խոստում, հայկական մեղեդիներ, մարդկային արժեքներ ու հակադիր դաժանություն, հայերի ճակատագրեր, որոնք խեղվեցին Համիդյան ջարդերի հետեւանքով. սեպտեմբերի 10-ին՝ կարմիր գորգով եւ հայտնիների ներկայությամբ, տեղի ունեցավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմում հայ մեծ Վարդապետի կյանքի միջոցով ներկայացվում է հային հետապնդող իրականությունն ու պատմության դաժան էջերը, որոնք համեմված են Կոմիտասի հոգեցունց երաժշտությամբ:

Առաջինը հանդիսատեսի դատին ֆիլմը հանձնվել էր 2019 թ.-ին՝ Լոս Անջելեսում, իսկ հայաստանյան պրեմիերան համավարակով եւ պատերազմով պայմանավորված հետաձգվել էր: «Սողոմոնի երգերը» պատմական դրաման, որը Արման Նշանյանը ստեղծել է օսկարակիր պրոդյուսեր ու «Կանաչ գիրքը» ֆիլմի համահեղինակ Նիկ Վալելոնգի (Vallelonga Productions-ից) ու Ասկո Հակոբյանի (Oscar Gold Productions-ից) հետ, հիմնված է իրական դեպքերի վրա: Հիմքում Սիրվարդ Կավուկչանի պատմությունն է:


«Կենտրանացել եմ Կոմիտասի մանկության վրա, քանի որ նա իր մոր հետ կապված հազարավոր բանաստեղծություններ ունի, եւ չի կարող մարդու վրա դա չանդրադառնալ, բացի այդ, բոլորս կենտրոնացած բարձրաձայնում, պայքարում ենք 1915 թվականին կատարվածի համար, բայց մինչ այդ արդեն եղել էին հայկական ջարդեր թուրքերի կողմից, որոնց ականատեսը եղել է Կոմիտասը: Մոր մահը, որբությունը, հայերի՝ տարիներ տեւող զանգվածային ջարդը սուլթան Աբդուլ Համիդի կողմից սկսված դեռևս 1881 թվականից իրենց հետքը թողել են նրա վրա: Ես ներկայացրել եմ Կոմիտասի մանկությունը, թե ինչ կյանքով է ապրել հանճարը: Իր վերջին տարիներին նա խռովել է աշխարհից ու լռել, նա չի խելագարվել: Նա ինձ համար չի կարող գժված լինել: Ֆիլմը միայն Կոմիտասի մասին չէ, այլ այդ դարաշրջանում մեր պատմության մասին է, որն աշխարհը պետք է իմանա ու ճանաչի՝ համեմված Կոմիտասի երաժշտությամբ ու շնչով: Շատ կարեւոր է՝ հասկանանք, որ նա մեր Մեսրոպ Մաշտոցն է երաժշտության մեջ, նա հավաքել ու պահպանել է այն երաժշտությունը, որը թղթի վրա չլինելու դեպքում կկորչեր»,-նշում է Արման Նշանյանը:

«Սողոմոնի երգերը» ընտրվել էր Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացներ Հայաստանը 2021 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը, սակայն չընդգրկվեց կազմակերպիչների կողմից:

Արման Նշանյանը


«Քանի որ շատ սուր թեմա է… այլ երկրներ՝ եվրոպական եւ հետխորհրդային, շատ մեծ գումարներ են ներդնում գովազդի եւ PR-ի համար, մերը մենք ապահովել էինք որքանով կարողացել էինք: Կային այլ շատ լավ ֆիլմեր, որոնք ո՛չ սուր հարցեր էին շոշափում: Մենք պետք է այնպես աշխատենք, որ գոնե մեկս ընդգրկվի այնպիսի հարթակում, որտեղ աշխարհը կճանաչի Հայաստանի կինոարվեստը: Փառատոնները, հարգելով պատմությունը, անդրադարձան ու շեշտեցին՝ չեն ուզում, որ լինեն խնդիրներ ու խոչընդոտներ ֆիլմի թեմայի շուրջ»,- մանրամասնում է ռեժիսորը:

Արեւիկ Գեւորգյանը


էկրանային երկարատեւ դադարից հետո այս ֆիլմում առանցքային կերպարներից մեկով՝ թրքուհի Սեւիլ, հանդես է եկել դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը: Անվախ կին է, որը վտանգում է իր եւ ընտանիքի կյանքը՝ հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Պատմությունը ներկայացվում է հենց Սեւիլի տեսանկյունից՝ նրա գրառումների հիման վրա: Դերասանուհին առաջարկը ստացել է Արման Նշանյանից:

«Երբ կարդացի նյութը, այն ինձ միանգամից գրավեց, քանի որ չկա մի հայ, ով անտարբեր կարող է մնալ այս պատմությանը: Ես իմ մեջ ունեի նպատակ իմ մասնագիտության մեջ այնքան հմտանալ, որ կարողանամ իմ խոսքն ասել ե՛ւ որպես դերասանուհի, ե՛ւ որպես մարդ՝ աշխարհին լսելի դարձնելով այս պատմությունը: Արմանի հետ երկար աշխատել ենք ամեն մանրուքի վրա, սա կարեւոր պատմություն է բոլորիս համար: Թրքուհի մարմնավորելիս չեմ հիմնվել ազգության վրա, քանի որ կան այնպիսի համամարդկային արժեքներ, որտեղ ազգությունը լռում է: Անցած տարի եղան դեպքեր, որոնցից հետո հատկապես կրկնակի բարդ է լինելու դիտել ֆիլմը, մենք հիմա չենք կարողանում խոսել»,- ասել է դերասանուհին՝ հավելելով, որ շատ կարեւոր է՝ այդ լռությունը ճանապարհ անցնի ու ձեւավորվի որպես նոր խոսք:


Հայուհի Սոնայի կերպարում դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն է: «Մեկ բջջի պես ենք աշխատել բոլորս ֆիլմի համար, եւ ես հուսով եմ՝ կզգացվի այդ աշխատանքը: ֆիլմում Կոմիտասի երաժշտությունը հնչում է անսահման տեղին եւ գեղեցիկ, ինչը համարում եմ ֆիլմի հիմնական օղակը»,- նշել է դերասանուհին:

Լուռ՝ իր ապրումներով, լի անասելի բնատուր տաղանդով ու երաժշտությամբ. ֆիլմի գլխավոր հերոսին՝ Կոմիտասին, մարմնավորում է դերասան Սամվել Թադեւոսյանը, որը պրեմիերային ներկա չգտնվեց, քանի որ հիմա Իտալիայում է՝ զբաղված է նոր ֆիլմի նկարահանումներով:

Արտաշես Ալեքսանյանը


Հայերին դավաճան համարող, մեր մշակույթն ու կյանքերը ոչնչացնող թուրք Աբդուլ Համիդի դերում Արտաշես Ալեքսանյանն է, որը պրեմիերայից հետո, լսելով դրական կարծիքներ իր դերասանական խաղի մասին, նշեց՝ անգամ չգիտի հաճելի է, թե ոչ այդքան դրական կարծիք այդ դերի մասին, բայց երեւի նորմալ է դերասանի համար:

«Շատ դժվար եմ համաձայնել, որովհետեւ սա թվով երրորդ թուրք կերպարն է, որին ես մարմնավորում եմ: Սցենարը կարդալուց հետո եմ համաձայնել խաղալ այս դերը, որովհետեւ սա բոլորովին այլ մարդ ու կերպար էր: Եթե մինչ այդ ես կերտել էի զինվորականի, գեներալի, ապա այս մեկը շատ ավելի վտանգավոր կերպար է, որովհետեւ վերացնում է հայ մշակույթը... Նա շատ լավ ծանոթ է հայ մշակույթին, հայոց լեզվին, երաժշտությանը, դրա համար այս կերպարը ոչ թե ֆիզիկապես է հային վերացնում, այլ վերացնում է հայոց մշակույթը»:


Թրքուհի Սեւլի ամուսնու՝ Օսմանի առանցքային դերում հենց Արման Նշանյանն է, որը կերպարի ապրումները, մարդկային զգացումների ու զինվորական լինելու հակադրությունը շատ լավ կարողացել է փոխանցել: Դե, իսկ Սոնայի ամուսինը Սարգիսն է, որը հայկական մշակույթը պահող ու ստեղծարար տղա է՝ թուրքական սուր դիտակետի տակ առնված: Այս դերում Սոս Ջանիբեկյանն է:

«Շատ կարեւոր հարցերի է անդրադարձած ու շատ ճաշակով է արված ռեժիսորի կողմից: Վստահ եմ, որ հայկական ֆիլմերի մեջ նոր աշխարհայացք ու ճաշակ կբերի այս ֆիլմը: Մարմնավորում եմ հայկական մշակույթը, որն ամենախոցելին է, որն էլ հենց ցանկանում են վերացնել, ինչով էլ կվերացնեն նաեւ հային, բայց ի վերջո չեն կարող»,- ասել է Սոս Ջանիբեկյանը:

Մադոննա Հարությունյանը եւ Ստեփան Ղամբարյանը


Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ժան-Պիեր Նշանյանը եւ այլք։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Կարո Կավուկջյանն է։ Սցենարի հեղինակը Օդրի Գեւորգյանն է։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին