×


«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի վերամշակված տարբերակի պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հյուրերը

15 տարի առաջ սեպտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմային իրարանցում էր. էկրան էր բարձրացել ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը: Նույն օրը, բայց արդեն հոբելյանական 15-րդ տարում նույն դեմքերը հավաքվեցին, թարմացրին հուշերն ու հին հումորները, վերապրեցին ու քննարկեցին. երեկ տեղի է ունեցել ֆիլմի վերամշակված տարբերակի պրեմիերան, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:

24 տարեկանում որպես կուրսային աշխատանք նկարահանված ֆիլմը ոչ միայն դարձավ այցեքարտ ռեժիսորի համար, այլեւ շատ դերասանների համար դարձավ լավագույն մեկնարկ հայկական կինոաշխարհում: Արդեն տարիների հեռավորության միջով հայացք գցելով՝ Գոռ Կիրակոսյանը կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ շատ էր ափսոսում, որ ֆիլմը թվայնացված չէ ու իրենից հետո կարող էր չլինել:

Գոռ Կիրակոսյանը


«Մենք ֆիլմը նկարել ենք այն ժամանակվա մեր ունեցած գիտելիքներով ու տեխնիկայով՝ DVD որակի համար, բայց ժամանակի ընթացքում թվային ձեւաչափը գրավեց այս ոլորտը, եւ ես միշտ ափսոսում էի, որ չկար ֆիլմը ժամանակակից որակներին համապատասխան: Անցած տարի, համավարակով պայմանավորված, ազատ ժամանակ կար, ու ես որոշեցի վերադառնալ ֆիլմին եւ հետարտադրություն անել զրոյից: 5-6 ամիս աշխատել ենք, արխիվից հանել ենք մոտ 96 կասետ ու նորից նույնությամբ հավաքել ֆիլմը: Եթե հիմա նկարեի այդ սցենարով, ապա այլ ֆիլմ կլիներ, քանի որ տարիների ընթացքում, բնականաբար, մասնագիտական որակներս փոխվել են, եւ այլ ձև եմ զգում ամեն ինչ: Ֆիլմի վերամշակման ժամանակ հասկացա, որ չեմ կարող փոփոխության ենթարկել. այն ստացված ֆիլմ է եւ ունի իր շարմն ու էներգիան, որը փոխանցել է հանդիսատեսին ու հետ ստացել նրանցից նույնը»,- ասաց ռեժիսորը:


Ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որը Գոռը լսել է երգչուհի Նառա Վարդանյանից: Վերջինս իրականում եղել է հենց այն աղջիկը, որը հայտնաբերել է, որ սխալ հանգուցյալի են բերել իրենց տուն: Իրական դեպքերին ավելացվել է հումորային զարգացումներ եւ դետալներ տարբեր իրավիճակներից, որոնք պատահել են ռեժիսորի եւ դերասաններից ոմանց հետ: Ֆիլմի հին տարբերակը Յութուբից արդեն հեռացրել են:


«Այդ որակով մնալու իմաստը չկար: Ֆիլմն իր արձագանքը վաղուց ստացել է, այն հայկական ֆիլմադարանում արդեն ունի իր տեղը: Ինձ հետաքրքրիր էր ցույց տալ ֆիլմը բարձր որակով ու հետ բերել էկրաններ նոր սերնդի համար, որոնք չեն դիտել: Հումորների առումով ֆիլմը ժամանակ չունեցող է, այսինքն՝ կատակներն ու դեպքերը կարող են հիմա էլ կատարվել»,- նշում է ռեժիսորը՝ անկեղծանալով, որ շատերը ֆիլմի երկրորդ մասին էին սպասում, բայց իր բոլոր ֆիլմերն ավարտվում են այնպես, որ կարծես երկրորդ մաս պետք է լինի, ինչը միանշանակ չէ:


Ֆիլմի ամենահետաքրքիր հերոսին, որը ողջ ընթացքում դագաղում է, մարմնավորում է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Տարիներ անց նաեւ հետաքրքիր է տեսնել մյուս դերասաններին երիտասարդ տարիքում:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին