×


«Մենք ընտանիք էինք ստեղծում, ոչ թե շոու ապահովում»․ Նունե Եսայան

ՀՀ Վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի հետ տարբեր զրույցներ ենք ունեցել, ու միշտ հարցազրույցը եղել է  քաղաքական մտքերով ու տեսակետներով համեմված: Այսօր խախտում ենք «ավանդույթը». երգչուհու հետ զրուցել ենք շատ ավելի հետաքրքիր թեմաների մասին՝ ծրագրեր, պլաններ ու նաեւ խոհանոց:

Նունեն սոցցանցային իր էջերում հաճախ է խոհանոցային տեսանյութեր հրապարակում. պատրաստում է յուրօրինակ ճաշատեսակներ, աղցաններ եւ հետաքրքիր ու ախորժելի այլ ուտեստներ: Բայց մինչ կհասնենք խոհանոցին, մի քիչ «փորփրել» ենք նրա ընտանեկան իրավիճակները:

Պարզվեց՝ Նունե Եսայան-Ավո Խալաթյան զույգն իր միությունը խորանի առաջ միայն վերջերս է ամրապնդել. պսակադրվել են եկեղեցում երգչուհու 50-ամյակի օրը: Նրանց ընտանիքն արդեն 15 տարեկան է:

- Իմ  50-ամյակին պսակադրվեցինք  եկեղեցում: Մտածում էինք՝ ինչու փոխենք այս ուղին, եթե ճիշտ գնում ենք: Թուղթը մեզ համար կարեւոր չէր, իսկ եկեղեցին կարեւոր էր:

Նունե Եսայանը


- Երկուսդ էլ ծնվել եք աքլորի տարում, իսկ Դուք համաստեղությամբ առյուծ եք: Աքլորակռիվներ չե՞ն լինում:

- Չէ՜, Ավոյի մեջ էլ է քիչ աքլորը, իմ մեջ էլ: Ցուցամոլությունը մերը չէ: Իսկ առյուծ լինելն էլ ինձ զսպում է: 15 տարվա մեջ որեւէ վեճ չի եղել, փոքր հարցերում կարող է նեղացել ենք, բայց դա տեւել է մի քանի րոպե: Իսկ այս տարիների ընթացքում փոխվել են նաեւ մեր մոտեցումները տարբեր հարցերի շուրջ: Ավոյի շնորհիվ փոխվել եմ նաեւ ես: Բայց այդ անցումն այնքան սահուն է եղել ու բնական, որ մենք չենք էլ զգացել։ Ուղղակի հիմա, երբ մեկ-մեկ հետ եմ նայում, նկատում եմ, որ շատ հարցերում իմ մոտեցումներն այլ են դարձել: Ես իր բնավորությունից եմ ինչ-որ բաներ վերցրել, ինքն՝ իմ:

- Երբ նոր էիք ամուսնացել, այդպիսի օր չկար, որ մամուլը չգրեր ձեր ամուսնալուծության մասին. ասում էին՝ ամուսնացել եք փոխշահավետ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, որ ձեր միությունը ժամանակավոր է, եւ այլն:

- Ճիշտ եք, բայց տարիները ցույց տվեցին, որ մենք շոուի համար չենք ամուսնացել: Մենք ընտանիք էինք ստեղծում, ոչ թե շոու ապահովում: Իսկ ժամանակը ցույց տվեց, որ մեր միության հիմքում սերն է, ուրիշ ոչինչ: Իսկ այսօր ունենք հրաշալի երկու երեխա: Ինձ երբեք չի հետաքրքրել ուրիշի կյանքը, երբեք չեմ նախանձել, չեմ վնասել մարդկանց:


- Բարությունը պակասե՞լ է:

- Էմոցիան է պակասել. որքան հնարավոր է, օրվա ընթացքում մարդկանց հետ  շփվեք, բայց համակարգչից դուրս:

- Ապրում եք սկեսուրի հետ՝ մի խոհանոց, երկու շերեփ. ուտեստային  «պատերազմներ» չե՞ն լինում:

- Վա՜յ, ինչ հետաքրքիր թեմա եք բացում: Հայկական խոհանոցը ես շատ լավ գիտեմ, բայց հայկականի տերը սկեսուրս է: Ես պատրաստում եմ յուրօրինակ ճաշատեսակներ՝ չինական, իտալական, ճապոնական, մի խոսքով՝ աշխարհի  կերակուրները: Մենք լրիվ կիսել ենք. ամբողջ հայկական բաժինը սկեսուրինս է, իսկ աշխարհի կերակուրներն՝ իմը: Այնպես որ, շերեփի խնդիր չունենք: Ավոն էլ երկուսիս պատրաստածը շատ հավանում է: Իսկ խոհանոցն ընդհանրապես իմ թուլությունն է: Ես այնտեղ ինձ շատ լավ եմ զգում: Շատ տարօրինակ ու յուրօրինակ բաներ եմ պատրաստում: Իմ պաշտոնական էջերում հաճախ տեղադրում եմ տեսանյութեր, ու արձագանքները միայն դրական են: Գիտեք, դա էլ յուրօրինակ ձեւ է լսարանի ու երկրպագուների հետ շփվելու:


- Այն արտիստներից եք, որոնք այդքան էլ ակտիվ չեն սոցիալական ցանցերում, բայց վերջին շրջանում ակտիվություն է նկատվում: Դո՞ւք էլ եք ուզում քայլել ժամանակին համահունչ:

- Իհարկե, անմիջական շփումները դրանք այլ զգացողություններ են, բայց այդ տիրույթն էլ է հետաքրքիր: Վերջին երկու տարին է, որ ակտիվություն եմ  ցուցաբերում: Միշտ մտածել եմ, որ ինքնագովեստ է, բայց հասկացա՝ դա այսօր շատ կարեւոր է, եւ ոչ թե ինձ գովելու, այլ պարզապես ինֆորմացիայի տարածման համար: 2015 թվականին շուրջ 16 բարեգործական համերգ եմ ունեցել եվրոպական երկրներում, բայց դրա մասին չեմ խոսել, չեմ բարձրաձայնել։ Իսկ սկսվեց նրանից, որ հրավիրում էի իմ արտիստ ընկերներին, ու մենք ուղիղ եթերում երգում էինք այնպիսի երգեր, որոնք չկային մեր երգացանկում: Մեկնաբանություններից հասկանում էի, որ հետեւորդներին հետաքրքիր է ինձ եւ իմ հյուրին տեսնել նոր ձեւաչափով: Շատերին հետաքրքրում էր, թե մենք կարող ենք կենդանի երգել այն երգերը, որոնք իրենք են ցանկանում։ Երգում էինք համաշխարհային հիթերից  մինչեւ ժողովրդական: Բացի այդ, եթե ուզում ես լսարանդ մեծ լինի, ապա պետք է գործես նաեւ համացանցում: Իհարկե, ես հիմա աշխատում եմ մասնագետի՝ Նարեկ Մանուկյանի հետ, որը շատ լավ տիրապետում է սոցիալական մեդիայի  գաղտնիքներին:  

- Ստեղծագործական առումով ի՞նչ փուլում եք. նոր երգեր, տեսահոլովակներ, համերգներ... Դադա՞ր եք վերցրել:

- Միայն ես չեմ պասիվ վիճակում: Արվեստը կանգ է առել՝ պայմանավորված քովիդով եւ երկրի վիճակով։ Իհարկե, կան երիտասարդներ, որոնք ակումբներում համերգներ են ունենում, բայց ես դեռ այն ժամանակից էլ չեմ երգել ակումբներում: Իսկ վերջերս սկսել եմ ստեղծագործել: Չգիտեմ՝ Աստված այնտեղ վերեւում ինչ է  որոշել, բայց արդեն երկու երգի երաժշտության եւ մեկ երգի խոսքերի հեղինակ եմ: Մեկ երգի խոսքերն էլ գրել է Ավետ Բարսեղյանը: Ու պատրաստվում ենք   նկարահանել տեսահոլովակ:

- Ասում են՝ այսօրվա երգերը մեկ օրվա կյանք ունեն. երաժշտություն չկա, խոսքերում միտք չկա, չկա սկիզբ, զարգացում ու ավարտ: Համամի՞տ եք այդ տեսակետների հետ:

- Այո, քանի որ հիմա պատվերով է ամեն ինչ: Իսկ պատվերով արված երգը չի կարող հույզեր փոխանցել: Եթե քեզ ժամկետ են տալիս ու ասում են մեկ  շաբաթում բառերը գրել, հետո երաժշտությունը, ապա այդ երգերը միայն    տուժելու են: Իսկ այն երգերը, որոնք ծնվում են ու հետո առաջարկվում ինչ-որ մեկին, այլ ճակատագիր են ունենում: Բայց այդ վիճակը միայն մեզ մոտ չէ, այլ ամբողջ աշխարհում: Պատճառը, թերեւս, այն է, որ այս նոր սերունդն այնքան զբաղված է համակարգչային աշխարհով ու, այսպես ասած, ի վիճակի չէ մեծ «ֆայլեր» ընդունելու: Հետեւաբար, պետք է տաս այնպիսի գործ, որը պարզունակ կլինի, մտածելու տեղիք չի տա: Իսկ երկու երգն էլ գրել եմ երազում: Այդպես շատ է  եղել, պարզապես այն ժամանակ չկար ձայնագրող հեռախոս, մինչեւ արթնանում էի, մոռացած էի լինում: Շատ է եղել, որ երազիս մեջ նոր երգ եմ երգել: Իսկ վերջերս երկու անգամ եղավ՝ աչքերս բացեցի, ձայնագրեցի հեռախոսով: Երկուսն էլ ռոմանս են:

Նունե Եսայանը եւ Արմինե Գեւորգյանը


- Պարբերաբար տեսանյութեր եք  հրապարկում Ձեր դստեր մասնակցությամբ, որոնցում երգում է։ Վերջերս էլ նկատեցի, որ Արթուր Գրիգորյանի հետ՝ դաշնամուրի կողքին կանգնած երգում էր:

- Էլիզաբեթի մեջ մի ուրիշ հրաբուխ է կուտակված, չգիտեմ՝ որտեղից է դուրս գալու այդ լավան: Շատ լավ զգում է ջազ ստեղծագործությունները: Նկարում է  հրաշալի, որը հայրիկի ու պապիկի գեներն են: Պարում է իր հորինած պարերը:  Հենրին նույնպես ունի այդ ձիրքը, բայց ավելի զուսպ է: Երգն ու  դերասանությունը Էլիզաբեթինն են: Երկուսն էլ Ավոյին են նման՝ պարզ ու մաքուր: Բայց ես այն ծնողներից չեմ, որ իմ երեխան է, ուրեմն պետք է առաջ գնա: Եթե տեսնեմ՝ տաղանդ չունեն, երբեք առաջ չեմ տանի։ Միշտ զայրացել եմ այն ծնողների վրա, որոնք իրենց երեխային անընդհատ ուզում են առաջ տանել, այն դեպքում, երբ երեխան տաղանդավոր չէ:



- Տարիներ առաջ երգչի այցեքարտը համարվում էին նաեւ թողարկված  ձայնասկավառակները, հիմա դրանք այլեւս արդիական չեն: Բայց սկավառակը կարծես անտեսանելի մտերմություն էր ստեղծում արտիստի ու երկրպագուի միջեւ:

-Ձայնասկավառակների առումով ճիշտ եք: Այն նաեւ գումար վաստակելու միջոց էր: Մեր ժամանակ CD-ները վաճառվում էին համերգի ժամանակ: Հանդիսատեսը դուրս էր գալիս համերգից ու ոգեւորված գնում էր: Հիմա համերգ չկա, CD էլ չկա։

- Ժամանակին Ձեր համերգային դահլիճները միշտ լեփ-լեցուն էին: Վերջին  տարիներին Ձեր հանդիսատեսը պակասե՞լ է, թե՞ կայուն է:

- Իմ հանդիսատեսը կայուն է: Այսօր սերնդի խնդիր կա: Իհարկե, ունեմ երգեր նոր ռիթմիկայով, բայց միայն ունենալու համար: Նաեւ չենք կարող չնկատել, որ երիտասարդ երգիչներից շատերը, օրինակ՝ Գարիկն ու Սոնան, Արամ MP3-ը, երգում են ժողովրդական երգեր՝ նոր գործիքավորմամբ, իրենց ոճին  հարմարեցված: Բայց հիմքը ժողովրդական է: Տարիներ առաջ ես էլ ժողովրդական երգեր սկսեցի երգել՝ դարձյալ նոր գործիքավորմամբ:

- Ակումբներում Ձեզ այդպես էլ չտեսանք:

- Ընդհանուր առմամբ, այո, բայց վերջերս ակումբային մի քանի համերգ եմ  ունեցել, ու արձագանքները բավական լավն էին: Ես ուր գնում եմ, իմ նվագարկիչը  միշտ վերցնում եմ հետս: Վերջերս փոքրիկ համերգ ունեցա Կիպրոսում: Համերգը մեր էներգիան է, հոսանքը: Իսկ հիմա հինգ է պակաս, որպեսզի հոսանքազրկվենք: Որքան էլ հիվանդ լինեմ, վատ զգամ, գլխացավ ունենամ ու այդ պահին ինձ կթվա, թե ես ոտքի վրա չեմ կարող կանգնել, ինչպես պետք է բեմ բարձրանամ, հենց  բարձրանում եմ բեմ, երգում եմ, ամեն ինչ մոռանում եմ: Դա ուրիշ աշխարհ է:

Նունե Եսայանը


- Այսօր շատ արտիստներ մանկավարժական գործունեություն են ծավալում ու երգի դպրոցներ են բացել: Դուք կարծես թե չկաք այդ ասպարեզում:

- Չէ, իմ դեպքում չի ստացվում. ես այդքան համբերություն չունեմ: Եթե բացում ես դպրոց, նույնիսկ միջակին պիտի ընդունես, իսկ ես միջակների հետ չեմ կարող աշխատել: Պիտի ծնողին ասեմ՝ երեխային տարեք տուն, ձեր երեխան լավ չի երգում, իսկ դա ծնողին դուր չի գա:

- Իմ ավանդական բլից հարցերը. ինչի՞ց եք վախենում:

- Վերջից ու միայն ինձ համար չէ, այլ իմ կողքինների: Ամեն օր Աստծուն աղոթում եմ, որ այդ պահն ուշացնի:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ, որ հիմիկվա խելքս այն ժամանակ չունեի, բայց դե, այդպես էլ պետք է լինի:

- Ո՞ւմ եք հավատում:

- Հավատում եմ Աստծուն, քանի որ միշտ կողքիս է եղել, անընդհատ ձեռք է մեկնել։ Մտածել եմ՝ արդեն փակուղում եմ, բայց նա ինձ մենակ չի թողել:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին