Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը դարձել է 55 տարեկան: Նա յուրահատուկ կերպով է ամփոփել ապրած տարիները՝ իր մասին հետաքրքիր փաստեր ներկայացնելով: Խոստովանել է, որ ծնվել է այնպիսի ընտանիքում, որի մասին ամբողջ կյանքում հպարտությամբ է պատմել:
«Երեք տարեկանում խաղացել եմ Դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ: Առաջին դասարանում ռուս դասընկերուհուս ճանապարհում էի իրենց տուն այն ժամանակ Ամիրյան կոչվող փողոցում ու անհոգ բարձր-բարձր բլբլացնում ռուսերենով: Այդ պահին ինձ մոտեցավ ճերմակած մազերով մի տարեց մարդ ու շատ խրոխտ ձայնով ասաց. «Դու ի՞նչ է, ռուսի ճու՞տ ես, որ ռուսերեն ես խոսում», ու ուժեղ ապտակեց դեմքիս: Լաց էի լինում ու զարմանում, թե ինչու կանգառում ոչ մի մարդ չպաշտպանեց ինձ: Մեկ էլ մի կին, պատկառանքով նայելով նրա հետեւից, մոտեցավ ինձ ու ասաց. «Մի լացիր, աղջիկ ջան, ու հիշիր ամբողջ կյանքումդ՝ քեզ ապտակեց Շիրազը»»:
Պատմել է, որ հայրն է իրեն նվիրել առաջին Աստվածաշունչն ու ասել. «Ամբողջ կյանքումդ կկարդաս ու քո բոլոր հարցերի պատասխանները կգտնես այստեղ»: Այսօր էլ Արամյանն այն վերընթերցում է ու զարմանում, թե ինչքան բաներ նոր է սկսում հասկանալ:
«Ռադիոյում սկսեցի ամեն կիրակի վարել «Հյուր Զառայի մոտ» ժամանցային ծրագիրն ու հյուրընկալել ճանաչված մարդկանց: Շատ թեթեւ զրույց էր, օրինակ՝ Սիլվա Կապուտիկյանն անեկդոտ պատմեց, նվիրեց իր գիրքն ու մակագրեց. «Արտաքինով Զառա, բայց իր ծագումով՝ Զարուհուն»: Ձայնագրվեց Վահագն Դավթյանի «Ռեքվիեմը», որի երաժշտական ձեւավորումը կատարեց հայրս: Երբ պոեմը կարդում էի փակ ստուդիայում, աչքերս չէի բարձրացնում, որ չտեսնեմ տաղավարում ներկա Վահագն Դավթյանին: Բավական երկար պոեմն ավարտելուց հետո դուրս եկա ձայնագրման ստուդիայից ու հենց մտա տաղավար, Դավթյանը տեղից վեր կացավ ու աչքերն արցունքներով լի սկսեց ինձ ծափահարել: Այդ ու շատ այլ ձայնագրություններ գտնվում են ռադիոյի պահոցում»,- գրել է Արամյանը:
Նա նշել է, որ հայրը՝ Ֆելիքս Արամյանը, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ, կազմակերպում էր «Ոսկե աշուն», հետո՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները. «Ու դեռ փոքր հասակից ես մոտիկից տեսնում էի շատ աստղերի ու երբեմն խուլիգանություն անում. նրանց հետ դուրս էի գալիս խոնարհման, ինչը սկսեց ինձ շատ դուրս գալ»:
Հիշել է Արցախյան առաջին պատերազմի ծանր տարիները, երբ ցուրտ ստուդիայում ամենօրյա եթերներից հետո քրոնիկ բրոնխիտ է ձեռք բերել: Անկեղծացել է, որ իր «Համով զրույցը» եթերում իսկական փոթորիկ է առաջացրել. «Առաջին անգամ շատ դասական, խիստ ու մինչեւ վերջին կոճակը կոճկած եթեր մտավ վառ շիկահեր, երկար եղունգներով, թավշյա հագուստով, ժպիտը դեմքին մեկը: Բոլորի հետ՝ անգամ ում մինչ այդ չէի համակրում, հաղորդումիցս հետո դարձանք ընկերներ: Մի պահ պատկերացրեք՝ 35 տարի ամեն շաբաթ մի նոր ընկեր»:
Ապա հիշել է 2002 թվականը, երբ իր կյանքում իսկական «փոթորիկ, ցունամի, տորնադո» սկսվեց. ծանոթացավ Արտաշես Գասպարյանի հետ, ու ընտանիք կազմեցին: Մեկ տարի անց ծնվեց դուստրը, իսկ 2005-ին՝ որդին:
«Կորուստներ եւս եղան՝ ծնողներս, հետո ամուսնուս ծնողները, որոնց հարազատի պես եմ սիրել: Կորցրի շատ ընկերների. սարսափելի է, երբ հեռախոսիս մեջ ջնջում եմ հերթական համարը: Կորցրի առողջությունս՝ շատ անիմաստ ու անսպասելի կերպով երիկամս, դրանից բխող բարդություններ եղան սրտիս հետ: Այժմ իմ անբուժելի սրտիկի պատճառով բարդ ճանապարհ եմ անցնում, բայց, միեւնույն է, իրեն սիրում եմ ու հաստատ չեմ փոխի՝ փոխպատվաստում չեմ անի: Ինչ Աստված տվել ու տալիս է, դա է իմը, իմ սիրտը, իմ խաչը»,- գրել է Զառա Արամյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: