×


«Միսս տիեզերք Արմենիա» եւ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների հետաքրքիր դրվագներն ու աղջիկների հույզերը բեմում

Գեղեցիկ իրարանցում, հույզեր եւ տիտղոսակիր գեղեցկուհիներ. BRAVO.am-ը երեկ երեկոյան արդեն տեղեկացրել է, որ «Միսս տիեզերք Արմենիա 2021» ընտրվեց Նանե Ավետիսյանը, իսկ «Միսս աշխարհ Արմենիա 2021»՝ Միրնա Պստիկյանը: Հաղթանակից հետո երկուսն էլ հուզված էին եւ շատ ուրախ:


«Միսս տիեզերք Արմենիա 2021» Նանե Ավետիսյանը 24 տարեկան է, ծնվել ու ապրել է Երեւանում: Իրավաբանի կրթություն ունեցող Նանեն տիրապետում է մի քանի օտար լեզվի եւ հանդիսանում է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի, որը զբաղվում է մշակույթի, սպորտի եւ գիտության զարգացմամբ, գործառությունների տնօրենը:

«Միշտ կարծել եմ, որ երկրի զարգացումը հենց գիտության եւ կրթության, մշակույթի միջոցով պետք է ապահովենք: Գեղեցկության մրցույթների մշտական մասնակից չեմ, դպրոցական տարիներին եմ հաղթանակ տարել «Միսս աշակերտուհի» մրցույթում, բայց որպես այդպիսին, ինձ փորձ չէր տվել, քանի որ սիրողական մակարդակի էր մրցույթը: Աղջիկները, որոնց հետ ծանոթացել էի այդ ժամանակ, հիմա էլ գրում էին, ոգեւորում ու ասում, որ հաղթելու եմ: Մասնակցելու որոշումս եղել է երկու տարի առաջ. ես եւ ընկերներս նստած էինք, ու նրանք ինձ հուշեցին, որ պարտադիր դիմեմ: Գրանցվեցի, համավարակով պայմանավորված երկու տարի սպասեցի, հետո Գոհարին հիշեցրի, ու կանչեցին քասթինգի: Մասնակից աղջիկներն ինձ ասում էին, որ ես եմ հաղթելու, այդպես էին զգում, իսկ ես այսօր առավոտյան շատ լարված էի ու վատ էի ինձ զգում: Հաղթանակի նախանշաններ կային, բայց ասել, որ զգում էի՝ հաղթելու եմ, սուտ կլինի»,- ասաց գեղեցկուհին:

«Միսս տիեզերք Արմենիա 2021» Նանե Ավետիսյանը


«Միսս տիեզերք Արմենիա 2021» վիցե միսս ընտրվեց դերասանուհի Ադրիանա Գալստյանը: Եզրափակիչ փուլ անցել էին նաեւ Մանան Հունանյանը, Մանե Բաղիրյանը, Վիվիանա Ասատուրին եւ Ալլա Կարապետյանը: Աղջիկների համար նաեւ կային առանձին անվանակարգեր. «Միսս բիկինի» տիտղոսին արժանացավ Մարինա Կարապետյանը, «Միսս ֆոտոգենիկը» Լիդիա Զադոյանն է։

«Միսս աշխարհ Արմենիա 2021» տիտղոսակիր աղջկա անունն հնչեցնելուց առաջ եւս բեմ հրավիրեցին նախ եզրափակիչ անցած հնգյակին՝ Քրիստինա Անայան, Միրնա Պստիկյան, Փրենի Դավթյան, Վիկա Բալոյան եւ Լիանա Եղիազարյան: Վերջինս առցանց քվեարկության արդյունքում էր անցել եզրափակիչ:


«Միսս աշխարհ Արմենիա 2021» տիտղոսին արժանացած  Միրնա Պստիկյանը 19 տարեկան է, Հայաստան է տեղափոխվել երկու տարի առաջ՝ Սիրիայից:

«Զգացմունքներս շատ խառն են այս պահին, բոլորն էին սպասում ու ցանկանում լինել տիտղոսակիր: Ինձ շատ պարտավորված եմ զգում, որ հնարավորություն ունեմ ներկայացնել Հայաստանը. ես դա պետք է անեմ ամենալավ կերպով: Շատ ուրախ եմ, նպատակ ունեմ իմ օրինակով ցույց տալ, որ պատերազմից հետո հարկավոր է ցավի մեջից դուրս գալ: Թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում պատերազմ տեսնելով՝ ես դուրս եկա դժվար իրավիճակից ու դարձա տիտղոսակիր, լույս գտա: Հավատում եմ, որ անձրեւից հետո արեւ կբացվի: Ուզում եմ միջազգային մրցույթում ներկայացնել հայ կնոջ կերպարը: Հայաստանն այն երկիրն է, որ արժանի է բոլոր երկրների մեջ դառնալ հայտնի»,-անմիջապես հաղթանակից հետո ասաց Միրնան:

«Միսս աշխարհ Արմենիա 2021» Միրնա Պստիկյանը


Տիտղոսակիր երկու աղջիկն էլ չեն դիմել վիրահատական կամ այլ որեւէ միջամտության, երկուսն էլ ունեն բարձրագույն կրթություն:

«Շատ կարեւոր է Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթներում, եւ աղջիկները պատրաստ են: «Միսս տիեզերքը» պահանջում է համարձակ կերպարներ, եւ մեր մասնակիցը համապատասխանում է, քանի որ նաեւ ասելիք ունի իր կենսափորձով: Երկուսն էլ գրագետ ու զարգացած աղջիկներ են, տիրապետում են մի քանի լեզվի: Նոր ձեւաչափը թույլ տվեց, որ ֆիլմի միջոցով մարդիկ թափանցեն աղջիկների ներաշխարհ եւ իմանան, թե ինչ հուզականություն ունեն, ինչպես են խոսում եւ ինչ ասելիք ունեն: Մենք ունենք կարճ ժամանակ, որ Միրնան պատրաստվի մեկնել Պուերտո Ռիկո, իսկ Նանեն՝ Իսրայել: Նրանք տարբեր ձեւով են պատրաստվելու. Միրնան պետք է բարեգործական ծրագիր ներկայացնի, երկուսն էլ պետք է նորից պատրաստեն իրենց դեֆիլեն, խոսքը: Ժյուրիի անդամները կարողացան շատ ճիշտ ճանաչել ու վերլուծել, կատարել լավ ընտրություն»,- ասաց «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը:

Գոհար Հարությունյանը՝ դուստրերի հետ


Ժյուրիի կազմում ընդգրկված էին տարբեր մասնագիտություններ ունեցող 9 հոգի՝ «Միսս տիեզերք Արմենիա», «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթների պրոդյուսեր Էդգար Սահակյանը, «Միսս Երեւան» մրցույթի ղեկավար Արթուր Վարդապետյանը, Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելյանը, Ռուսաստանում «Միսս ուսանողուհի» մրցույթի նախագահ Կամո Միրզոյանը, «Agent choice»-ի հիմնադիր Ռուզաննա Տարանիկը, պարուսույց Վիկա Մարտիրոսյանը, ոճաբան ու դիմահարդար Ագա Քանքանյանը, «Miss Grand International Russia» Թաիլա Այբեդուլինան, «MIss BRICS and SCO» Յամա Անագուլովան:


Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 20 գեղեցկուհի, որոնցից 15-ը պայքարում էր «Միսս տիեզերք Արմենիա 2021» տիտղոսի համար, 19-ը՝ «Միսս աշխարհ Արմենիա 2021»-ի։ Աղջիկները Երեւանից եւ մարզերից, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Իրանից էին:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին