×


Բարրի Դուգլասը՝ հայ ընկերների, զոհողության եւ համերգից առաջ սիեստա անելու մասին

Աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Բարրի Դուգլասն այսօր հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչայնի ղեկավարությամբ կատարելով Բեթհովենի Դաշնամուրի 5-րդ կոնցերտը:

Դուգլասը հեղինակավոր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր է (1986թ.): Մասնագետների որակավորմամբ՝ նա փայլուն վիրտուոզ է, որին չի մտահոգում կատարման արտաքին փայլը, այլ ստեղծագործության խորությունն ու ճշմարտությունը: Դուգլասը երաժշտության բնագավառում մատուցած ծառայությունների համար այս տարի պարգեւատրվել է Բրիտանական կայսրության ասպետի բարձրագույն շքանշանով:

Բարրի Դուգլասին հանդիպեցինք Ֆիլհարմոնիկի հետ առաջին փորձից հետո: Կյանքում նա շատ բաց, ջերմ եւ անկեղծ անձնավորություն է, ինչպես բեմում, եւ սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

- Ինչպե՞ս անցավ առաջին փորձը նվագախմբի հետ:

- Գիտեք, մենք շատ լավ աշխատեցինք. նվագախումբը եւ մաեստրո Թոփչյանը շատ ճկուն են, կարծում եմ՝ շատ բան հասցրինք անել։ Շատ ոգեւորված եմ։ Ի դեպ, լսեցի Բեթհովենի սիմֆոնիաների ձայնագրությունը. մաեստրոն ինձ ցույց տվեց, նվագախմբի հնչողությունը հրաշալի է։ Կարծում եմ՝ փառահեղ Բեթհովեն է սպասվում։

Էդուարդ Թոփչայնը եւ Բարրի Դուգլասը


- Միգուցե հաջորդ հարցս այդքան էլ քաղաքավարի չհնչի, բայց ուզում եմ հարցնել՝ ինչու ընդունեցիք Հայաստան գալու հրավերը: Եթե անկեղծ լինենք, այս պահին այդքան էլ գրավիչ չէ այն՝ պայմանավորված համավարակով եւ հետպատերազմյան իրավիճակով, հաստատ ֆինանսն էլ դեր չի խաղացել, վստահ եմ՝ այստեղ չեք ստանում այն հոնորարը, որ սովորաբար ստանում եք աշխարհով մեկ:

- Եկա, քանի որ նախորդ անգամ հրաշալի ժամանակ անցկացրի Հայաստանում թե՛ երաժշտական, թե՛ մշակութային, եւ թե՛ անձնական շփումների առումով: Նվագախմբից եւ Երեւանյան փառատոնից ջերմ հիշողություններ ունեմ (2015թ.)։ Հրավերը ստացա այն ժամանակ, երբ, ցավոք, համավարակի պատճառով չեղարկվեցին Հնդկաստանի, Ճապոնիայի, Թայվանի տուրերը, եւ ուրախ եմ, որ ազատ ժամանակը հնարավորություն տվեց ընդունել հրավերը։ Հակառակ պարագայում կլինեի Ճապոնիայում կամ մեկ այլ վայրում։

- Պատահո՞ւմ է, որ դրսում համագործակցեք հայ երաժիշտների հետ: Գիտեմ՝ հաճախ եք նվագում «Բորոդին» քառյակի հետ, որի առաջին ջութակը երկար տարիներ հայազգի լեգենդար ջութակահար Ռուբեն Ահարոնյանն է եղել:

- Օհ, այո, ֆանտաստիկ քառյակ է, համատեղ շատ-շատ համերգներ ենք ունեցել։ Նվագել եմ հրաշալի ջութակահար եւ ալտահար Իդա Կավաֆյանի հետ շատ ժամանակ առաջ՝ ԱՄՆ-ում, մենք լավ ընկերներ ենք։ Առհասարակ, հայ շատ ընկերներ ունեմ, հատկապես Մոսկվայում, նրանք շատ էին ցանկանում գալ իմ երեւանյան համերգին, բայց այս անգամ չստացվեց:

Բարրի Դուգլասը


- Դուք ելույթներ եք ունենում աշխարհի լավագույն նվագախմբերի հետ՝ Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ, BBC շոտլանդական սիմֆոնիկ եւ այլն, նաեւ լավագույն դիրիժորների հետ՝ Վ. Աշկենազի, Մ. Յանսոնս, Կ. Մազուր, Լ. Մաազել եւ այլք, բայց անտարբեր չեք նաեւ դաշնամուրի մենանվագային ռեպերտուարի հանդեպ, ի՞նչ հնարավորություններ եւ զգացողություններ է այն Ձեզ տալիս, որը չեք գտնում սիմֆոնիկ կամ կամերային երաժշտություն նվագելիս: Չեմ կարող չհիշել BBC Music Magazine-ի ռիվյուն Ձեր բրամսյան մենանվագների ձայնագրության առթիվ.«Դուգլասի հնչողությունը թավշյա բարձ է, լեգատոները լի են սիրով, իսկ ռիթմն օծված է մեծ էներգիայով»:

- Օհ, շատ զգացված եմ: Գիտեք, շատ առումներով դրանք նույնն են, քանի որ երկու դեպքում էլ դու երաժշտություն ես ստեղծում։ Բայց երբ դու նվագախմբի հետ ես կամ նվագում ես կամերային երաժշտություն, համագործակցում ես գործընկերներիդ հետ, փոխանակվում մտքերով, միմյանց էներգիա եք փոխանցում։ Սոլո երաժշտության հետ կապված՝ նախ եւ առաջ դաշնամուրային սոլո ռեպերտուարը հիասքանչ է եւ այն նվագելն ուղղակի հաճույք է։ Բայց դա նաեւ գարվիչ է, քանի որ ամեն ինչ ինքդ ես որոշում. միակ որոշում կայացնողն ես։ Դա մարտահրավեր է եւ միեւնույն ժամանակ՝ ոգեշնչող։ Դու յուրաքանչյուր պարագայում տարբեր բաներ ես ստանում: Ես սիրում եմ նվագախմբի հետ նվագել, ավելի սիրելի չէ, քան սոլո երաժշտությունը, բայց հարշալի է այլ մարդկանց հետ լինել՝ դիրիժորի եւ նվագախմբի, դա մեծ հաճույք է։

- Դուք ուսումնասիրում եք իռլանդական ժողովրդական երաժշտությունը, կատարում եք մշակումներ, ժամանակակից կոմպոզիտորների հետ աշխատում եք հնագույն մեղեդիների հետ, որքա՞ն կարեւոր է պրոֆեսիոնալ դասական երաժշտի համար իր ազգի ժողովրդական երաժշտությունը:

- Իռլանդիայում ես մեծացել եմ այդ երաժշտության մեջ, իմ մայրը Իռլանդիայի արեւմուտքի փոքր ագարակից է, այնտեղ միշտ նվագում էին, ոչ միայն պաշտոնական վայրերում, բայց նաեւ բարերում, փաբերում մինչ ուշ գիշեր։ Ես մեծացել եմ այդ մթնոլորտում, բայց երբեք չեմ մտածել, որ ինքս մի օր կզբաղվեմ դրանով. ուղն ու ծուծով դասական երաժշտության մեջ եմ եղել։ Մի օր մտածեցի՝ ինչու իմ սիրելի մեղեդիները, երգերն ու պարերը չգործիքավորեմ։ Հետագայում սկսեցի իմ փառատոնի շրջանակում համագործակցել ժողովրդական ժանրի իռլանդացի շատ երաժիշտների հետ, խումբ ձեւավորեցի՝ «Կելտական օրբիտա» (Celtic Orbit), որտեղ երկու շոտլանդացի եւ մեկ իռլանդացի կելտական երաժշտություն ենք ներկայացնում, բայց դա կարող է լինել նաեւ ռումինական, շվեյցարական, ֆրանսիական, իսպանական Գալիսիայից, իռլանդական, շոտլանդական. այս երաժշտություններն իրար կապող բաներ ունեն, շատ նմանություններ ունեն, օրինակ՝ գալիսիական պարերը շատ նման են իռլանդականին, գրեթե նույնն են։ Գալիսիան հյուսիս-արեւմտյան Իսպանիայում է, բայց պարերը իռլանդականին նման են, դա հրաշալի է։

Բարրի Դուգլասը


- Ծանո՞թ եք հայկական պարերին:

- Ցավոք՝ ոչ, բայց շատ կուզեմ ծանոթանալ, երեւի դրանք շատ գունեղ են։

- Դուք հիմնել եք «Կամերատա Իռլանդիա» նվագախումբը, Կլանդեբոյի փառատոնի գեղարվեստական ղեկավարն եք եւ կրկին աչք է զարնում Ձեր հայրենանվեր գործունեությունը, որն արտահայտում եք երաժշտության միջոցով: Ի՞նչ է հայրենասիրությունը Ձեզ համար եւ որքա՞ն կարեւոր է այն:

- Ես կազմավորեցի նվագախումբը, երբ մենք նոր էինք խաղաղության համաձայնագիր ձեռք բերել 100-ամյա հակամարտություններից հետո. Հյուսիսային Իռլանդիան եւ Իռլանդիայի Հանրապետությունը հաշտվեցին եւ բնակչության մեծամասնությունը՝ 70-80%-ը, ասացին այո այդ հաշտությանը։ Կարծում եմ՝ մենք որպես երաժիշտներ չենք կարող կանգնեցնել պատերազմները, բայց կարող ենք ողջունել, ամրապնդել խաղաղությունը, ու այդ նպատակի համար ես ձեւավորեցի «Կամերատա Իռլանդիան», քանի որ նվագախմբի երաժիշտները ողջ Իռլանդիայից են: Շատ արագ Մեծ Բրիտանիայի թագուհին եւ Իռլանդիայի նախագահը համաձայնության եկան եւ ասացին, որ համատեղ հովանավորություն կիրականացնեն մեր նվագախմբի համար։ Ես կարծում էի, որ մեկ տարի մենք համերգներ կունենանք, ու ամեն բան կավարտվի, սակայն բազում հրավերներ ունեցանք ու շրջագայեցինք աշխարհով մեկ։ Արդեն 22 տարի է անցել հիմնադրումից։

- Ձեր որդին՝ Լիամը, ռոք բենդի երաժիշտ է, ով նվագում է տարբեր գործիքների վրա: Համացանցում տեսա ձեր լուսանկարը, որտեղ միասին The Rolling Stones-ի համերգին էիք, Դուք կիսո՞ւմ եք ռոք երաժշտության հանդեպ Ձեր որդու կիրքը:

- Օհ, այո, կիսում եմ, շատ չեմ լսում, բայց նա սովորեցնում է ինձ (ծիծաղում է,-հեղ.):

- Ո՞րն է Ձեր կյանքի մեծագույն զոհողությունը, որ արել եք հանուն կարիերայի:

- Հմմմ, չգիտեմ, բավական հաջողակ եմ եղել, կյանքումս ամեն բան դասավորված է ընթացել, թերեւս, շատ եմ աշխատել... Անդադար ութ ժամ, գիշեր-ցերեկ չեմ պարապում, բայց շուրջ քսան տարի առաջ օրական վեց ժամ անդադար պարապում էի։ Հիմա երեւի երեք ժամ եմ պարապում, սիրում եմ ամեն ինչ նախապես լավ պատրաստել։ Պատանի ժամանակ թերեւս անընդհատ զոհաբերում ես քեզ, պատանի ժամանակ ինձ գուցե ուրախ ժամանցից եմ զրկել, բայց դա կարեւոր չէ, ես իրապես վայելել եմ երաժշտությունը։


- Համերգից առաջ ի՞նչ սովորություններ ունեք, որոնց անխտիր հետեւում եք:

- Համերգի օրը միշտ սիեստա եմ անում՝ հանգստանում եմ մեկից-երկու ժամ։ Ես նախկինում տարբեր սովորություններ ունեի, բայց մի պահ մտածեցի՝ ինչ կլինի, եթե չանեմ․ կկորցնե՞մ ինձ, կնյարդայնանա՞մ, թե՞ դրանց կարիքը չեմ զգա, հիմա առանձնապես ոչ մի սովորույթ չունեմ, որպեսզի կախվածություն չունենամ որեւէ բանից: Հա, համերգի օրը բացարձակ ոչինչ չեմ ուտում։ Կարող եմ նախաճաշին միրգ ուտել։ Կարեւոր է սիեստա անելը, որ չհյուծվես, ես պարզապես հանգիստ եմ մնում։ Երբ դու երեկոյան համերգ ունես, առավոտից բացի համերգից, այլ բանի մասին մտածել չես կարող, որովհետեւ դու ողջ օրը պատրաստում ես քեզ։ Ես կարող եմ զբոսնել, ինչ-որ բանով զբաղվել, բայց միեւնույն է՝ մտածում եմ համերգի առաջին նոտայի մասին։  Սիրում եմ բեմում դանդաղ, հանգիստ քայլել, չշտապել, սիրում եմ խաղաղության ռիթմով քայլել: Երբ երիտասարդ էի, ավելի անհանգիստ էի, լարված, հիմա ավելի հանգիստ եմ բեմում, բայց միեւնույն է՝ երբեք լիովին չես տրվում երաժշտությունը վայելելուն, քանի որ պետք է աշխատես, լա՛վ աշխատես։ Գիտեք, մեծն Արթուր Շնաբելն ասում էր. «Շատ մի տարվիր կատարումիցդ հաճույք ստանալու մտքով, այլ ձգտիր հաճույք պարգեւել հանդիսատեսին», եւ դա է մեր մասնագիտության հիմնական նպատակը:

Զրույցից հետո վիրտուոզը համեստորեն հարցրեց, թե արդյոք շատ հեռու է այստեղից Արամ Խաչատրյանի շիրիմը. նախորդ այցի ժամանակ է եղել նրա մոտ, ցանկանում է խոնարհվել նրա շիրմին:

Զրուցեց՝ Աստղիկ Դալլաքյանը
Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին