×


«Ոսկե ծիրան 2021»-ի մեկնարկը, պատվավոր հյուրերն ու սպասված պրեմիերաները

Երեւանյան գլխավոր կինոիրադարձության մեկնարկը տրված է․ «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-ից 10-ը եւ կինոսեր հանրությանը կներկայացնի հայ ու արտասահմանցի ստեղծագործողների լավագույն աշխատանքները։ Փառատոնի բացման միջոցառումը նախատեսված էր «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ էլ ներկայացվեցին մրցութային ու արտամրցութային ծրագրերը, մրցանակներ հանձնվեցին պատվավոր հյուրերին, իսկ վերջում ցուցադրվեց նաեւ բացման ֆիլմը։ BRAVO.am-ը հետեւել է միջոցառման ընթացքին, լուսանկարել է հյուրերին, ինչպես նաեւ առանձնացրել փառատոնի մասին կարեւոր ու հետաքրքիր մանրամասները։

«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերն ու նրանց հանձնված մրցանակները

Բացման օրվա կարեւոր դրվագներից էր պատվավոր հյուրերի պարգեւատրումը։ Այս տարի փառատոնին հյուրընկալվել է ամերիկացի նշանավոր սցենարիստ եւ ռեժիսոր Փոլ Շրեյդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»  ֆիլմերի սցենարիստն է, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» եւ երկու տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն ու երեք տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիրը: «Ոսկե ծիրան»-ի ստեղծագործական կազմը որոշել էր Շրեյդերին հանձնել  փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ Մրցանակը նրան հանձնեց փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը։

Փոլ Շրեյդերը եւ Հարություն Խաչատրյանը


Վերջինս իր խոսքում նաեւ խոստովանեց, որ հուզված է ու զարմացած․ Հայաստանը կարողացել է այսքան դժվարություններից ու փորձություններից հետո շարունակել իր ամենամեծ փառատոնը՝ «Ոսկե ծիրանը»․ «Մենք պետք է շարունակենք ե՛ւ ֆիլմեր նկարել, ե՛ւ ցուցադրել աշխարհով մեկ, ե՛ւ փառատոներ իրականացնել։ Թույլ տվեք այսօր շնորհավորել բոլորին, որովհետեւ եկել է նոր սերունդ, որ չի վախենում դժվարություններից, պարտություններից եւ ստեղծում է արվեստ, կյանք, փառատոն»,- նշեց Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան 2021»-ի մյուս պատվավոր հյուրը իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդն է։ Նա Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր է («Հոմանիշներ», 2019) եւ Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր («Ահեդի ծունկը», 2021)։ Հենց նրա «Ահեդի ծունկը» ֆիլմով էլ տրվեց 18-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը։ Բայց մինչ այդ կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը նրան բեմ հրավիրեց ու հանձնեց «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը:

«Դժվար կացության մեջ էինք հայտնվել թե՛ գեղարվեստական ընտրության, թե՛ հայեցակարգի ընտրության առումով։ Մենք փնտրում էինք ֆիլմ, որը կբացեր այս ոչ սովորական փառատոնային թողարկումը։ Կարեւոր էր, որ այն լիներ նամակ-սիրո խոստովանություն կինոյին եւ լիներ ֆիլմ, որը դրա հետ մեկտեղ պարունակեր հետպատերազմի նյարդը՝ մի բան, որ հանգիստ չի տալիս մեզ եւ հանգիստ չի տալիս այն արվեստագետին, որին մենք այսօր կոչելու ենք վարպետ։ Համոզված ենք՝ վարպետն այն մարդն է, որը հաղթահարում է եւ օգնում՝ մենք էլ հաղթահարենք, կոտրում է սահմաններ եւ բացում է դռներ»,- ասաց Ավետիսյանը՝ ներկայացնելով Լապիդին ու նրա ֆիլմը։

եւ Հարություն Խաչատրյանը եւ Փոլ Շրեյդերը


Իսրայելցի ռեժիսորն էլ իր խոսքում խոստովանեց, որ տեղյակ չէր մրցանակի մասին, եւ իր համար կրկնակի հաճելի էր այն ստանալ Փոլ Շրեյդերի պես վարպետից հետո․ «Ես չափազանց ուրախ եմ ստանալ այս մրցանակն այստեղ՝ Երեւանում։ Արդեն երրորդ տարին է, ինչ փորձում եմ հասնել Հայաստան, եւ շատ երջանիկ եմ, որ վերջապես ժամանակը եկավ։ Ինչպես նշվեց, իմ ֆիլմերում հաճախ եմ անդրադառնում հետպատերազմին, հետկոնֆլիկտին, դաժանությանը, վայրագությանը։ Ինձ մոտ ու այս ֆիլմում դա դառնում է առօրեականության մի մաս, եւ ես չեմ պատկերացնում ու չեմ ցանկանում, որ այստեղ էլ այն դառնա առօրեականություն։ Հուսով եմ՝ մեզ կմիավորեն ոչ թե կոնֆլիկտները, այլ մեր ընդհանուր սերը դեպի կինոն։ Եկեք այսօր տոնենք փառատոնի բացումը»,- ասաց նա։

Փառատոնային ծրագրերն ու ժյուրիի կազմերը

«Ոսկե ծիրան» Երեւանի 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կինոդիտողին կներկայանա միջազգային մրցույթ, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, տարածաշրջանային համայնապատկեր ծրագրերով, ինչպես նաեւ արտամրցութային ծրագրերով՝ երեւանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, հարգանքի տուրք, Ծուռ ծիրան, հատուկ ցուցադրություններ։ Մրցութային ծրագրերում մրցանակները տրվելու են «Ոսկե ծիրան» եւ «Արծաթե ծիրան» անվանակարգերում։

Նշենք, որ լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է թատրոնի եւ կինոյի հունգարացի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի եւ տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Նա հայտնի է «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» եւ այլ ճանաչված ֆիլմերով։ Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում են նաեւ պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատը, կինոքննադատ Լարիսա Մայլյուկովան եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։

Նադավ Լապիդը եւ Կարեն Ավետիսյանը


«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի կազմում են դերասանուհի Ռոմաննա Լոբաչը, «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պաստառների հեղինակ, վիզուալ արտիստ Վահրամ Մուրադյանը եւ փառատոնային տնօրեն Ֆիլիպ Ժալալդոն։ FIPRESCI-ի (Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի ժյուրի) կազմում են կինոքննադատներ Ալեքսանդեր Մելյանը, Դոմինիկ Շմիդը, Մայքս Նաաֆսը։

Սպասված երեւանյան պրեմիերաներն ու ձեռքբերում դարձած հայկական ֆիլմերը

Հատկանշական է, որ «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ կինոդիտողին այս տարի նույնպես կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի եւ միջազգային այլ կինոփառատոներից: Մասնավորապես կցուցադրվեն Ժյուլիա Դյուկուրնոյի «Տիտան», Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոս», Վիկտոր Կոսակովսկիի «Գունդա», Կոռնել Մունդրուցոյի «Էվոլյուցիա», Ալեխանդրո Մանյոնեի «Մարոյի գաղտնիքը», Սերգեյ Լոզնիցայի «Բաբի Յառ․ Կոնտեքստ» եւ Ռադու Ժուդեի «Ձախորդ հուպտվոցի կամ գժական պոռնո» ֆիլմերը:


Փառատոնի կազմակերպիչները, սակայն, ընդգծում են, որ այս թողարկման ձեռքբերումը ոչ միայն պատվավոր հյուրերն ու ամենասպասված եվրոպական ֆիլմերն են, այլեւ այն ինը հայկական ֆիլմերը, որոնք մրցելու են «Կորիզ»-ում՝ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում։ Ֆիլմացանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Ցուցադրությունները լինելու են «Մոսկվա» կինոթատրոնում եւ Կինոյի տանը։ Ի դեպ, նշենք, որ բոլոր բուժաշխատողների համար 18-րդ «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերի բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է։

«Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին