×


Աբովյանի թատերական փառատոնը նշում է 5-ամյակը

Հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում անց է կացվում Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը, որն այս տարի նշում է 5-ամյակը, իսկ Աբովյանի դրամատիկական թատրոնը՝ հիմնադրման 41-ամյակը:

Փառատոնի բացմանը ներկաները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, ապա դիտեցին թատրոնի հիմնադրման օրվանից մինչ այսօր թատրոնի անցած ուղու մասին պատմող ֆիլմ:

Թատերական փառատոնի ընթացքում Աբովյանում հանդես են գալիս Երեւանի եւ ՀՀ տարբեր մարզերից ժամանած թատերախմբեր: Առաջին ներկայացումը Հ. Պարոնյանի անվան թատրոնինն էր՝ «Մոլորվածները»՝ ըստ Նիլ Սայմոնի «Յոնքերսում մոլորվածները» դրամայի։ Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի։


Մինչեւ փառատոնի վերջը հանդես են գալու ՀՀ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Մնջախաղի պետական թատրոնը, Երիտասարդական թատրոնը, Աբովյանի դրամատիկական թատրոնը եւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը:


Բացման արարողությանը ներկա էին Աբովյանի փոխքաղաքապետերը, ՀՀ թատերական գործիչների միության նախագահը, դերասաններ, արվեստի գործիչներ եւ քաղաքացիներ: Շնորհավորական եւ ողջունի խոսքով հանդես եկան Հակոբ Ղազանչյանը, Աբովյանի համայնքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Մարիա Բաղդասարյանը, Աբովյանի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը եւ փառատոնի համակարգող Անի Կարապետյանը:


Փառատոնի գաղափարն Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանինն ու Հակոբ Ղազանչյանինն է: Փառատոնը ստեղծվել է, որպեսզի համայնքային մշակութային կյանքն ակտիվանա, ինչպես նաեւ քաղաքացիները հնարավորություն ունենան անվճար տեսնել հայաստանյան լավագույն ներկայացումները:

Աբովյանի ամենամյա թատերական փառատոնն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի եւ ՀՀ Թատերական գործիչների միության համագործակցմամբ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին