×


«Պիտի փորձես չվախենալ քո ձայնից»․ Երեւանում կիթառահարների մրցույթ է անցկացվել

Էլեկտրոնային կիթառի մրցույթ՝ ռոք, ֆյուժն, բլյուզ ժանրերում. այս հայտարարությունը լսելուն պես Երեւանից ու Հայաստանի մարզերից մասնակցության հայտեր լրացրին երիտասարդ երաժիշտներ, որոնց համար մրցույթը նոր կապերի, ծանոթությունների ու ներկայանալու լավ հարթակ կարող է լինել։

«Synergy Guitar Competition 2021»-ը կազմակերպել էին «InMotion Armenia» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Fender» երաժշտական գործիքների կորպորացիան, «acoustiKa» երաժշտական խանութ-սրահը եւ «Synergy M Lab» երաժշտական բլոգը՝ Հայկական ռոք ասոցիացիայի եւ այլ ընկերությունների ու անհատների աջակցությամբ։ Մասնակցել կարող էին մինչեւ 25 տարեկան կիթառահարները, այդպիսով ամենակրտսեր մասնակիցը 14 տարեկան էր։ Մրցույթի առաջին փուլն առցանց էր անցկացվել, եզրափակիչ էր անցել ութ մասնակից։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկվել էին հայկական ռոքի հայտնի ներկայացուցիչներ ու երաժշտական քննադատներ։ Նրանք էին Վարդան Գրիգորյանը, Վահան Արծրունին, Նարեկ Բարսեղյանը, Արմեն Շահվերդյանը, Խորեն Միքայելյանը, Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով), Արթուր Սողոյանը, Վարդան Գաբոյանը, Արթուր Մարգարյանը եւ Վարդան Գասպարյանը։


Կիթառահար, մրցույթի ժյուրիի անդամ եւ համակարգող Խորեն Միքայելյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է ստեղծել կիթառահարների փոքրիկ համայնք, որտեղ հաճախակի հանդիպումներ ու համագործակցություններ կլինեն, նոր մտքեր ու գաղափարներ կծնվեն․ «Երաժշտությունն իրականում մարդկանց շփման համար է։ Կարանտինի օրերին հատկապես բարդ էր երաժշտների համար, որոնք տանը փակված էին, հիմա ցանկանում ենք նրանց հանել իրենց տներից, միացնել մեզ ու միասին առաջ շարժվել։ Սա դեռ սկիզբն է, վստահ եմ՝ հետագայում կազմակերպվելիք մրցույթներին ավելի ակտիվ կլինի մասնակցությունը։ Ճիշտն ասած՝ ակնկալում էինք, որ Գյումրիից ու Վանաձորից էլ մեզ կմիանային, բայց երեւի իրենց մոտ շատ ավելի տաք էր, չուզեցին մեզ միանալ»,- կեսկատակ ասաց Խորենը։

Նա ընդգծեց՝ իրենց համար կարեւոր է, որ մթնոլորտը ոչ թե մրցութային լինի, այլ ընկերական, եւ կարելի է ասել՝ թե՛ մասնակիցների, թե՛ ժյուրիի անդամների դեպքում դա լավ էր ստացվել․ նրանք մինչ մրցույթի օրը նույնիսկ հանդիպում էին ունեցել, ծանոթացել միմյանց հետ ու ընկերացել։ Կիթառահարը նաեւ նկատեց, որ երաժշտությունն ու մրցույթը միմյանց շատ հակասող բաներ են, բայց կարեւոր է այն փորձը, որ կատարողները ձեռք են բերում միմյանց հետ մրցակցելիս․«Շատ բարդ է գնահատել երաժշտությունը, քանի որ այն սուբյեկտիվ ընկալման հարց է։ Բայց երբ հաղթահարում ես քո վախերը, անվստահությունը եւ դուրս ես գալիս բեմ՝ ցույց տալու այն, ինչ արել ես տանը նստած, դա եւս մեկ քայլ է դեպի քո երազած աշխարհն ու կիթառային արվեստը։ Այն փորձը, որը ինքս ստացել եմ մրցույթներին մասնակցելով, չեմ կարող համեմատել ուրիշ ոչ մի փորձի հետ»։

Խորեն Միքայելյանը


Հիշեցնենք, որ Խորեն Միքայելյանը նաեւ «Iommi_Gibson_Mediamax» մրցույթի հաղթողն էր դարձել եւ «Black Sabbath» աշխարհահռչակ ռոք-խմբի կիթառահար Թոնի Այոմիից նվեր էր ստացել նրա ստորագրությամբ Gibson կիթառը։ Օգտվելով Խորենի հետ հանդիպման առիթից՝ նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպիսի փոփոխություն է բերել նոր կիթառն իր ստեղծագործական կյանքում եւ արդյո՞ք հասցրել է նվագել դրանով։ Խորենը խոստովանեց, որ տպավորություններն ու զգացողությունները դեռ թարմ են, եւ լավ է հիշում իր հուզմունքը նվերը ստանալիս։ Ասում է՝ մինչեւ հիմա չի հավատում, որ Երեւանում ապրելով կարող էր այդպիսի փորձ ունենալ․«Ճիշտն ասած՝ վախենում եմ նվագել, որովհետեւ վրան ստորագրություն կա, չեմ ուզում դրա վրա ինչ-որ բան փակցնել, բայց վախենում եմ, որ կջնջվի։ Այդպես մեկ-մեկ նայում եմ, փոշին եմ սրբում, մի երկու հատ նվագում եմ, կարծես ապակու հետեւում պահվող կիթառ լինի։ Չնայած գիտեմ՝ սխալ է․ կիթառը ստեղծված է նվագելու համար, եւ ինձ թվում է՝ մոտ ապագայում այդ սխալը կուղղեմ»,- անկեղծացավ երաժիշտը։


Վերադառնալով հայաստանյան մրցույթին՝ նշենք նաեւ հաղթողների անունները։ Եզրափակիչ փուլ անցած ութ մասնակիցներից ընտրվեցին երեքը՝ 3-րդ, 2-րդ եւ 1-ին տեղերի համար։ Համապատասխանաբար այդ տեղերը զբաղեցրին Միքայել Բեկթաշյանը, Գեորգի Մելքումյանը եւ Էմին Սանեյանը։ Ի դեպ, Էմինը հաղթեց նաեւ հովանավորների կողմից հատուկ մրցանակը, որը տրվելու էր օնլայն փուլում ամենաշատ դիտումներ ու հավանություններ հավաքած մասնակցին։ Էմինը ծնունդով Սեւան քաղաքից է, տեղի երաժշտական դպրոցում ջութակի բաժինն է ավարտել, իսկ 13 տարեկանից կիթառի դասերի է գնացել։ Այժմ խոստովանում է՝ սիրահարված է կիթառին ու երազանքներն այդ գործիքի հետ են կապված:

«Ճիշտն ասած՝ չգիտեի մրցույթի մասին, Վարդան Գաբոյանն ասաց, շատ ուրախացա, որովհետեւ այն տեղն է, որտեղ կարող եմ ինձ դրսեւորել, իմ ստեղծագործությունը ներկայացնել։ Չէի սպասում, որ կհաղթեմ, մտածում էի՝ տեղ չեմ զբաղեցնի ընդհանրապես, բայց շատ ուրախ եմ։ Կարծում եմ՝ կարեւորը մասնակցությունն էր, քան մրցանակները։ Մասնակցության ընթացքում փորձ ես ձեռք բերում։ Երբ քո ձայնը շատ բարձր է, դու պիտի փորձես չվախենալ քո ձայնից, այլ հակառակը՝ դրանից հաճույք ստանալ»,- մեր զրույցում նկատեց Էմինը։


Նախաձեռնության հեղինակները խոստացան, որ առաջիկայում էլի են կազմակերպվելու նմանատիպ մրցույթներ, եւ հույս հայտնեցին, որ հաջորդ անգամ մասնակիցների թիվը շատ ավելի մեծ կլինի, եւ համերգը կանցկացվի Տիկնիկային թատրոնի ոչ թե փոքր, այլ մեծ դահլիճում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW