×


Նարինե Աբգարյանի «Զուլալին»՝ Հայկ Օրդյանի ձեռագրով. ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Զուլալ աչքերով ու մտքերով, բայց հանգամանքների բերումով առողջական խնդիր ունեցող աղջկա պատմություն, որն իր ներաշխարհով յուրահատուկ է, ճակատագիրն էլ՝ դժվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, որի հիմքում Նարինե Աբգարյանի համանուն նովելն է, երեւանյան մեծ էկրաններին է: Նկարահանումները սկսվել էին 2019-ին, իսկ 2020 թվականին, երբ համավարակի պատճառով ձգձգված աշխատանքները մի կերպ ավարտին էին հասել, եւ մեկնարկել էր ֆիլմի երկրորդ փուլը, սկսվեց պատերազմը: Հայկ Օրդյանի խոսքով՝ իրեն ու ստեղծագործական թիմին դեպի ֆիլմ հետ է բերել մաեստրո Մանսուրյանը: «Զուլալիի» առանձնահատկություններից է այն, որ Տիգրան Մանսուրյանը, ավելի քան 30 տարվա դադարից հետո, կինոերաժշտություն է գրել հենց այս ֆիլմի համար։ Մանսուրյանական նրբերանգությամբ, բայց բոլոր նախորդ կինոերաժշտություններից տարբերվող յուրահատուկ մեղեդիներն ամբողջացնում են ֆիլմի գեղարվեստական միտքը։

«Երբ 44-օրյա պատերազմն ավարտվեց, չէի կարողանում վերադառնալ ֆիլմին: Մաեստրոն զանգեց մի օր եւ ասաց՝ շատ արագ պետք է աշխատենք, մոնտաժն անենք, որ երաժշտություն գրի ֆիլմի համար.«Մենք պետք է աշխատենք, դա հիմա շատ կարեւոր է»: Մաեստրոն նայեց ֆիլմից մի քանի կադր, երբ հերոսները քայլում են տավուշյան հրաշք բնության մեջ, այնուհետ ուզեց թուղթ ու գրիչ՝ նոտագրման համար»,-պատմել է Հայկ Օրդյանը:


45 ֆիլմի հեղինակ է ռեժիսորը, բայց նրա համար այս ֆիլմը Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց հետո առաջին լիամետրաժ խաղարկային նախագիծն է:

«Տարիներ շարունակ փնտրում էի գրական ստեղծագործություն, որը կուզեի նկարահանել: Հանդիպումներ եմ ունեցել տարբեր գրողների հետ, բայց զգում էի՝ ինչ-որ մի բան իմ ընտրած ստեղծագործությունների մեջ չէր հերիքում ինձ: Նարինեից մի երկու գործ կարդացել էի, հետաքրքրել էր, շատ իմն էր, քանի որ մենք մի հող ու ջրից ենք՝ Շամշադինից: Նրա գրվածքների միջավայրը, մթնոլորտը, պատմությունների նուրբ շերտերն ինձ շատ հասկանալի են: Մոսկվայում «Զուլալի» գրքի շնորհանդեսի ժամանակ ծանոթացանք Նարինեի հետ, եկա տուն, կարդացի գիրքն ու զգացի՝ բոլոր հերոսներին անգիր գիտեմ մանկուց»,-հիշում է ռեժիսորը:


Նարինե Աբգարյանի բոլոր ստեղծագործությունները պատմություններ են իր ծննդավայր Տավուշի հող ու ջրի, մարդկանց, հարաբերությունների մասին։ Երբ Հայկից լսել է «Զուլալիի» հիման վրա ֆիլմ նկարելու առաջարկը, կեսկատակ-կեսլուրջ ասել է, որ դա ֆիլմի պատմություն չէ:

«Հայկին հարցրի՝ արդյոք համոզված է, որ ֆիլմ կդառնա. քիչ են գործողությունները: Իրականում, համարում եմ, որ իմ պատասխանատվությունը գիրքն է, ես այն հանձնում եմ ընթերցողին, որը հավանում է կամ ոչ: Ֆիլմի համար չեմ անհանգստանում, քանի որ ռեժիսորի ու ստեղծագործական թիմի գործն է դա: Գրքի դեպքում ամեն հերոսին դու քո յուրահատուկ վերաբերմունքն ունես: «Զուլալի» գրքի հերոսները տարօրինակ ձեւով իմ ենթագիտակցությունից են դուրս եկել: Այդ պատմության մեջ չկա ժամանակ, տեղանքն օդում է կախված. մի քիչ մոգական ռեալիզմ կա: Ինձ թվում է՝ Հայկը շատ ճիշտ է ընկալել ու փոխանցել: Իսկապես երջանիկ հեղինակ եմ, քանի որ կարեւոր էր, որ նա զգար գրածը»,- նշել է Նարինե Աբգարյանը;


Զուլալիի հերոսուհու համար քասթինգ չի արվել, դերը վստահված է դերասանուհի Հերմինե Ստեփանյանին: Ռեժիսորի խոսքով՝ պատմությունը կարդալու հենց առաջին իսկ րոպեներից իր մտքին եկել է Հերմինեն՝ իր արտաքնով ու խառնվածքով, իսկ դերասանուհին սիրով է ընդունել առաջարկը:

«Ինձ հետաքրքիր են այն դերերը, որտեղ ռեժիսորը տեսնում է այն, ինչը հիմնականում չեն տեսնում: Դերի վրա աշխատելը բարդ էր, բայց գիտեի, որ կստացվի, վստահ էի Հայկի վրա, նրան ասել էի, որ եթե միասին կերտենք դերը, եթե նա կողքիս լինի, ապա ես կկարողանամ: Զուլալին բնության մի մասնիկն է՝ տերեւ, քամի, ջուր… հենվեցի նրա՝ բնություն լինելու վրա: Զուլալին ֆիլմում խոսում է ինքն իր հետ, իր իրականության մեջ է ապրում՝ մեկ այլ աշխարհում»,-ասել է Հերմինեն:


Ֆիլմը գրքից շատ չի հեռացել. պահպանվել են նաեւ բարբառային զրույցները: Բոլոր նկարահանումները Տավուշի Նավուր եւ Այգեձոր գյուղերում են իրականացվել: ֆիլմում ցույց են տալիս, թե ինչպես են գյուղական նիստուկացը, ջերմ ու ազնիվ հարեւանությունն ու հարաբերությունները փոխում ամենքի իրականությունը։ Հեղինակի մտքում ծնված կերպարները ռեժիսոր Հայկ Օրդյանի սուր աչքով նորովի կյանք են ստացել. Զուլալիի մոր նուրբ ու քնքուշ կերպարում Ֆրիդա Յորքն է, Աքիրի կերպարն իր դիմախաղով ամբողջացրել է Մարինե Պետրոսյանը, Զուլալիի որդու դերում Արտյոմ Մելիքյանն է, սրտացավ ու սուր խոսքով հարեւան կոշկակար Սամոյի կերպարում Արման Նավասարդյանն է: ֆիլմում նաեւ զբաղված են դերասաններ Արտաշես Շահվերդյանը, Քրիստինա Հովակիմյանը, Արտյոմ Ազարյանը, Հակոբ Հակոբյանը, Արաքսյա Մակարյանը եւ այլք: Ֆիլմի բեմադրող օպերատորը Արման Օրդյանն է, իսկ բեմադրող նկարիչը Տիգրան Ասատուրովը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին