×


Հայկական տառերը՝ պատկերազարդման նոր տեխնիկայով․ բացվել է Արմենուհի Սաղդասարյանի ցուցահանդեսը

Գործվածքի վրա նկարչություն՝ բատիկայի հիմքով եւ կտավի տեսքով․ այս յուրօրինակ ոճով ու տեխնիկայով ստեղծված աշխատանքների հեղինակը լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանն է, որի գործերն այս օրերին ցուցադրվում են Հայաստանի նկարիչների միությունում։ Նրա հեղինակային «Սաղարթ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է 53 աշխատանք, որ ստեղծվել են ավելի քան հինգ տարում։ Հատկանշական է, որ ստեղծագործություններն անտիպ են․ առաջին անգամ փորձ է արվել հայոց այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով եւ պատկերազարդման նոր տեխնիկայով:

Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել հեղինակին յուրովի ուսումնասիրել ու բացահայտել հայկական տառարվեստի եւ մանրանկարչության առանձնահատկությունները: Մետաքսի վրա նկարված կտավներում համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաեւ հայկական առասպելաբանության  խորհրդանիշերը:

Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» խորագրով ցուցահանդեսին


«Այս ոլորտում չունեմ ակադեմիական կրթություն, բայց միշտ սեր ունեցել եմ արվեստի հանդեպ։ Եվ երբ երեխաներս մի քիչ մեծացան, ես էլ ազատ ժամանակ ունեցա, ցանկացա ինչ-որ կերպ լցնել այդ ժամանակը։ Սկսեցի բատիկայի դասերից. վեց ամիս սովորելուց հետո ինքնուրույն նկարում էի շարֆերի վրա, ինքս ինձ համար տարբեր աշխատանքներ էի անում, իհարկե, սիրողական։ Մեր տանն էլ ցուցադրել էի մի քանի նկար, եւ երբ հյուրեր էինք ունենում, նրանք շատ էին հավանում այդ գործերը, ինձ քաջալերում էին, որ համարձակություն գտնեմ ու իրագործեմ գաղափարներս»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Արմենուհի Սաղդասարյանը։

Արմենուհի Սաղդասարյանը


Նրա խոսքով՝ 3-4 տարի առաջ փորձել է տառերի պարզ ձեւավորումից անցում կատարել դեպի առավել բարդ ու յուրօրինակ հավաքածուների ստեղծմանը։ Այդպես էլ ծնվել են բոլոր այն աշխատանքները, որոնք այժմ ներկայացված են «Սաղարթ» ցուցահանդեսում։ Ի դեպ, ցուցահանդեսը նվիրված է Թարգմանչաց տոնին (հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը)։

«Հայկական զարդարվեստի եւ թռչնագրերի հիմքում մեծ խորհուրդ կա, ցանկացա ավելի մանրամասն ուսումնասիրել, բացահայտել հնադարյան գիրը եւ նոր շունչ հաղորդել դրանց իմ ստեղծագործությունների միջոցով։ Չէ՞ որ հայկական տառերը մեր մշակութային ինքնության անբաժանելի ու կարեւորագույն բաղադրիչներից են»,- նկատում է հեղինակը։

Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» խորագրով ցուցահանդեսին


Թե ինչու հենց տառերը հիմք դարձան ինքնատիպ աշխատանքների մի ամբողջ հավաքածու ստեղծելու համար, Արմենուհի Սաղդասարյանը նշում է, որ ծնվել ու մեծացել է Լիբանանում, որտեղ շատ լավ ծանոթ է եղել արաբական գեղագրության արվեստին եւ միշտ ցանկացել է նմանատիպ գործեր ստեղծել նաեւ հայկական տառերով․«Նրանք տառերն օգտագործում են իրենց կտավային արվեստի մեջ, ինչը շատ էի հավանում, որովհետեւ իմ հայերեն ձեռագիրն էլ շատ սիրուն է (ժպտում է,- հեղ․)։ Միշտ ուզել եմ հայկական տառերով ստեղծագործություններ ունենալ՝ նկարներ, աբստրակտ ոճի պատկերներ, եւ ի վերջո կարողացա այդ գործում հաջողել։ Իմ նկարած տառերի մեջ տարբեր պատկերներ, իմաստներ ու թեմաներ եմ տեսնում»։

Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» խորագրով ցուցահանդեսին


Արմենուհի Սաղդասարյանի աշխատանքների ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ հոկտեմբերի 27-ը, եւ նա այդ ընթացքում սիրով հյուրընկալելու է բոլոր այցելուներին ու պատմելու է իր ինքնատիպ գործերի մասին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին