×


«Ես զոհաբերել եմ իմ անձնական կյանքը»․ Աստղիկ Սաֆարյան

Աստղիկ Սաֆարյանը պատասխանել է BRAVO.am-ի բլից հարցերին: Երգչուհին խոստովանել է, որ կարիերայի համար զոհաբերել է իր անձնական կյանքը։ Նրա հետ զրուցել ենք նաեւ Հայկոյի տված խորհրդի, հայտնի ընկերների եւ սպասվող նորությունների մասին։

- Ձեր առաջին բեմելը։

- Առաջին անգամ 2006 թվականին եմ բեմ բարձրացել՝ «Հայ ՍուպերՍթար» նախագծի շրջանակում։

- Առաջին երգը։

- «Երգում եմ ես» հեղինակային երգն է եղել։ Առաջին տեսահոլովակս կրկին հեղինակային «Մեղավոր ես» երգի հիման վրա է նկարահանվել՝ 2008 թվականին։

- Ձեր երգերի մասին։

- Ուժ տվող, ոգեշնչող, խորիմաստ մտքերով, տրամադրող եւ հասուն թեմաներով, Ճշմարտություն պարունակող խոսքերով, ակտիվ եւ մեղեդային գործեր են։

Աստղիկ Սաֆարյանը


- Ձեր ո՞ր երգն եք ամենից շատ սիրում։

- Չորս ձայնասկավառակներիս բոլոր երգերն էլ սիրելի են։ Կան երգեր, որոնք միայն լսել եմ սիրում, որոշ գործեր էլ՝ համերգների ժամանակ կենդանի կատարել։

- Եթե երգչուհի չլիներ:

- Կզբաղվեի իմ առաջին՝ տնտեսագետի, մարքեթոլոգի մասնագիտությամբ, ի դեպ, մագիստրոսի չորս դիպլոմ ունեմ, որոնցից երեքը՝ եվրոպական որակավորման։

- Երգարվեստում կուռք ունե՞ք:

- Հայկոն է, ինձ համար նա եղել է ու կմնա մեր երգարվեստի այն եզակի կատարողներից, որը միշտ անդավաճան էր իր երաժշտական ոճին։ Նա ինձ համար որպես արտիստ էտալոն է։ Հիշում եմ՝ 2009 թվականին, երբ թողարկեցի իմ առաջին ձայնասկավառակը, շնորհանդեսին ինքն էլ էր ներկա։ Այն կարեւոր խորհուրդը, որ տվեց այդ օրը, միշտ ուղեկցել է ինձ։ Լսելով իմ երգերն՝ ասաց․«Իմ սեփական փորձից եմ ասում՝ երբեք ոճդ չփոխես, դու դրա դիվիդենտները հետո ես ստանալու»։ Նրա այս խոսքերը դեռ այդ ժամանակվանից դրոշմվել են մտքումս եւ ոգեշնչել ինձ։ Նա ինձ համար վառ օրինակ էր հասկանալու, որ, այո՛, արտիստը կարող է հավատարիմ մնալ իր ոճին եւ միեւնույն ժամանակ ճանաչված եւ սիրված լինել։ Ուրախ եմ, որ Հայկոյի ասածի պես, հիմա այդ «դիվիդենտները» ստանում եմ։ Մարդիկ միշտ ինձ բնորոշում են որպես ուրույն ոճ ունեցող երգչուհի, ինչն ինձ համար շատ կարեւոր է։

Աստղիկ Սաֆարյանը


- Ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգով ներկայանալ։

- Միայն ցանկանալը բավական չէ, պետք է տեխնիկապես էլ դա հնարավոր լինի։ Կան արտիստներ, որոնց հետ ձայնային կամ ոճային առումով անհամապատասխանություն կա։ Այդ դեպքում երգն ինչքան էլ որակով լինի, միեւնույն է՝ տուժելու է։

- Միջազգային հիթ, որը կցանկանաք մի օր կատարել։

- Այն երգերը, որոնք հավանում եմ, երբեմն քավեր տարբերակով կատարում եմ իմ համերգների ժամանակ։

- Ամենաթանկ մրցանակը։

-Հանդիսատեսի համակրանքը, նրանց ծափահարություններն ու գոհունակ արձագանքները։ Ամեն համերգից հետո տուն եմ վերադառնում այդ «մրցանակով»:):

- Ձեր հայտնի ընկերը։

- Գրեթե բոլորի հետ միայն լավ հարաբերություններ եմ պահպանում։ Կան մարդիկ, որոնց հետ ավելի ջերմ եմ, բարեկամական․ ժամանակ առ ժամանակ գրվում ենք, հետաքրքրվում միմյանցով։

- Ձեր խորհրդատուն ու քննադատը։

- Ինքս եմ իմ խորհրդատուն ու քննադատը։

- Քանի՞ տարի եք բեմում։

- Ապրիլին ներկայացրի իմ 4-րդ ձայնասկավառակն ու նշեցի բեմական գործունեության 15-ամյակը։

Աստղիկ Սաֆարյանը


- Ի՞նչ տվեց Ձեզ հայտնիությունը։

- Ամենից կարեւորը՝ այն ինձ տվեց ստեղծագործելու հնարավորություն, ինչպես նաեւ մարդկանց համակրանքն իմ երաժշտության հանդեպ եւ, իհարկե, հանրության սերը։ Միեւնույն ժամանակ՝ ինձնից խլեց իմ անձնական կյանքը լիովին ապրելու հնարավորությունը։ Հանրային մարդ դառնալով՝ հանրային է դառնում քո ամեն մի խոսքն ու քայլը։ Ու այդ պահից սկսվում են ինքնասահմանափակումները: Հիմա այս կետից որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այս 15 տարիների ընթացքում իմ կարիերայի եւ այդ ճանաչվածության դիմաց ես զոհաբերել եմ իմ անձնական կյանքը։ Երբեմն նշում եմ, որ դա այն «հարկն» է, որ պետք է վճարեի ճանաչվածության եւ կարիերայի դիմաց:): Ափսոսում եմ, որ դա հասկացել եմ 15 տարի անց։ Հուսով եմ, որ այսուհետ այդ բացը կլրացվի, զոհաբերությանս դիմաց էլ կանացի երջանկություն եւ սեփական ընտանիք ստեղծելու հնարավորություն կստանամ։

- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնեք։

- Նկարահանել եմ նոր տեսահոլովակ՝ «Հայաստան» երգի հիման վրա, որն, ի դեպ, Հայաստանի մասին իմ հեղինակած առաջին երգն է եւ ներառված է իմ 4-րդ ձայնասկավառակում։ Այդ երգն արդեն համերգներիս ժամանակ երգել եմ, հանդիսատեսի ջերմ ընդունելությանն է արժանացել։ Երբ հոլովակը պատրաստ լինի,  BRAVO.am-ը կլինի առաջիններից, որի հետ սիրով կկիսեմ այն։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Հովսեփյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին