×


Իզաբել Բայրաքդարյանի «Հայկական երգեր երեխաների համար» ալբոմը ներկայացվել է Գրեմմիի առաջադրվելու համար

Իզաբել Բայրաքդարյանի «Հայկական երգեր երեխաների» համար ալբոմը ներկայացվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում Գրեմմիի առաջադրվելու համար:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ նոր ալբոմս կփորձի հավակնել Գրեմմիի»,- Facebook-ի իր էջում գրել է Բայրաքդարյանը:

Գրեմմիի 63-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված է 2022 թվականի հունվարի 31-ին՝ Լոս Անջելեսում, մինչ այդ պարզ կլինի՝ արդյոք Բայրաքդարյանի թեկնածությունը հաստատվել է բաղձալի մրցանակին առաջադրվելու համար:


Դեռ ամռանը Independent-ը ծավալուն հրապարակում է արել երգչուհու մասին ու գրել, որ նրա գեղեցիկ ձայնը բազմիցս է հնչել օպերայում, ֆիլմերի սաունդթրեքերում եւ լատինաամերիկյան երգերի ձայնագրություններում:



Իր «Հայկական երգեր երեխաների համար» ալբոմում սոպրանոն շատ ավելին է արել, քան պարզապես ցուցադրել է ձայնի բազմազանությունը: Նա 29 երգերի միջոցով ունկնդիրներին տանում է ուխտագնացության, որն ընդգրկում է հայ ժողովրդի երաժշտական ժառանգությունն ու տարիների փորձությունները՝ ներառյալ 1915 թվականի Ցեղասպանությունը:

Երգչուհու ընտրած կատարումները տարբեր ծագում ունեն, անգամ վաղուց լքված ու մոռացված գյուղերից են, իսկ թեմաները՝ բազմազան, որոնք Բայրաքդարյանը հմտորեն ներկայացնում է:  



«Կոմիտաս Վարդապետի «Փայտե ձիուկ» երգում նրա ձայնը հնչում է ձիու վրա նստած երեխայի աշխուժությամբ, իսկ «Օրորոցային երգ Անիից» կատարմամբ օրորում է անասելի մեղմությամբ»,- գրել է պարբերականը:

Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974 թվականին՝ Լիբանանում: Երգել է տեղի եկեղեցական համույթում, այնուհետեւ տեղափոխվել է Կանադա, շարունակել է իր գործունեությունը Տորոնտոյի հայկական եկեղեցական համույթում։ Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ մրցանակների:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի է, համագործակցում է աշխարհի լավագույն ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: 2002 թվականին ձայնագրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար ու կատարել Կոմիտասի ստեղծագործություններից։ Նրա ձայնը հնչում է նաեւ «Մատանիների տիրակալը» ֆիլմում։



Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին