×


«Անսովոր էր, որ մեր դուստրն էլ է ներկա մեր հարսանիքին»․Լեռնիկ Հարությունյան

Լեռնիկ Հարությունյանի եւ Սեդա Հայրիյանի ընտանիքը 13 տարեկան է: Զույգն ամուսնության պետական գրանցումը միայն հիմա է իրականացրել: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը BRAVO.am-ին է տրամադրել ՔԿԱԳ գործակալությունում արված լուսանկարները՝ խոսելով այսքան տարի անց կայացրած որոշման մասին։ Լեռնիկը մտաբերել է նաեւ իրենց նշանդրեքն ու ամուսնության ռոմանտիկ առաջարկությունը։

«13 տարիներ մեր համատեղ ապրած կյանքը հիմնականում կառուցողական է եղել. փոխզիջումներով, քննարկումներով, փոխադարձ հարգանքով ավելի ամուր ու կայուն հարաբերություններ ենք ստեղծել՝ հասնելով մեր երազած ընտանիքի մոդելին»,- ասել է դերասանը։


Աստծո օրհնությունը ստացել են Տաթեւի վանքում.«Չեմ կարողանում մտաբերել, թե ինչու որոշեցինք հարսանեկան հավաքույթ չանել։ Պսակադրվեցինք իմ վաղեմի ընկերոջ՝ Արմենի քավորությամբ: Փոխարենը մեծ նշանդրեք ենք կազմակերպել. կենդանի երաժշտությամբ ուրախ ու հիշվող խնջույք ենք արել, որը հաճախ ենք մտաբերում։

Ամենաշատը երկուսիս մեջ տպավորված է այդ տարիներին մեր շատ նիհար լինելը:): Տարբերվող էր նաեւ ամուսնության իմ առաջարկությունը. «Կդառնա՞ս իմ կինն» արտահայտության փոխարեն ասացի.«Կդառնա՞ս աղջկաս մայրը», ինչին էլ Սեդան համաձայնեց»,- պատմել է նա։

Խոսել է նաեւ ընտանիքում տիրող մթնոլորտի մասին.«Աղջիկս օրը մի քանի անգամ ինձ գրկում եւ ասում է, որ աշխարհի ամենալավ պապան եմ։ Սեդան չի խոստովանում, բայց ինքն էլ նույն կարծիքին է։ Սեդան էլ հիանալի մայր եւ կին է, ինչի համար շնորհակալ եմ Աստծոն»։

Բոլոր զույգերի պես իրենք էլ հաճախ են վիճում.«Լուրջ պատճառներ գրեթե չեն եղել։ Հաշտեցման առաջին քայլը ես եմ անում. չեմ սիրում, որ ընտանիքում լարված մթնոլորտ է տիրում»։


Ամեն տարի նշում են ամուսնության օրը.«Այս տարի մի փոք այլ կերպ եղավ. հոկտեմբերի 24-ին ես աշխատանքի էի, Սեդան իր ընկերուհիների հետ է անցկացրել երեկոն, իսկ այ, հաջորդ օրը՝ մեր միությունից 13 տարի անց, գրանցեցինք մեր ամուսնությունը ԶԱԳՍ-ում։ Միայն 13 տարի հետո հասկացանք, որ հարաբերությունները լրջացնելու ժամանակն է։ Մի քիչ անսովոր էր, որ մեր դուստրն էլ էր ներկա մեր հարսանիքին։ Ամենածիծաղելին աշխատակցի հարցն էր Սեդային՝ արդյո՞ք համաձայն է ամուսնանալ ինձ հետ, շատ ծիծաղեցի»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լեռնիկ Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին