×


«Երբ չես ճանաչում ոչ մի արժեք, սկսում ես մի հիմարի ասածով կասկածել». Վարդան Բադալյան

Աշխատում է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում՝ դասավանդելով ժողովրդական երգեցողություն: Ասում է՝ 15 աշակերտ ունի, մեկը մյուսից տաղանդավոր, ուղղակի մի քիչ աշխատասեր չեն։ Մեկ տարի է՝ աշխատում է Թաթուլ Ալթունյանի անվան երգի եւ պարի պետական անսամբլում։ BRAVO.am-ի զրուցակիցը երգիչ Վարդան Բադալյանն է:

Երգարվեստ մուտք գործեց էստրադային երգերով, բայց որոշ ժամանակ անց նրա երգացանկում գերակշիռ մաս կազմեցին ժողովրդական, աշուղական երգերը: Ասում է՝ որոշեց ներկայանալ այն ոճում, որում իրեն ավելի լավ է զգում: Աշխատում է նաեւ ժամանցային վայրերում.

«Գիտեք, այնպես չէ, որ հաճելի է ռեստորանում աշխատել, բայց փորձում եմ այնտեղ էլ պահել իմ դեմքը։ Շատ կարեւոր է նաեւ, թե ինչպիսի ժամանցային վայրում ես աշխատում: Չկան այդքան շատ համերգներ, հյուրախաղեր: Մի քանի տարի առաջ կարող էինք մեզ թույլ տալ ռեստորանում չաշխատել, բայց հիմա՝ ոչ»։

Վարդան Բադալյանը


Եվրոպայի հայերի միության հրավերով Վարդանը մեկնել էր Բարսելոնա՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի նահատակ, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Արմեն Կնյազյանի հիշատակին նվիրված բարեգործական համերգին: Հանգանակված գումարը փոխանցվել է վիրավոր զինվորներին ու զոհվածների ընտանիքներին:

44-օրյա պատերազմի օրերին Վարդանը սկզբում կամավորական աշխատանքներ էր կատարում ու փորձում հումանիտար օգնություն հասցնել Արցախ, բայց ինչ-որ պահից արդեն սահմանում էր։

- Հասկացա, որ պիտի մեկնեմ ճակատ ու միացա մեր գյուղի՝ Մաղավուզի ջոկատին: Հայրս ու հորեղբայրս 90-ականներին կամավորական ջոկատների հրամանատարներ են եղել, ու ես փոքր տարիքից անցել եմ այդ թոհուբոհի միջով: Այս պատերազմի ժամանակ էլ խրամատներ կային, որ դեռ 90-ականներին մեր հայրերն էին փորել. երկու սերունդ՝ նույն խրամատում։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ նման բան կլիներ։

- 90-ականներին ավելի քիչ էինք զինված, բանակը նոր էր կազմավորվում, բայց մենք հաղթեցինք: Այս պատերազմի ելքը տեսանք՝ ինչպիսին էր։ Որտե՞ղ պարտվեցինք՝ դիվանագիտակա՞ն, թե՞ մարտի դաշտում:

- Մենք երկու ճակատում էլ պարտվեցինք, բայց ավելի շատ պարտվեցինք դպրոցից ու մանկապարտեզից։ Հենց այնպես հաղթանակը չեն նվիրում։ Չի կարող մարդն ամբողջ օրը սերիալ նայի, գիրք չկարդա ու դառնա լավ հրամանատար։ Մենք մեր ինքնությունը կորցրել ենք։ Ամեն ինչ ունենք՝ երաժշտություն, մշակույթ, գրականություն, շատ ազգեր անգամ կնախանձեն այդքան հարստությանը, բայց այնպիսի տպավորություն է, որ մենք դրա կրողը չենք։ Ունենք Կոմիտաս, Նարեկացի, բայց փողոցում եթե հարցնենք, քչերն իրենց ստեղծագործություններից կիմանան։ Իսկ այն, ինչ լավ չես ճանաչում, չես կարող սիրել։ Հերիք չէ սիրես, մի հատ էլ պայքարես, կռվես ու կյանքդ տաս։ Մեր բնակչության մեծ մասն, ինձ թվում է, չի եղել Արցախում, բայց Եգիպտոսում ու Անթալիայում եղել են։

Ովքեր սիրում են մեր հայրենիքը, պայքարել են ու պայքարում են։ Առաջին անգամ պատերազմից հետո երբ գնացի Արցախ, երեք օր ուշքի չէի գալիս: Անտանելի էր, հատկապես, երբ ճանապարհդ փակում են ու ասում՝ «թուրքերը պտի անցնեն»։ Մենք ո՛չ հաղթանակին տեր եղանք, ո՛չ էլ պարտությանն ենք տեր լինում, որ հետեւություններ անենք: Մարդկանց տեսակ կա, որ անընդհատ շրջանառում են այն կեղծ միտքը, թե «սա մերը չէ, մեկ է՝ պիտի տանք»: Եվ երբ չես ճանաչում ոչ մի արժեք, սկսում ես մի հիմարի ասածով կասկածել: Եթե մի բան էլ հայկական չէ, հաստատ ադրբեջանական էլ չէ: Գոնե ես պապիս պապի գերեզմանի տեղը գիտեմ, եւ մեր արմատներն այդ գյուղում հասնում են մինչեւ 1700-ականներ:

Վարդան Բադալյանը


- Փաստորեն մանկությունդ անցավ ռումբերի ներքո, ու 30 տարի անց պատմությունը կրկնվեց։

- Երբ փոքր էինք, մեզ համար խաղի նման մի բան էին թվում տեղահանվելը, պայթյունները: Հիմա զգացի՝ պատերազմն ինչ ահավոր բան է:

- Արժեհամակարգի կորուստ, անտարբերություն, ամեն ինչ դարձավ սովորական. ինչո՞ւ:

- Անկեղծ, նորմալ բառերով չեմ կարող ասել, թե ինչու: Չգիտեմ՝ ինչպես ձեւակերպեմ: Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել են պատերազմի միջով, ու ամենաշատն ինձ նմաններն են ուզում խաղաղություն: Բայց ի՞նչ գնով․ խաղաղությունը պարտադրում են, ոչ թե խնդրում: Եթե դիմացինդ ամեն օր քեզ սպանում է, գերիներ ունենք, ի՞նչ խաղաղություն: Աստված տա՝ լինի այդ խաղաղությունը, պարզապես դրա գինը չեմ պատկերացնում: Էլ ի՞նչ տանք, որ խաղաղություն լինի: Նրանք կանգ չեն առնելու: Հիմա Հադրութն ու Շուշին տվել ենք, խաղաղությո՞ւն է: Բաներ կա՞ն, որ մենք չգիտենք... Նրանք զինվում են, զենք են գնում, ուրեմն՝ ինչ-որ բանի պատրաստվում են: Պարզ է, չէ՞, որ չեն մտածում, թե մենք պետք է հարձակվենք: Իսկ մենք վաղ, թե ուշ պիտի պատրաստվենք:

- Ի՞նչ կա Արցախում, որ չկա Երեւանում:

- Ամեն մարդու ծննդավայրը թանկ է իր համար: Կան հիշողություններ, նախնիների հետք, հայրական տունը, այգին. ամեն ինչն էլ թանկ է: Ավանդույթը չխախտելով՝ վերջերս գնացել էի հայրական տան բակում օղի թորելու։ Դա էլ ուրիշ հաճույք է: Բայց ինձ համար թանկ է նաեւ Երեւանը, քանի որ ե՛ւ այստեղ եմ ապրել, ե՛ւ այնտեղ: Տարբերություն չկա. մեծ Հայաստան է:

Վարդան Բադալյանը եւ Արմինե Գեւորգյանը


- Վարդան, պատերազմից, հայրենիքից կարող ենք անվերջ խոսել, արի խոսենք ծրագրերիցդ:

- Ուզում եմ «Նարեկացի» նվագախմբի հետ Կոմիտասի ստեղծագործություններով ձայնասկավառակ ձայնագրել: Այս հրաշալի եւ մնայուն նախագիծը կյանքի կոչելու համար հովանավորներ են պետք: Սա այն դեպքն է, երբ միայն երգը չպետք է ծառայեցնես քեզ, այլ նաեւ դու պիտի ծառայես երգին: Եթե կոմերցիայի հետեւից ընկնեի, իմ նախորդ՝ «Տաղ հայտնության» ձայնասկավառակը նույնպես չէի թողարկի: Թող զարմանալի չթվա, բայց հենց այդ երգացանկով 20-ից ավելի երկրների բազմաթիվ քաղաքներում տարբեր միջոցառումների եմ մասնակցել: Շատ անգամներ հրավիրողներն ու հանդիսատեսը եղել են այլազգիներ:

- Մի փոքր խոսենք ընտանիքիցդ: Կինդ ճարտարապետ է միայն աշխատավայրո՞ւմ, թե՞ ընտանիքում էլ։

- Ընտանիքի ճարտարապետությամբ երկուսով ենք զբաղվում: Չնայած՝ կինն ընտանիքի հույսն է, լույսը, հետեւաբար, ճարտարապետը, իսկ ես ավելի շատ տաքսիստի դերում եմ (ծիծաղում է,-խմբ.): Ռոմանտիկան էլ իր տեղում է. կենցաղի ու աշխատանքային վազքի մեջ ձգտում ենք չկորցնել: Որդիս՝ Առնոն, տասը տարեկան է, հաճախում է դաշնամուրի, ջութակի: Կարգին տղա է:

Վարդան Բադալյանը


- Բլից հարցեր. ինչի՞ց ես վախենում:

- Երկրի վիճակից, էլի հարազատներ ու ընկերներ կորցնելուց: Հողերը վաղ, թե ուշ կարող ենք հետ բերել, իսկ կյանքերը՝ ոչ:

- Ինչի՞ համար ես ափսոսում:

- Կորցրած ժամանակի ու չարածների համար: Արածների համար երբեք չեմ ափսոսում:

- Թույլ կողմերդ:

- Երբեմն ասում եմ բաներ, որ պետք չէ ասել:

-Ուժեղ կողմերդ:

- Նպատակներիս, թեկուզ ուշ, փորձում եմ հասնել:

Վարդան Բադալյանը


- Ինչի՞ն կամ ո՞ւմ ես հավատում:

- Աստծուն, մարդկանց:

- Ինչպիսի՞ հարցեր չես սիրում:

- Անձնական կյանքին վերաբերող:

- Հնչած հարցերից ո՞րը նյարդայնացրեց:

- Չնյարդայնացրեց, բայց պատերազմին իմ մասնակցության մասին չեմ սիրում խոսել: Մեծ բան չեմ էլ արել: Այնքան մարդիկ կան, որ 1000 անգամ ավելի շատ բան են արել, որոնց չենք էլ հիշում: Ավելի ճիշտ՝ հիշում ենք կենացների մակարդակով: Այնքան զոհված, անհետ կորած զինվորականներ կան, որոնց մասին պետք է խոսել ու լուսաբանել նրանց արածը: Իսկ իմ արածը բնական էր ու այդպես էլ պետք է լիներ:

Հարցազրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին