×


«Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերան՝ ժամանակակից բեմադրությամբ եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Օպերային ներկայացումը՝ նոր մոտեցմամբ ու ժամանակակից լուծումներով․ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերան Հայաստանում միավորել է ֆրանսաբնակ ռեժիսոր Վռամ Կարապետյանին, դիրիժոր Սուրեն Շահիջանյանին, նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանին, պարուսույց Արման Բալմանուկյանին։ Նրանց հեղինակած ներկայացումը, որ հուլիսին ցուցադրվել էր Երեւանում, այժմ նորից կլինի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Օպերային ներկայացման առաջնախաղը նախատեսված է այսօր՝ նոյեմբերի 6-ին: BRAVO.am-ը ներկա է եղել բեմադրության գլխավոր փորձին, լուսանկարել է ընթացքը, ինչպես նաեւ զրուցել ռեժիսոր Վռամ Կարապետյանի հետ ու հետաքրքիր մանրամասներ պարզել նոր «Օրփեոս եւ Էվրիդիկե»-ի մասին։

Բեմադրության վայրը պատահական չէ ընտրված. ԵՊԿ Օպերային ստուդիան նորարարական հարթակ է՝ երիտասարդ արտիստների զարգացման եւ առաջխաղացման համար: Իսկ ներկայացման դերերում ներգրավված են ինչպես արտերկրից հրավիրված կատարողներ, այնպես էլ ԵՊԿ ուսանողներ ու շրջանավարտներ։ Օպերային ստուդիայի վերանորոգումից հետո սա առաջին ներկայացումն է Հասմիկ Պապյանի ղեկավարությամբ։ Նրա խոսքով՝ ընտրել է հենց Գլյուկի ստեղծագործություններից, քանի որ կարծում է՝ մեր երկրին ու ժողովրդին հիմա առավել եւս անհրաժեշտ է ամոքող, բուժիչ երաժշտություն․ չէ՞ որ «Օրփեոս եւ Էվրիդիկե»-ի ավարտին սերը հաղթում է։ Բացի այդ, Հասմիկ Պապյանը կարեւորում է նաեւ Հայաստանում բարոկկո ոճի երաժշտության ներկայացումը։


Առասպելական պատմություն, որում կան աստվածներ, մարդկանց աշխարհ, դժոխք։ Այդ ամենը երիտասարդ ռեժիսոր Վռամ Կարապետյանը փորձել է ներկայացնել Օրփեոսի միջոցով՝ թե ինչպես է մարդը լուսավոր, աստվածային մտավիճակից գերի ընկնում սեփական մտատանջանքներին եւ այդ ներքին քաոսից դուրս գալու ճանապարհին սիրո միջոցով հասնում ներդաշնակության։ Բեմադրությունը մինիմալիստական է, ժամանակակից թատերական լուծումներով։ Ձեւավորող նկարիչն է Նյու Յորքում բնակվող հայտնի գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանը։ Հենց այս նորարարական մտքերի ու մոտեցումների շնորհիվ էլ Վռամ Կարապետյանին հրավիրել են բեմադրությունը հեղինակելու։

«Բարոկկո օպերա Հայաստանում առաջին անգամ է բեմադրվում։ Շատ կարեւոր է, որ նախագծի հեղինակներն էլ են ինձնից նոր մտքեր ակնկալում, շատ բաց են այդ առումով, անընդհատ նոր լուծումներ են փնտրում այս ներկայացման համար։ Ես սիրում եմ, որ պատմությունը միշտ ավելի մոտ է լինում փիլիսոփայությանը։ Այս բեմադրությամբ ուզում էի ցույց տալ, թե ինչ է կատարվում Օրփեոսի մտքերում ու հիշողություններում։ Նրա վախերը չէին թողնում, որ կարողանար հանգստության հասնել, նա անցնում է իր ներսի ամբողջ դժոխքն ու ճանապարհ գտնում դեպի դրախտ, դեպի ամենալուսավորը»,- մեր զրույցում նշեց ռեժիսորը։

Վռամ Կարապետյանը


Վռամ Կարապետյանն ընդգծում է՝ ինքն այնքան մեծ ուշադրություն չի դարձնում դերակատարների շարժումների ճշտությանը, որքան ներկայացման իմաստային խորությանը, որին պիտի հասնեն ամեն մեկն իր ներսում ու կարողանան դուրս բերել այն.«Կարեւոր է, որ նրանք նվագախմբից ընդհանրապես բաժանված չզգան, թող դա լինի մարմնով, ձայնով, բայց այդ ամենը պիտի անպայման համահունչ լինի նվագախմբի հետ։ Շատ եմ աշխատել այդ ուղղությամբ, շատ եմ ուզում ամեն օր ավելի մոտենալ այդ խորությանը»։

Խոսելով նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ ռեժիսորը նկատեց՝ հրաշալի է, որ դա հնարավոր է այս նախագծի շրջանակում, հատկապես երբ նվագախումբն էլ համաձայնում է մաս կազմել նման էքսպերիմենտալ բեմադրության եւ իր կողմից նոր խոսք բերել օպերային արվեստում.«Իր երաժշտական որակով Ֆիլհարմոնիկ նվագախումբը լավագույններից մեկն է աշխարհում, ես նրանց միշտ շատ եմ սիրել։ Իրականում հրաշալի է, որ կարողացանք «Օրփեոսը» Ֆիլհարմոնիկի որակով առաջ տանել. շատ մեծ հնարավորություն է երիտասարդ դերակատարների համար»։


Վռամ Կարապետյանին նաեւ հարցրինք, թե ինչպես է պատկերացնում բեմադրության ապագան, ինչպիսի ընթացք կունենան այն։ Ռեժիսորը վստահորեն ասաց՝ պիտի շրջագայի աշխարհում, երիտասարդ արվեստագետներն էլ պիտի ներկայանան միջազգային լսարանին.«Պիտի առաջ գնանք դեպի ավելի լավ որակի արվեստ՝ նոր մոտեցմամբ, թարմ մտքերով ու գաղափարներով, նոր մտածողությամբ»։

Երիտասարդ ռեժիսորը նաեւ նշեց, որ առաջիկայում նոր նախագծեր կլինեն իր եւ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ.«Հուսով եմ՝ հունվարին, երբ կկարողանանք «Օրփեոսը» բարեհաջող ավարտել, լավ առաջ տանել, հնարավորություն կունենանք նաեւ մեր նոր նախագիծը ներկայացնել, որի ուղղությամբ այժմ զուգահեռաբար աշխատում ենք։ Էլի շատ գեղեցիկ մի բան է լինելու, այս անգամ՝ ոչ աստվածային, շատ ավելի հողեղեն։ Էդուարդ Թոփչյանը նույնպես շատ ոգեշնչված է այդ նախագծի համար, այնպես որ, այո, նորություններ լինելու են, բայց անունը չեմ ասի (ժպտում է,- հեղ.)»։

Սուրեն Շահիջանյանը


Հավելենք, որ նոյեմբերի 6-ին եւ 8-ին ներկայացումը կցուցադրվի դիրիժոր Սուրեն Շահիջանյանի, իսկ 23-ին եւ 25-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Գլխավոր դերերում ներգրավված են Տիգրան Քախվեջյանը, Հեղինե Խաչատրյանը, Սիրանուշ Օվսիյանը, Սոֆյա Թումանյանը եւ Վարդուհի Թորոյանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին