Որպես հավերժ կյանքի խորհրդանիշ՝ Հայաստանում շուտով կտնկվի «Սիմֆոնիկ անտառ»՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին։ Նախագծի գլխավոր աջակիցն է IDBank եւ Իդրամ ընկերությունների համատեղ «Մի դրամի ուժը» ծրագիրը։ Բացի այդ, IDBank-ը նաեւ «Սիմֆոնիկ անտառ» համերգի գլխավոր գործընկերն է։
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքում կտնկվի 20 հազար ծառ՝ մոտ 6 հեկտար նոր անտառ։ «Մի դրամի ուժի» շնորհիվ «Սիմֆոնիկ անտառում» կավելանա առնվազն 6250 ծառ։
Հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգով մեկնարկել է «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը, որի ընթացքին հետեւել է BRAVO.am-ը եւ կարեւոր մանրամասներ պարզել նախաձեռնության մասին։
««Մի դրամի ուժը» ծրագիրն ու «Սիմֆոնիկ անտառը» շատ նման են իրենց ասելիքով․ այս երկու գաղափարի հիմքում միասնության կարեւորությունն է: Փոքրիկ ջանքերը համատեղվելով՝ մեծ ուժ են դառնում ու բերում փոփոխություն յուրաքանչյուրիս կյանքում։ «Մի դրամի ուժ»-ի դեպքում այդ փոփոխությունները բերում են այն աննշան թվացող մեկ դրամները, որոնք միավորվելով կյանքի են կոչում մեր երկրի համար կարեւոր բազմաթիվ ծրագրեր, իսկ «Սիմֆոնիկ անտառի» պարագայում այդ փոփոխությունը բերում է ամեն գնված տոմս, որն առնվազն մեկ ծառ է դառնալու ապագա «Սիմֆոնիկ անտառում»,- նշել է Իդրամի եւ IDBank-ի հաղոդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։
Տաթեւիկ Վարդեւանյանը։
Նա հաջողություն է մաղթել նախագծին եւ ընդգծել՝ ուրախ է, որ IDBank-ը եւ Իդրամը, հերթական անգամ կարեւորելով բնապահպանությունը իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերում, մասնակից են դարձել այս նախաձեռնությանը:
«Վստահ եմ, որ տարիներ անց մենք կունենանք արդեն սաղարթախիտ անտառ եւ միգուցե այնտեղ վայելենք սիմֆոնիկ երաժշտություն»,- ասել է Վարդեւանյանը։
Անտրէ Գումուշճեանը
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանի խոսքով՝ առաջին անգամ է, որ նվիրատվությունն այս ձեւաչափով է՝ համերգի տոմսերի վաճառքից ստացված հասույթով. «Ուրախ եմ, որ վերջապես եկավ այս օրը։ Թե՛ երաժշտությունը, եւ թե՛ բնությունը շատ կարեւոր են մարդու հոգու համար, գեղեցիկ ապրելու համար։ Այնպես որ, սա մի յուրահատուկ կապ է եւ շատ կարեւոր համագործակցություն»։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Նշենք, որ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի եւ «Մի դրամի ուժը» նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչ օրս ավելի քան 30 հազար ծառ է տնկվել։
Սարգիս Բալբաբյանը
«Սիմֆոնիկ անտառի» ամենամեծ յուրահատկությունն այն է, որ լինելու է բեմում ելույթ ունեցող նվագախմբի դասավորությամբ: «Եթե վերեւից նայենք անտառին, այն կունենա Սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին բնորոշ ձեւը»,- ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:
Բալբաբյանը նաեւ նշել է, որ շատ հետաքրքիր նորարարություններ ու մտքեր ունեն անտառի հետ կապված, որոնց մասին քայլ առ քայլ կբացահայտեն հետագայում։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
259







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: