×


Ինչպես թագուհիները դարձան Քրիստինա Շահգուլյանի հաճախորդները. վարսահարդարը պատրաստվում է իր հայաստանյան այցին

«Երբ քայլում ես Մոսկվայի ամենաշքեղ սրահներից մեկի կողքով եւ մտքովդ էլ չի անցնում ներս մտնել, որովհետեւ գիտես՝ քեզ չեն ընդունի, բայց շուտով դու այնտեղ ոչ միայն սովորում ես, այլեւ աշխատում ու հասկանում՝ հաջողությունն իրոք ժպտացել է քեզ»՝ ռուսաստանաբնակ հայ վարսահարդար-ոճաբան, կոլորիստ, «SHANS & U» ստուդիայի առաջատար վարպետ, REDKEN ընկերության հավատարմագրված մասնագետ Քրիստինա Շահգուլյանի հաջողության պատմությունը շատերին կոգեշնչի: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է Մոսկվայում ու Սոչիում աշխատելու իր փորձառության, բազմաթիվ հայտնի մարդկանց՝ հաղորդավարների, մարզիկների, քաղաքական ու մշակութային գործիչների հետ համագործակցության, ինչպես նաեւ առաջիկայում Հայաստան գալու եւ այստեղ նոր հաճախորդներ գտնելու իր ցանկության մասին։

Քրիստինա Շահգուլյանը


«Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց տարիներ առաջ այնպես ստացվեց, որ որոշեցի նաեւ դիմահարդարում սովորել։ Կարճ ժամանակ անց փորձեցի նոր հմտություններ ձեռք բերել եւ վարպետության դասեր անցա վարսահարդարման ոլորտում։ Հասկացա, որ այն ինձ ավելի է հետաքրքրում, ցանկանում եմ նոր տեխնիկաներ յուրացնել, նոր գիտելիքներ ու պրոֆեսիոնալ հմտություններ ձեռք բերել։ Հայաստանում նույնիսկ իմ վարսահարդարման սրահն ունեի։ Բայց մոտ տասնմեկ տարի առաջ տեղափոխվեցինք Ռուսաստան։ Այստեղ վերապատրաստում անցա, իսկ ավելի ուշ սկսեցի աշխատել հանրահայտ Jak Dessange, Jean Louis David, Camille Albane սրահներում։ Դրանք ինձ համար իսկապես կարեւոր ու յուրօրինակ դպրոցներ եղան, որտեղ նոր տեխնիկաներ յուրացրի եւ անգամ մշակեցի իմ հեղինակայինը։ Հենց այս ամենի շնորհիվ էլ բազմաթիվ մարդիկ այսօր իրենց վարսահարդարումն ու մազերի խնամքն ինձ են վստահում»,- նկատում է Քրիստինան։

Նա հպարտությամբ է հիշում 2014 թվականի այն օրը, երբ իրեն հրավիրեցին Սոչիի օլիմպիական խաղերին՝ հյուրերի վարսահարդարումն ապահովելու համար։ Այդ ընթացքում Քրիստինան հասցնում է աշխատել նույնիսկ Նիդերլանդների թագուհի Մաքսիմա Սորեգյետա Չերուտիի եւ Դանիայի թագուհի Աննա-Մարիայի հետ։ Նրա հաճախորդների թվում է լինում նաեւ նորվեգացի շախմատիստ, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը.«ՄՕԿ-ը փնտրում էր այնպիսի մասնագետի, որը նաեւ լեզուների կտիրապետեր։ Ինձ օգնեց Բրյուսովում ստացածս կրթությունը։ Իհարկե, դա մի հրաշալի ժամանակ էր իմ կյանքում։ Այնտեղ չէի մտածում աշխատելու, գումար վաստակելու մասին, այլ  ուղղակի ամբողջությամբ այդ մթնոլորտի ու տրամադրության մեջ էի։ Այդ վառ հիշողություններն ինձ հետ կլինեն ամբողջ կյանքում»,- խոստովանում է Քրիստինան։

Քրիստինա Շահգուլյանի աշխատանքներից


Այդպես էլ շարունակել է զուգահեռաբար աշխատել ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Սոչիում, այժմ էլ նախատեսում է պարբերաբար այցելել Հայաստան եւ հաճախորդների ու գործընկերների նոր խումբ ներգրավել նաեւ մեր երկրում.«Շատ եմ ցանկանում նաեւ հայ աղջիկների հետ աշխատել, որովհետեւ ինձ հետաքրքիր է նրանց էլ ճանաչել որպես հաճախորդ։ Կարծում եմ՝ շատ տարբեր նախասիրություններ կլինեն, նոր մարդիկ, նոր հետաքրքրություններ, ոճեր, եւ ինձ հենց դա չի հերիքում։ Ինձ համար դա նոր փորձություն է, որ ինքս սահմանել եմ ու ուզում եմ անցնել։ Ցանկանում եմ ամեն ամիս այցելել Հայաստան, աշխատել նոր հաճախորդների հետ, իսկ հետագայում նպատակ կա աշխատել նաեւ տեղի մասնագետների հետ՝ վարպետության դասերի շրջանակներում»,- ասում է նա։

Քրիստինա Շահգուլյանի աշխատանքներից


Քրիստինայից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ ինչու են մարդիկ նախընտրում իր աշխատանքները, որոնք են իր կիրառած տեխնիկաների առավելությունները, նա նշեց՝ հաջողության գաղտնիքը գրագետ ու անհատական մոտեցումն է, բարձրակարգ նյութերի կիրառումը, գույների ու ոճերի ճիշտ համադրումը.«Իմ հաճախորդներն ինձ շատ են սիրում (ժպտում է,- հեղ.)։ Կարեւորն այն է, որ նրանք ինձ նաեւ վստահում են, շատերը գալիս են եւ պարզապես ինձ թողնում իրենց վարսերի գույնի ու ոճի ընտրությունը։ Բոլոր ներկերն ու նյութերն ինձ մոտ առանց քիմիական վնասակար հիմքի են։ Անգամ ճերմակ մազերը ներկելու կամ գունաբացում իրականացնելու դեպքերում ես օգտագործում եմ ամոնիակ չպարունակող նյութեր, որոնք միաժամանակ նաեւ խնամում են մազերն ու մաշկը։ Ես չեմ փչացնում մազը, ստանում եմ այն գույնը, որը նախապես խորհուրդ եմ տալիս։ Երբեք չի լինում, որ ինչ-որ անակնկալ, չսպասված արդյունք ստացվի։ Զբաղվում եմ նաեւ մաշկի ու մազաթափության հետ կապված տարբեր խնդիրներով։ Այս ամենի շնորհիվ էլ տարբեր քաղաքներում գտնում եմ ինձ վստահող հավատարիմ հաճախորդների, որոնք ամեն ամիս սպասում են իմ այցերին»,- ընդգծեց վարսահարդարը։

Քրիստինա Շահգուլյանը


Հավելենք, որ Քրիստինա Շահգուլյանի ինստագրամյան պաշտոնական էջում կարող եք տեսնել նրա աշխատանքներից շատ օրինակներ, ինչպես նաեւ հետեւել նրա առաջիկա հայաստանյան այցի մասին նորություններին՝ https://www.instagram.com/redken_kristina/: Քրիստինան ընդգծում է, որ իր հետ բերելու է ամերիկյան «REDKEN» ապրանքանիշի բոլոր այն նյութերն ու ներկերը, որոնցով աշխատում է։ Դրանք, ի դեպ, Հայաստանում չկան։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քրիստինա Շահգուլյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին