×


«Հիմա ես գիտեմ՝ ինչից սկսել»․ Վարդան Պետրոսյանի ինքնակենսագրական վեպի շնորհանդեսը

«Սա Ձեր երկրորդ գիրքն է, բայց կոչվում է «Սկիզբ»։ Եվ Դուք ասում եք, որ այն շրջադարձային է Ձեզ համար։ Սա ի՞նչ սկիզբ է, ի՞նչ բեկում է մտցնելու»՝ լրագրողի այս հարցին պատասխանելիս Վարդան Պետրոսյանը նախ երկար լռում է։ Չէ՞ որ գրել է իր կալանավորման, բանտարկության, դատավարության, այնուհետեւ հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ (Ֆրանսիայում) անցկացրած օրերի մասին։ Ուրեմն որտեղի՞ց սկսել եւ ինչպե՞ս։ Բայց ահա սկսում է իր պատմությունը եւ ասում, որ գիրքը գրելիս մտածել է՝ եթե կալանքն իր համար շրջադարձային եղավ ու հիմք դրեց մի նոր սկզբի, ապա արդյո՞ք նույն բանը կկատարվի մարդկանց հետ կորոնավիրուսից ու ինքնամեկուսացումից հետո. «Գիրքը սկսվում է վերջ բառով եւ ավարտվում սկիզբ բառով։ Հետաքրքիր բան է»,- նկատում է նա։ Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» ինքնակենսագրական վեպի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ գրի առել դերասանի մտքերը։

«Իմ կալանքի եղբայրները»

Մինչեւ գրքի հրատարակվելն այն հասանելի էր էլեկտրոնային տարբերակով, ու մի երիտասարդ կին Հոլանդիայից ինձ գրեց, թե ինչքան մեծ մխիթարանք է այն իր համար, իր հոգու ցավերի համար։ Գրքի առաջաբանում այսպիսի մի տող ունեմ, որ հիմա այդպես չեմ շտապում, շատ չեմ մտածում, թե քանի մարդ կկարդա այս գիրքը, կհավանեն, թե չեն հավանի։ Թողնում եմ իմ մտքերը, ինչպես սիրտս է թելադրում։ Միակ ցանկությունս է, որ մարդը մխիթարվի սրանով, ինչ-որ բան ստանա այս պատմությունից։ Այսօր Հոլանդիայից էլի նամակ ստացա. այդ կինն ասաց, որ, ցավոք, չի կարող ներկա լինել, բայց հոգով ու մտքով այստեղ է, նաեւ խոստովանեց, որ գրքի շնորհիվ երկար տարիների դադարից հետո նորից երգելու ուժ է գտել: Հավատացնում եմ՝ այս նամակն ինձ համար շատ մեծ մխիթարություն էր։

Վարդան Պետրոսյանը


Մխիթարություն է նաեւ այն, որ իմ գրքի հերոսներն իրական մարդիկ են՝ կալանավորներ, որոնց անվանում եմ իմ կալանքի եղբայրներ։ Դարձել եմ նրանց խոսնակը, մխիթարողը, խնդիրները դուրս հանողը. նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, որոնք երկար տարիներ ապրում են այն դժվար ու ծանր պայմաններում, որը կոչվում է կալանք։ Եվ հաճախ անարդարացիորեն են կալանված։ Ես նրանց մասին խոսում եմ շատ լուսավոր մի լեզվով։

Նկարներ, որ տեղ գտան գրքում՝ որպես գրականության լրացում

Հասկանում էի, որ այն, ինչ գրում եմ, դեռ քիչ է, այսինքն՝ չէի կարող կալանքիս պատմությունը, առավել եւս դրանից հետո ինքնամեկուսացման պատմությունը մի գրքով տալ, դրա համար ինձ հատորներ էին պետք։ Կներեք, բայց հավես չունեի, դրա կարողությունն ու տաղանդն էլ չունեմ (ժպտում է,- հեղ․)։ Եվ այդ բացը կոմպենսացրի նկարչությամբ: Սրանք ոչ այնքան նկարազարդումներ են, որքան լրացումներ։ Օրինակ՝ դուք կտեսնեք կալանավորներին՝ շատ քնարական կերպարներ. նրանք շատ ռոմանտիկ են։ Նկարելու ոճն արդեն այդպիսին է՝ թախծոտ, ռոմանտիկ, մի քիչ զվարճալի, մի քիչ էլ աբստրակցիա կա։

Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» ինքնակենսագրական վեպի շնորհանդեսին


Ազատություն գտավ բանտախցում

Հասկացա, որ այդ չորս պատի մեջ դու կարող ես շատ ավելի ազատ լինել, քան այս մոլորակի ամենազատ մարդը։ Այ, ես դա զգացել եմ։ Գրքում նաեւ նկարագրել եմ, թե ինչ էր ինձ հետ կատարվում, երբ դուրս էի գալիս խցից։ Մենք նստել էինք, չէինք կարողանում խոսել։ Նրանք ժպտում էին, բայց բառ անգամ չէինք փոխանակում, որովհետեւ մի բառ ասեին, պիտի լաց լինեինք։ Պատերն եմ շոյել եւ բանտախցի իմ ընկերներին ասել՝ ավելին չեմ անում, որովհետեւ կարող է՝ դուք չհասկանաք։ Իրենք ինձ շատ լավ էին հասկանում, իրենք ինձ ամենալավն էին հասկանում, ամեն ինչ ընդունում էին, անգամ իմ՝ բանտի պատերը շոյելը։

Բանտում դուռը դու չես բացում։ Սա մի սովորություն է, որի հետ դժվար ես համակերպվում։ Նստած սպասում ես՝ պիտի գան քեզ տանեն, ոտնաձայներ ես լսում. մոտենում են արդեն։ Բոլորիս հուզմունք էր պատել: Խցի հետ կարծես նույնացած լինեի։ Շատերն ուրախ, թռչկոտելով են դուրս գալիս, որ վերջապես պրծան։ Ես էլ էի ուրախ, բայց դատարկ էի, կարծես մի բան կորցրի անվերադարձ:

Վարդան Պետրոսյանը


Ինչի՞ց սկսել

Այս հարցին չեմ ուզում պատասխանել, շատ անձնական հարց է։ Հիմա ես գիտեմ՝ ինչից սկսել: Սկսել եմ բոլորովին նոր կյանք։ Ուղղակի ուրիշ կերպ եմ ապրում։ Հեշտ չէ ապրել այնպես, ինչպես ուզում ես, բայց ձգտել անել մի բան, որ քեզնից ավելի բարձր է, արդեն մեծ բան է։ Ինչպես ասում են՝ ջանքն ավելին է, քան արդյունքը։ Ասեմ, որ շատ եմ սայթաքում, բայց միեւնույն է՝ ջանում եմ։ Եվ ինձ թվում է՝ սա այդ անդուլ ջանքի գործընթացն է. ուզում ես մի քիչ ավելի բարձրանալ։ Խոսքը կարիերայի մասին չէ, այլ բոլորովին ուրիշ բանի. ես այդպես եմ փորձում։

«Կարիերան պրծավ»

Բանտից հետո ինձ համար կարիերան դարձավ երկրորդական մի բան։ Դե, դա երիտասարդ մարդու զբաղմունքն է՝ հասարակական սանդղակով վերեւ բարձրանալ, արեւի տակ տեղ հաստատել, հայտնի դառնալ... Հետո ուրիշ առաջնայնություններ են գալիս, եւ այս հարցում է, որ կալանքն ինձ համար շատ կարեւոր դեր խաղաց։ Ուղղակի չերեւացող, կորած բաներ անգամ եկան ինձ համար առաջնային, կարեւորագույն տեղ։ Շատ բան, իհարկե, մնաց, ես ուրախ եմ նաեւ դրա համար։ Կարիերան պրծավ։

Հայկ եւ Վարդան Պետրոսյանները


«Իրենք ինձ առաջարկեցին»

Ճիշտն ասած՝ չէի սպասում, որ այս գիրքը կհրատարակվի։ Շնորհակալ եմ «Զանգակ» հրատարակչությանը. իրենք ինձ առաջարկեցին։ Զարմացա, որովհետեւ մտածեցի՝ սրանից ի՞նչ գիրք, ո՞վ պիտի կարդա։ Լավ, մի քիչ էլ նկարներս կարելի է նայել։ Իրենք ասացին՝ չէ, գրքում ե՛ւ համաճարակի, ե՛ւ կալանքի հետ կապված մի նոր, ինքնատիպ եւ ուսուցանող բան կա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին