×


Ռոբերտ Ամիրխանյան.«Ամեն հայ պետք է հասկանա, որ հիմա մենք ավելի մեծ բան ենք կորցնում»

Թեեւ աշունը տրամադրում էր Ռոբերտ Ամիրխանյանի հետ զրույցը նվիրել միայն արվեստին ու նրա հեղինակած հրաշալի երաժշտությանը, բայց ժամանակներն են ուրիշ՝ ուրիշ թեմաներ են պարտադրում: Իհարկե, խոսել ենք նաեւ այն երաժշտությունից, որը կոմպոզիտորը չստեղծել չի կարող:

- 2020-ը երեւի ամենադժվարն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ շրջանը:

- Չէի ուզի ասել, թե արվեստագետները շատ նրբազգաց են, բայց իրոք այդպես է: Ինձ վրա սարսափելի ազդեց այդ իրավիճակը: «Բանտարկության» ընթացքում շուրջ 20 ստեղծագործություն գրեցի: Մարտին գերմանաբնակ մեր հայ բարեկամուհին իտալացի ամուսնու ընտրած իտալերեն երկու բանաստեղծություն էր ուղարկել, որոնք երգեր դարձրի: Ձայնագրեցի նաեւ երգեր Վահան Տերյանի կյանքի վերջում գրած բանաստեղծությունների հիման վրա, որոնցից է «Գինով եմ»-ը:

Արհավիրքի ժամանակ մեր սիրտը զգայուն է դառնում, բայց շարունակում է բաբախել: Փորձություններին պետք է դիմակայել, ոչ թե վայ-վույ անել: Թշնամաբար տրամադրված մարդուն հաղթելու համար պետք չէ նրա հետ կռվել, այդպես ուժեղացնում ես նրան: Հարկավոր է ուղղակի թշնամուն ընդունել. դու չես կարող նրա մեջ ինչ-որ բան փոխել:

Ռոբերտ Ամիրխանյանը


- Չէ՞ որ լռությունը կարող է ընկալվել որպես համաձայնություն:

- Կարող ես չհամաձայնել նրա հետ, բայց ընդունիր նրան, այդ ժամանակ հաղթած դուրս կգաս: Եթե ես ընդունում եմ, որ սա իմն է, ուրեմն՝ իր հետ ինչ ուզեմ, կարող եմ անել: Երբեք ոչինչ պետք չէ քննարկել, ուղղակի պետք է ընդունել: Պատերազմի ժամանակ էլ է այդպես. տղերքը երբ նկատում են, որ իրենց վրա կրակում են, նրանք դա ընդունում են, պատասխան են տալիս, ոչ թե թաքնվում են: Թշնամուն պետք չէ քննարկել՝ այս արեց, այն արեց, միեւնույն է՝ նա իր թշնամությունը պիտի անի: Մենք մեր պատասխանը պիտի քննարկենք:

- Պարոն Ամիրխանյան, իսկ Ձեր կարծիքով՝ մեր պատասխանն այս պատերազմում համարժե՞ք էր:

- Այսօր հայրենասիրության կորուստ եմ զգում մեր երկրում: Ադրբեջանի նպատակն էր նաեւ խառնակություն մտցնել Հայաստանում: Հասարակությունը շատ օտարացած է: Մարդիկ կորցրել են միմյանց հանդեպ կարեկցանքի զգացումը: Իմ պատկերացմամբ՝ մարդ ծնվում է վեհ լինելու, ճախրելու, իր երազանքները իրագործելու համար: Եթե Աստված նրան օժտել է, անպայման կբարձրանա, իսկ ում տրված չէ բարձրանալ, որպեսզի բավարարի իր բարձր լինելու ցանկությունը, պիտի իջեցնի ուրիշներին, որ ինքը բարձր լինի:

Երբ «Свет у тебя в окне» երգս տարածվեց Խորհրդային Միությունում եւ համարվեց տարվա լավագույն երգ, գերմանացիները նույնպես հետաքրքրվեցին դրանով եւ ձայնագրեցին գերմաներեն տարբերակը: Արդյունքում ինձ հրավիրեցին պետական անվտանգության կոմիտե եւ մեղադրեցին հակասովետական երգու համար: Իմ երգի բառերը հայտնի էին բոլորին, գերմաներենին չէի տիրապետում, եւ այդ մեղադրանքները հիմնազուրկ էին, բայց միեւնույն է՝ կենտրոնաձիգ զգացումներ կային դեպի երկրի ամրությունը:

Ռոբերտ Ամիրխանյանը


- Այս հարցը վերջերս հաճախ եմ տալիս՝ հուսալով, որ պատասխաններն իրավիճակը սթափ գնահատելու եւ շտկելու տարբերակներ կհուշեն. այսօրվա Հայաստանում Ձեզ ի՞նչը դուր չի գալիս, ի՞նչն է Ձեզ համար օտար:

- Մենք նման ենք ձեռքի մատների, որոնք առանձին-առանձին ոչինչ են, բայց երբ միավորվում են, բռունցք են դառնում: Հայրենիք ենք կորցրել, պետականության կորուստն արդեն նկատելի է, որովհետեւ յուրաքանչյուրը մտածում է միայն իր շահի մասին: Այսօր պայքար կա առանձին խմբավորումների եւ Հայաստանի պետականության կայացման գործընթացն ազնվորեն կառուցելու սկզբունքի մեջ: Թշնամին էլ օգտվում է դրանից: Ի՞նչ է նշանակում միջանցք Հայաստանով, նշանակում է քանդել երկիրը: Նույնն է, որ հարեւանս ասի՝ իր այգին ուզում է ջրել եւ ջրի խողովակն իմ տան միջով պիտի անցկացնի: Շատ դժվարին ժամանակներ ենք ապրում, պատճառն այն է, որ պառակտվեցինք:

- Արդյո՞ք խորապես գիտակցում ենք, թե ինչ վիճակում է մեր երկիրը եւ ամեն ինչ անում ենք ելքեր գտնելու համար:

- Ելքը միավորվելն է: Յուրաքանչյուր մարդ պետք է իր հետաքրքրությունները մի կողմ դնի եւ հասկանա, որ մենք ավելի մեծ բան ենք կորցնում: Հիմա ուրիշ ժամանակներ են, հետո կխոսենք այլ բաների մասին: Աշխարհում բարեկամներ չկան. ամեն երկիր իր շահերն ունի: Կան բացահայտ թշնամիներ, եւ կան այնպիսիք, որ սպասում են, որ մենք սխալվենք:

Ռոբերտ Ամիրխանյանը


Պատերազմի ժամանակ ապրում էինք Երեւանում՝ Ալավերդյան 1 հասցեում: Մի մեծ միջանցք ունեինք, որի ամեն դռան ետեւում մի ընտանիք էր ապրում: Փոքր սենյակում ապրում էր 4-6 հոգի: Մեր ճաշ եփելու տեղը միջանցքն էր: Հաճախ դուրս էինք գալիս տեսնում, որ ճաշը չկա: Ով ճաշը տարավ, հո չմտածե՞ց, որ մենք սոված ենք մնալու: Այս պայմաններում էլ շարունակում էինք սիրել իրար: Հերիք է որեւէ մարդու ժպտաս, եւ կամուրջ է ստեղծվում ձեր միջեւ: 1946-ի ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգու խեղդված գազաններն Ալավերդյան փողոցով սահում էին դեպի Կոմայգի: Մեր շենքի բոլոր բնակիչները միասնաբար բակի դարպասն էին ամրացնում, որպեսզի ջուրը չլցվի մեր տները: Ուզում եմ հարց տալ, չեմ հասկանում՝ հիմա դուք ճշմարտության կողմնակի՞ց եք, թե՞ միայն դեմ եք ոմանց:

- Հավատո՞ւմ եք, որ դեռ կարող ենք ամուր պետություն ունենալ:

- Մեր ժողովրդին ավելի հատուկ է զգայականությունը, քան վերլուծական մտածողությունը: Մեր վերաբերմունքն ավելի շատ կառուցված է զգացմունքների վրա: Շատ եմ ցավում, որ իրականությունն այսպիսին է, բայց հուսով եմ՝ համակարգվածությունը կխորանա եւ կդառնա մեր պետության ամրացման հիմքերից մեկը: Շատ կուզեի հավաքվեինք գովերգելու մեր միասնությունը, ոչ թե յուրաքանչյուրս՝ մեզ: Երբ մարդ բան է խոսում, դիմացինը գլխով է անում՝ սա է երջանկության մոդելը: Այսինքն՝ նրանց մեջ կա հոգեզրույց: Իսկ մեր կյանքն ի՞նչ է. այն դեպի մյուս մարդը տանող ճանապարհն է:

- Կարո՞ղ եք նկարագրել երգի ծնունդը:

- Այսօր առավոտյան մինչեւ մահճակալից հասա հագնվելու հատվածը, իմ մեջ մեղեդի ծնվեց՝ ինքն իրեն, տեղնուտեղը: Այն անմիջապես գրառեցի: Մի բաց տեղում այդ մեղեդին անպայման ասելու է իր խոսքը: Հիացումն ու հոգու ազատությունը պետք է միանան քո անձին, որպեսզի ստեղծես: Այդ երեք կետերից բաղկացած շարժումն է ընկած մեր ողջ կյանքի հիմքում: Երբ դու ազատության եւ ճախրանքի մեջ ես, հնչյուններն իրենք են գալիս քեզ մոտ: Հաշվարկ չի կարող լինել այն ստեղծագործությունների մեջ, որոնց կյանքը ժամանակով չի չափվում:

Ռոբերտ Ամիրխանյանը


- Երջանի՞կ էիք, երբ գրում էիք «Բալենի», «Երազ իմ երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգերը:

- Մի անգամ Մոսկվայում խոսում էի ծանոթ բանաստեղծի հետ, եւ նա ինձ հեռախոսով բանաստեղծություն թելադրեց: Ապրում էի «Ուկրաինա» հյուրանոցում: Հեռախոսը դրեցի եւ բանաստեղծությունը ձեռքիս վազեցի դաշնամուրի մոտ: Ես համարում եմ, որ երաժշտությունն ապրում է բանաստեղծության լռության եւ բանաստեղծության բառերի արմատների մեջ:

- Ձեր ստեղծագործական կյանքի ընթացքում տեղի ունեցած որեւէ պատմությունը կարո՞ղ եք հիշել:

- Մի անգամ Սանկտ-Պետերբուրգում իմ հեղինակային համերգից հետո մեզ հրավիրեցին հյուրասիրության, որտեղ ինձ մոտեցավ մի անձնավորություն եւ ասաց, որ ուզում է ինձ ցույց տալ իր բանաստեղծությունները: Դեռ այնտեղ կարդալուց զգացի, որ կպչանյութ չկա դրանցում. դեկորացիայի նման էին, գրավչանյութը բացակայում էր: Որոշ ժամանակ անց նամակ ստացա իմ այդ բարեկամուհուց.«Դուք իմ բանաստեղծությունները թողեցիք Լենինգրադում: Ես վիրավորված եմ եւ նորն եմ գրել: Գուցե սա վերցնեք»: Բերանս բաց մնաց այդ բանաստեղծությունից («Вчера еще в глаза глядел»): Անկախ ինձնից՝ վազեցի դեպի դաշնամուրը, եւ հնչեց մեղեդին: Երբ շրջեցի թերթը, մյուս էջում գրված էր՝ Ցվետաեւա: Իմ այդ ծանոթը կատակել էր, ոչ մի դիտավորություն չկար, եւ այդ բանաստեղծության պարագայում սկսվեց ազատ ճախրանքը:

Զրուցեց` Լենա Գեւորգյանը
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին